Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ, զինվորներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Պատարագից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` Հայոց բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ ի դեմս նրանց շնորհավորելով հրամանատարներին ու զինվորներին: Այնուհետև եկեղեցական թափորով Վեհափառ Հայրապետը և նախարարն առաջնորդվեցին Մայր Տաճար: Թափորի առջևից գնդերեցները կրում էին Հայոց բանակի` պահապան հռչակված Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ մասունքակիր խաչը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դրոշը:
Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին: Կոնդակի ընթերցումից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ժամանակ առ Աստված միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի բարօրության, Հայոց քաջարի բանակի անսասանության և հայրենյաց սահմանների անառիկության համար:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ կատարվեց նաև պարգևաբաշխություն: