Եթե չլիներ ապրիլյան պատերազմը՝ Արցախի Հանրապետությունում տնտեսական աճն անհամեմատ մեծ կլիներ՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով 2016-ը:
Նա նշել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները լիովին վերացնելու համար, բացի միջոցներից, նաև ժամանակ է պետք: Այն համայնքներում, որտեղից ստիպված մարդկանց ժամանակավորապես տարհանել են, ռազմական գործողությունների հետևանքները, պետական և բարեգործական միջոցներով, հիմնականում վերացված են: Սակայն կա Թալիշի խնդիրը, գյուղը լուրջ վնասներ է կրել հակառակորդի հրետակոծությունից և վայրագություններից, բնակչությունն առայսօր ապրում է համայնքից դուրս: Այժմ խնդիր է դրված գյուղը կրկին վերականգնել, Թալիշի վերականգնմանը զուգահեռ կավարտվի ապրիլին հակառակորդի ագրեսիվ գործողությունների հետևանքների վերացման գործընթացը:
Զգալի միջոցներ են պետք սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական հետագա զարգացման և քաղպաշտպանության համակարգի բարելավման համար: Ագրեսիայի ուղղակի վնասները կազմում են մի քանի միլիարդ դրամ՝ ներառելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ և քաղաքացիների մասնավոր գույք: Անուղղակի վնասներն էլ ավելի շատ են, որոնք արտացոլվել են թե բնակչության և թե պետբյուջեի եկամուտների նվազման տեսքով: Վարչապետը նշել է, որ տարվա ընթացքում ստիպված են եղել վերանայել պետական բյուջեն, բարեբախտաբար, տնտեսական զարգացման հիմնական մակրոցուցանիշները կարողացել ենք ապահովել և տարին փակում են նախնական շուրջ 9 տոկոս իրական տնտեսական աճով՝ շնորհիվ կոնկրետ ոլորտներում գրանցված բարձր արդյունքների: Եթե չլիներ պատերազմը, աճն անհամեմատ մեծ կլիներ: «Ինչպե՞ս է օգտագործվել և օգտագործվում ապրիլյան պատերազմի օրերին կառավարության հատուկ հաշվեհամարին հավաքագրված գումարը» հարցին Արցախի վարչապետը պատասխանել է. «Մենք, խորհրդակցելով ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ, կառավարության հատուկ հաշվեհամարի միջոցով հավաքագրված գումարն ուղղել և այսօր էլ շարունակում ենք ուղղել առաջնագծի տեխնիկական վերազինմանը, ինժեներական աշխատանքների իրականացմանը և բանակի այլ կարիքներին:
Անցած ամիսներին հսկայական աշխատանք է կատարվել, և իրականում ավելի շատ միջոցներ են ծախսվել, քան նվիրատուների հավաքագրած ավելի քան 5,4 մլրդ դրամը: Ցավոք, պետք է փաստել, որ չնայած մեր հնարավորինս թափանցիկ և հաշվետվողական գործունեությանը, որը, ի դեպ, բազմիցս բարձր է գնահատվել նաև հասարակական-քաղաքական հանրահայտ գործիչների կողմից, վերջին ամիսներին նվիրատվությունները զգալիորեն նվազել են: Բոլորը պետք է հասկանան, որ մենք դադարի ժամանակ չունենք, և եթե ցանկանում ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար ապահովել հարատև խաղաղություն, պետք է արդի չափանիշներին համապատասխան պաշտպանական համակարգ ձևավորենք, ինչի համար խոշոր միջոցներ են հարկավոր: Խնդրի այլ լուծում ես չեմ տեսնում, հատկապես երբ ապրում ենք Ադրբեջանի պես անկանխատեսելի հարևանի կողքին»:
«Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար»
հարցին Արցախի վարչապետը պատասխանել է. «Վերջին համարյա տասը տարիներին մենք ունեցել ենք տարեկան միջինը 8-10 տոկոս տնտեսական աճ: Չնայած ապրիլյան պատերազմին, մեզ հաջողվել է տարին փակել ավելի քան 9 տոկոս իրական տնտեսական աճով: Նույն ցուցանիշը պլանավորել ենք հաջորդ տարվա համար: Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է դիվերսիֆիկացված տնտեսություն ստեղծել. զարգանում է հանքարդյունաբերությունը, հիդրոէներգետիկան, գյուղատնտեսությունը, վերամշակող և թեթև արդյունաբերությունները, զարկ է տրվում շինարարությանը, և, արդյունքում, արդիականացվում են ենթակառուցվածքները: Արցախում տարեցտարի փոխվում է կյանքի որակը: 2017-ի պետական բյուջեն կազմելիս մենք չենք շեղվել մեր հիմնական ռազմավարությունից և շարունակելու ենք տնտեսության զարգացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով արդեն կուտակած փորձն ու գերակա ուղղություններում արձանագրած հաջողությունները: Մեր հիմնական նոր ծրագրերն իրականացվելու են գյուղատնտեսությունում և հիդրոէներգետիկայում, որոնք, գործող այլ ծրագրերի հետ միասին, ապահովելու են տնտեսական աճի նախատեսված տեմպերը:
Ռիսկերին հակակշռող գրավչություն ապահովելու համար մենք ստեղծել ենք հնարավորինս բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսզի հատկապես օտարերկրյա ներդրողները գոնե ներքին ռիսկերի առջև չկանգնեն և կարողանան շահավետ բիզնես ծրագրեր իրագործել Արցախում: Գլխավոր պլանավորվող ցուցանիշը ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճն է, որը կարող է նույնիսկ համեստ հաշվարկ լինել, եթե դրական միտումները պահպանվեն գլոբալ և տարածաշրջանային միջավայրերում: Որպես դրա արդյունք, գրեթե 7 տոկոսով ավելացրել ենք պետբյուջեի ծախսային մասը՝ հասցնելով շուրջ 94,5 մլրդ դրամի»: