Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վադիմ Դուբնով. Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ

Վադիմ Դուբնով. Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ
06.01.2017 | 12:16

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինմանը, ՀԱՊԿ-ի էությանն ու նշանակությանը և Ղարաբաղյան հակամարտությանը:


Ինչո՞վ է պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը հարցին Վադիմ Դուբնովը պատասխանել է, որ ի սկզբանե պարզ էին պատճառները, թե ինչու Մոսկվան չի ցանկանում այդ պաշտոնում նշանակել հայ զինվորականի, և անպայման մի բան կմտածի: Դավադրության տեսության որոշ կողմնակիցներ ենթադրում էին, որ Լուկաշենկոյի հետ պայմանավորվածություն է եղել այդ հարցով և այդ ամենը խաղարկվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ զինվորականի նշանակումը ձախողելու նպատակով, բայց Դուբնովը չի կարծում, որ այդպես է եղել: Նրա կարծիքով՝ Մոսկվայում ինչ-որ դրական բան գտան Լուկաշենկոյի դեմարշի մեջ և հաճույքով օգտվեցին: Բորդյուժայի հայտարարությունը, որում նա արտաբերեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը գյուղական մակարդակի ինտրիգ էր, հայկական կողմին հաճոյանալու փորձ:

Դուբնովը համարում է, որ դա բնորոշ պատմություն է այս խնդրի համար, որովհետև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու կողմնակիցները փորձում են չմեկնաբանել դա, իսկ Ռուսաստանի հետ խոր ինտեգրման հակառակորդները հայտնվեցին երկակի վիճակում, քանի որ, մի կողմից, ընդհանրապես դեմ են ՀԱՊԿ-ին, մյուս կողմից՝ շատ են նեղացել, որ ՀԱՊԿ-ում հայի չեն նշանակել: Այդ հակասականությունը բնորոշ է Հայաստանի ընդդիմության այդ հատվածին:
Փաստը չի՞ ազդի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, եթե կա, երբ անդամ-պետություններից մի քանիսն ունեն տրամագծորեն հակադիր շահեր և չեն կարողանում համաձայնության գալ տարրական հարցի շուրջ: Ինչպե՞ս է շարունակելու կազմակերպությունը գործունեությունը՝ որպես հավաքական անվտանգության համակարգ հարցերին Վադիմ Դուբնովը պատասխանել է, որ կշարունակեն հետևել անչափ հետաքրքրաշարժ մրցավազքի, թե ո՞րն է ավելի անիմաստ, ՀԱՊԿ-ը, թե՞ ԵվրԱզԷս-ը: Այդ մրցավազքը շատ երկար է տևելու ու շատ հետաքրքիր լինելու՝ անկանխատեսելի արդյունքներով: Նա համարում է, որ Մոսկվային ձեռնտու է հնարավորինս շատ պահել Սեմերիկովին գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կարգավիճակում, նրա վերջնական նշանակումը ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում կլինի ռոտացիայի սկզբունքի խախտման չափազանց ճչացող փաստ, իսկ պաշտոնակատարը շատ ավելի հարմար է:

Մյուս կողմից՝ Մոսկվան հնարավորինս կձգձգի հայաստանցի ներկայացուցչի նշանակումը: Եթե պետք լինի՝ Հայաստանի ղեկավարությանը կտան անհրաժեշտ բացատրություններ, հայկական կողմը կհասկանա և կբավարարվի, և դա այնքան էլ դժվար չէ, որովհետև Հայաստանի իշխանությունը հեշտությամբ կհասկանա, իսկ ընդդիմությունը հեշտությամբ կսովորի ծաղրել: Նա համարում է կատարվածը եռակողմ գավառական ինտրիգ՝ գավառական թատրոնի սյուժեով: Ադրբեջանին առայժմ տվեցին ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում հայ զինվորականին չնշանակելու բոնուս, Երևանին ինչ-որ չափով փոխհատուցեցին Բորդյուժայի արտասովոր հայտարարությամբ, որը բացարձակապես որևէ ռիսկի չէր դիմում, քանի որ հեռանում էր պաշտոնից, և Բորդյուժայի հայտարարությունը իր հեռանալու փաթեթի մի մասն էր: Ադրբեջանն ընդհանրապես կապ չունի: Դա փոքրիկ սփոփանք էր Հայաստանին ՀԱՊԿ-ի պաշտոնը չստանալու համար:


Ո՞րն է Հայաստանի նշանակությունը կամ դերը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում՝ Հայաստանը օգնում է Մոսկվային պահպանել ՀԱՊԿ-ի հեղինակությունը կամ կարգավորել հարաբերությունները մյուս երկրների հետ հարցին Վադիմ Դուբնովը պատասխանել է. «Չեմ կարծում, թե Հայաստանը օգնում է Մոսկվային կարգավորել ինչ-որ հարաբերություններ: Ցավոք, Հայաստանին տրված չէ միջնորդի դեր կամ մասնակցի, որի լիազորությունները դուրս են գալիս սեփական երկրի սահմաններից: Բայց կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը բոլոր այդ կազմակերպություններին բացարձակապես պարտադիր է և սկզբունքային, որովհետև եթե Հայաստանը չլինի այդ կառույցներում, դա սկանդալ կլինի»: Ինչպե՞ս պիտի գործի Երևանը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի՝ իր շահերն առաջ տանելու իմաստով: Դուբնովը կարծում է, որ ամենաճիշտը կլինի, որ Երևանը գիտակցի իրականությունը և հրաժարվի պատրանքներից: Սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպից հետո միակ սփոփիչ փաստը գուցե այն էր, որ Երևանը սկսեց ավելի քիչ պատրանքներ տածել Ռուսաստանի մասնակցության և աջակցության մասին, քան ապրիլին էր:


«ՀԱՊԿ-ը, իսկ իրականում Մոսկվան, ճի՞շտ է՝ հասցեական գնահատական չտվեց, բայց հայտարարեց, որ դրանք սադրիչ գործողություններ են ՀՀ տարածքում» հարցին Վադիմ Դուբնովը պատասխանել է. «Դա հայ զինվորականի չնշանակման, Բորդյուժայի հեռանալու և այլնի միևնույն փաթեթի մի մասն էր: Չեմ կարծում, որ արժի այդ բառերը ընդունել՝ որպես գործողություն: Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ իր հակամարտության մեջ, եթե, իհարկե, խիստ ճակատագրական ինչ-որ բան տեղի չունենա Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, օրինակ՝ Ադրբեջանը պատահաբար ռուսական ինքնաթիռ խփի կամ նման մի բան լինի: Միակ բանը, որ կարող է իրեն թույլ տալ Երևանը այս իրավիճակում, ավելորդ պատրանքներ չտածելն է և դա իր բնակչությանը ադեկվատ ձևով բացատրելը, և ի դեպ, հայ հանրությունը այնքան էլ հակված չի հավատալու այդ պատրանքներին»:

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ