Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում շարունակվում են վերականգնման աշխատանքները: Ըստ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայ ճարտարապետ Իրինա Բադալյանի վերջին զեկուցագրի` այժմ կառույցի կմախքն է ամրացվում տիտանե խարիսխներով, իսկ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն գարնան վերջին:
«Հյուսիսային տարածքի բոլոր նախատեսված խարիսխները արդեն ամրացված են, բոլորն էլ տիտանիումից են: Խարիսխները տարբեր տեսակի են՝ սյուների քարերի ամրացման համար օգտագործվել են տիտանիումի ձողեր երկու տարբեր հաստությունների: Կան խարիսխներ, որ կողքերից են կապում քարերը շաղախին: Ավարտված է տիտանե ցանցերի ամրացումը ներքին շարվածքին, որը վերականգնված է և ամրացված հատուկ շաղախի ներարկման միջոցով: Այդ ցանցերին կապվելու են հանված և վերամշակված կամարատակ քարե պանելները: Կոմնինոսը օգտագործել է կապարե և երկաթե խարիսխներ: Երկաթե խարիսխները ամբողջովին ժանգոտել և դուրս են եկել շարքից: Բարձր խոնավության պայմաններում նաև կապարը իրեն շատ վատ է ցուցաբերել»,- ասացին պատրիարքարանից: Նրանց փոխանցմամբ, մատուռի սյուները, նաև կառույցի մյուս մասերն ուղղահայաց դիրքի բերելու համար հեռացված է նրանց կապող շաղախը, և ուղղահայաց նոր դիրքում նրանց ֆիքսում են տարբեր տեսակի հենակները և լծակները, իսկ այժմ՝ նաև խարիսխները. «Հաջորդ փուլում իրենց տեղն են վերադարձվելու բոլոր հանված և մշակված քարերը: Թեև քարերի դիրքը ուղղված է, նրանք որոշ չափով շարժական են: Բացակայող քարերը վերադարձնելուց հետո, քարերի դիրքը նորից կճշտվի և վերջնականապես կամրապնդվի շաղախով:
Շաղախը ունի արագ ամրանալու հատկություն: Շաղախը ներառվելու է բոլոր արանքների մեջ խողովակների և հղող մեքենայի օգնությամբ: Այնուհետև հեռացվելու են բոլոր պահող օժանդակ հարմարանքները և անգլիացիների մետաղական ամրացումը, խոնավության պարճառով անպետքության եկած»:
Ըստ պատրիարքարանի` վերնահարկում մաքրված են բոլոր քարերը, գմբեթի սվաղը ու կապարե թերթիկները: Վերականգնված է մաքրման արդյունքում բացահայտված որմնանկարը: Ըստ տ. Մորոպուլուի զեկույցի, այս նախշազարդի տակ բացահայտվել է ավելի հին նախշազարդ, որ լիովին վերականգնված է: Այժմ Մատուռի վերին մասում հեռացվում է հին սվաղը նորով փոխարինելու համար: Գմբեթի փայտե կմախքի մշակումը դեռ չի սկսվել:
«Հյուսիսային ճակատի պատերի մեջ հորատված հորերի մեջ արդեն սկսել են մտցնել տիտանե խարիսխները: Փորձարկումների միջոցով որոշված է այսպիսի ամրացման դիմադրողականության ուժը՝ 3000 կգ յուրաքանչյուր խարիսխի վրա: Հարավային ճակատի տարածքում կամարների տակ, որտեղից հանվել են ճակատի քարերը, ներքին շարվածքին խարիսխների միջոցով ամրացված են մետաղական ցանցեր, որոնց վրա կապվելու են հանված և մաքրված քարերը: Կամարի մեջ ցանցը դեռ չի ամրացված, և դեռևս մերկացված է Ս. Ժայռը»,- հայտնեցին պատրիարքարանից:
Հայոց պատրիարքարանը, ինչպես մյուս երկու եկեղեցիները՝ հունականը և ֆրանցիսկյան կուսակրոնը (Հռոմի պապի պատվիրակներն են) ունեն իրենց մասնագետ ներկայացուցիչները, որ հետևում են աշխատանքների ընթացքին և ներկայացնում են իրենց եկեղեցիներին շաբաթական զեկուցագրեր:
Տիրոջ գերեզմանի վերականգնման աշխատանքները սկսվել են մայիսի կեսերից` հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների համաձայնությամբ: Նախնական գնահատմամբ, ծախսվելու է 3 մլն եվրո: