ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի «գետային» բանավեճը

Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի «գետային» բանավեճը
28.01.2017 | 20:30

Նախօրեին Սերժ Սարգսյանը պատկերավոր էր անդրադարձել ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու փաստին: «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում»,-ասել էր նախագահը: Ինձ անձամբ դուր չի գալիս, երբ քաղաքական գործիչներն իրենց խոսքը կառուցում են քաղաքական բանաձևերից դուրս, բայց սա ճաշակի հարց է, ինչպես նաև այն, որ առնվազն վիճելի է «մայր գետի» կարգավիճակ տալ կուսակցությանը, որը, գոնե հանրային գիտակցության մեջ, ամեն բան պղտորելու հատկություն ունի:

Հովիկ Աբրահամյանը, թերևս, առայժմ չունի սեփական քաղաքական բառապաշար, իսկ գուցե համարձակություն և իր նախկին շեֆին պատասխանել է նույն ոճով: «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչև ոչնչանալը հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»-ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը:


Նախ, Արգամիչը խիստ գերագնահատել է իր հնարավորությունները: Քաղաքակիրթ աշխարհում, որտեղ գործում է ընտրությունների ինստիտուտը, քաղաքական գործչի հզորությունը հանրային վստահությունն է: Մեր տիպի երկրներում` ռեալ իշխանությունը: Իր խնամի Գագիկ Ծառուկյանի ոչ վաղ անցյալի փորձն Աբրահամյանին պետք է հուշեր, որ Հայաստանում միայն փողը ոչինչ է, եթե չունես «բամփելու» ռեսուրս: Այս իմաստով, տեղին է համեմատությունը ոչ թե առվակի, այլ ճահճի հետ` մի քանի բնակավայրի համար հումանիտար աղետի հետևանքով: Այդ «մեկ-երկու բնակավայրը», թերևս, գիտակցել են Աբրահամյանի «էկոլոգիական» կարգավիճակը ու չեն շտապում օգտվել նրա «սնուցումից»:
Ինքնին հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումն ուղղված է առավելապես Կարեն Կարապետյանի դեմ, ով նրան փոխարինեց իշխանության զույգ պաշտոններում:

«Տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը» արտահայտությունը հասցեագրված է հենց Կարապետյանին, ով, եթե որոշի այլաբանորեն պատասխանել Հովիկ Աբրահամյանին, ապա պետք է հիշի աղվեսին (գուցե՝ մկնիկին), ում դունչը խաղողին չհասավ: Մեդվեդևի ականջն էլ կանչի:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ