«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Մահը սովորական մի բան է, չապրելն է, ավա՜ղ, սարսափելի»

«Մահը սովորական մի բան է, չապրելն է, ավա՜ղ, սարսափելի»
31.01.2017 | 11:35

Կարդում ես «Խոհական» վերնագրով բանաստեղծությունը և խորապես ընկալում մարդու ֆիզիկական մեծագույն կորստի հարուցած տառապանքը. բանավեճ է մեծն Լեոնարդո դա Վինչիի հետ: Հենց առաջին տողում հոգու ճիչ է` «Ես համաձայն չե՛մ, Լեոնա՛րդո», բայց երկրորդ տողում արդեն թեական համաձայնություն է: Ֆիզիկական կորստի պատճառած տառապանքն այնքան անմխիթարելի է, որ թվում է՝ հարկ է համաձայնել հանճարի դաժան գնահատականի հետ, քանզի անհերքելի ճշմարտություններ կան դրանում: Հեղինակը խորապես ընկալում է կյանքի հրաշքը, հմայքը, գեղեցկությունը և ի տրիտուր վայելելու մեծագույն հաճույքը: Դաժան է հանճարի բանաձևումը, թերևս համահունչ իր դարաշրջանի հասարակական մտածողությանը, բարոյահոգեբանական մթնոլորտին, տեխնիկական հնարավորություններին:


Աբրահամ Ծատուրյանը խորապես ընկալելով ֆիզիկական մեծագույն կորստի ողջ դառնությունը, ինքն էլ ցավագնորեն թվարկում է մարդու համար այնքա՜ն թանկ, այնքա՜ն բնական զգացողությունների, վայելքների, տեսողության բացակայության պարագայում, անընկալունակությունը, դա ընդգծում նաև մեծն Հյուգոյի նույնքան ցավագին տողերով` Ժան Վալժանի բանտված կյանքը ասոցացնելով չտեսնող մարդու, ըստ Լեոնարդոյի, բանտված զգացողությունների` կյանքի հետ.


Մահը սովորական մի բան է,
Չապրելն է, ավա՜ղ, սարսափելի:
Հեղինակը դառնորեն բանավիճելով ինքն իր հետ, Լեոնարդոյի, Հյուգոյի հետ, ի վերջո լուսավոր փաստարկ է հնչեցնում.
«Մահվան քույր» դու մի անվանիր,
չէ՞ որ հոգուդ լույսն է ճառագել:
Այո՛, այսօր հոգու պայծառ լույսի ճառագումով ներշնչված են ապրում, աշխատում, ստեղծագործում, զավակներ դաստիարակում կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Ալբերտ Մուշեղյանը, Երջանիկ Գևորգյանը, Արցախի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը, չտեսնողների համար բրայլյան համակարգով տպագրվող ամսագրի գլխավոր խմբագիր Թելման Բոյաջյանը, նույն ամսագրի խմբագիր, «Իրատեսի» թղթակից Աբրահամ Ծատուրյանը, շա՜տ շատերը:
Ահա մեծագույն տառապանքով գրված բանաստեղծություն-բանավեճը` բարի, խոհուն, լուսավոր աչքերով կարդացեք և ջերմությամբ, խորին հարգանքով խորհեք հոգու պայծառ լույսով ապրող, ստեղծագործող մարդկանց մասին.


Լեոնա՛րդո, ես համաձայն չեմ,
Բայց կարծես դու ճիշտ ես բարբառել.
Չսուզվել կնոջ աչքերի անհունը,
Չտենչալ կնոջ աչքերի բոցը`
Չմոխրանալ սիրո անշեջ հրով,
Չպարուրել հոգիդ խանդավառ
Մանկան երջանկավետ ժպիտով,
Չհրճվել հանճարիդ արվեստով,
Չվայելել բնության հրաշքը`
Արևի, աստղերի ցոլանքը,
Ծառ ու ծաղկի գունեղ զարթոնքը,
Թռչունների զվարթ ճախրանքը,
Ծովերի ալեկոծ ծփանքը,
Լեռների երկնային սլացքը`
Ասել է թե... պարզապես չապրել.
Եվ Ժան Վալժանն էլ նույնն է ասել`
«Մահը սովորական մի բան է,
չապրելն է, ավա՜ղ, սարսափելի»...
Բայց «Մահվան քույր» դու մի անվանիր,
Չէ՞ որ հոգուս լույսն է ճառագել.
Ես համաձայն չեմ, Լեոնա՛րդո,
Բայց կարծես դու ճիշտ ես բարբառել...


Այո՛, հոգու պայծառ լույսով է ապրում, ստեղծագործում Աբրահամ Ծատուրյանը: «Իրատես de facto» թերթի նվիրյալ թղթակիցը» հոդվածում (16. 05. 2014.) անդրադարձել եմ Ծատուրյանի հայրենաշունչ, հայաշունչ, քաղաքացիական պատասխանատվությամբ գրված 18 հոդվածներից մի քանիսին, հայրենասիրական, խոհական մի քանի բանաստեղծությունների: Վերջերս կազմել եմ Ծատուրյանի 32 հոդվածների և 17 բանաստեղծությունների ժողովածուն: Թերթում եմ այն և հրճվանք ապրում` ստեղծագործողի հոգու լույսն է ճառագում հոդվածների էջերից, բանաստեղծությունների տողերից, և հպարտանում եմ, որ մարդը կարողանում է հաղթահարել, վեր բարձրանալ իր տառապանքից և հոգու լույսով ապրել ու ստեղծագործել:
Բանաստեղծություններից մի քանիսը որբ ու տխուր մանկության արձագանք են, երբեմն լավատեսական ավարտով. ահա կենսագրական հուզիչ մի բանաստեղծություն.


Երա՞զ, թե՞ պատրանք
Այսքան տխրություն շատ չէ՞ր, Տե՛ր Աստված,
Ոթեցիր հոգիս դեռ մանուկ օրից,
Ես ի՞նչ եմ արել, որ անխղճորեն
Զրկեցիր մորից, հորից ու լույսից.
Խարխափում էի Քերթի ճամփեքին`
Որբ ու անխնամ և ոտաբոբիկ,
Ինչպե՞ս ապրեցի այդ խավարի մեջ
Եվ չվերջացավ իմ կյանքի ուղին`
Ես էլ չգիտե՜մ, ես էլ չգիտե՜մ.
Բայց երբ ոտք դրի հայրենի հողին,
Ասես ճառագեց իմ կյանքի ուղին,
Օ՜, ի՜նչ հրաշք էր` դպրոց ու գրքեր,
Ընկերներ խոհուն և ուսման կարոտ,
Տխրության ժխտում, և՛ սեր, և՛ խոհեր,
Վազվզում էինք և ֆուտբոլ խաղում`
Մոռացման տալով ցավը մեր հոգու.
Անհոգ մանկություն, կյանքի նոր ուղի`
Երա՞զ, թե՞ պատրանք` որն է իրական...


Հոգու անմար լույսով են շաղախված նաև հայրենասիրական, խոհական, նվիրումի բանաստեղծությունները. դստերը ձոնված «Խոհ հիացումի» բանաստեղծությունը այնքա՜ն պայծառ է հնչում...

Խոհ հիացումի
(նվիրում եմ դստերս` Անահիտին)

Առաջին անգամ, երբ գրկեցի քեզ,
Գրկեցի բուրող բարուրդ, դո՛ւստրս,
Հոգիս հրճվալից` «կանգ առ, ակնթարթ,
Որքա՜ն գեղեցիկ ես ու անմոռաց».
Խորհեցի մի պահ` արարիչ եմ ես,
Բայց երբ տեսա, թե ինչպես է գգվում
Մայրը սիրազեղ իր ժիր մանկիկին,
Այնժամ հասկացա` նա է արարիչը.
Ծլվլում էիր օրորոցիդ մեջ,
Որպես մի մանուկ անմեղ, սիրասուն,
Որ ճռվողում է ու գեղգեղում:
Ծաղկում էր մանկիկն իմ անուշիկ,
Թոթովախոս քայլում ու ծիծաղում,
Իսկ ես շորիկի օձիքից բռնած,
Որ վստահ անցնի քայլերն առաջին:
Թռչնակի ձայնով քաղցրաբանում էր,
Օ՜, ի՜նչ հրճվանք է, օ՜, ի՜նչ հիացում,
Երբ շուրջբոլորդ մանկիկդ է խայտում,
Երբ շուրջբոլորդ մանկիկդ է թոթովում,
Բարբառում ահա նորանոր բառեր,
Բառեր ու խոսքեր` մանկական լեզվով`
Հոգիդ լցնելով անանց քաղցրությամբ.
Օ՜, երանելի ժամեր ու օրեր,
Որ մոռացնում եք ամեն հոգս ու վիշտ.
Երջանիկ է նա, ով շտապում է տուն`
Գրկելու թոթով մանկիկին անուշ,
Լսելու նրա դայլայլը քնքուշ.
Երջանիկ պահեր` մանկան հրճվանքով,
Մանկան ծիծաղով, մանկան խայտանքով.
Օ՜, դուք անմոռաց ժամեր ու օրեր,
Որ ջերմացնում եք կյանքը անցողիկ:

«Տիեզերական առեղծված», «Կինը երազ է» խոհափիլիսոփայական, «Ո՞Ւր էիր, Աստված» հայրենաշունչ, հայաշունչ բանաստեղծությունները (տպագրված «Իրատես de facto» թերթի նվիրյալ թղթակիցը» հոդվածում), մանկական գողտրիկ բանաստեղծությունները` «Փոքրիկ տղա»` գրված հայոց էպոսի պատումով, «Դու գիրք կարդա» ¥տպագրված «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում¤ նույնպես պայծառ մտքի, հոգու լույսի հաղթանակ են:
ՈՒշադիր թերթում եմ ժողովածուն. կարդում եմ «Խիղճը պետք է լինի հասարակական կյանքի զարգացման նախահիմքը» խոհապատմաճանաչողական հրաշալի հոդվածը. թերևս չեմ հանդիպել այսպիսի ուշագրավ մարդասիրական հարցադրման. անարդար, անիրավ մարդկությանը սթափեցնող հոդվածի նախաբանը շատ ինքնատիպ է հնչում.
«Մարդկության պատմության հազարամյակներում որևէ պետական-քաղաքական գործիչ չի փորձել ժողովրդին կառավարելու գլխավոր գործիք դարձնել խիղճը. եթե հնարավոր լիներ Աստծուն հարցնել` «կարելի՞ է մարդկանց կառավարել խղճի գործոնով», ապա նա կպատասխաներ. «Ես հենց դա էի առաջարկել մարդկանց իմ որդու միջոցով, բայց կառավարիչներից ոչ մեկը այն չկիրառեց»: Հոդվածագիրն ընդգծում է` ցավոք, Հայաստանում էլ այն չկիրառվեց, և հասարակական կյանքը, պետական քաղաքականությունն ընթացան սխալ, վտանգավոր ճանապարհով: Հոդվածն ավարտվում է հուզիչ տողերով` «Օ՜, Տե՛ր, նորից ուղարկիր որդուդ քո ստեղծած հրաշք մոլորակը, որ այստեղ իշխի միայն խիղճը»:


«Վատ հայեր մի փնտրեք, հիացեք լավերով»` ավելի հայրենաշունչ, հայաշունչ վերնագիր-հարցադրում դժվար էր երևակայել: Այո՛, հոդվածագիրը արժանիորեն հպարտանում է մեծագույն հայորդիներով` Նժդեհով, Մոնթեով, Ազգալդյանով, Վազգենով, Դեմիրճյանով. ի դեպ, Դեմիրճյանի մասին գրված «Երբևէ կհասկանաք, թե ինչ է արել Դեմիրճյանը ձեզ համար» հոդվածի վերնագիրը շատ ճշմարտացիորեն, ազգային ու պետական մտածողությամբ է ձևակերպված:


«Ճանաչել զիմաստություն և զխրատ» հոդվածը հայրենասիրական կոչ է՝ ուղղված լրագրողներին` ստեղծել «Գիրք ճանաչողության» համահավաք ժսղովածու, որ անարդար, անիրավ աշխարհն իմանա, թե որքան մեծ է հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:


Ինչպես այս, այնպես էլ նրա բոլոր հոդվածներում փոթորկվում է հայրենաշունչ ազնիվ քննադատությունը, և պատահական չէ, որ նա իր հոդվածներից մեկի վերջաբանում հնչեցնում է մարդու ազնիվ մտածողության գնահատականը` «քննադատել նշանակում է տառապել»:
«Ճանաչենք և մեծարենք իրական սրբերին»` ինչպիսի՜ նրբանկատ, անմիջական արձագանք «Ավրորա Մարդիգանյան» մրցանակաբաշխությանը` համահայկական, համամարդկային միջոցառմանը:


«Երկչոտ քաղաքականությունը ազգային անվտանգության երաշխիք չէ». հոդվածագիրը անխնա քննադատության է ենթարկում 1920-ական թթ. և ներկա ղեկավարների երկչոտ, անհեռատես, կամազուրկ, ոչ դիվանագիտական, ոչ հայանպաստ գործելակերպը, որն էլ հանգեցրել է այսօրվա ոչ նախանձելի պետական, ազգային անվտանգությանը:
«Հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»` լրջագույն մեղադրանք ներկա իշխանություններին, որոնք չսթափվեցին անցած 25 տարում, 17 տարում, 8 տարում, և ապրիլյան ցավալի իրադարձությունները դարձան այդ ամենի տխուր վկայությունը:
«Հայրենիքը սիրելը քիչ է, այն պետք է պաշտել». լինելով հայրենապաշտ, հոդվածագիրը կոչ է անում դղյակներ, եկեղեցիներ կառուցելու փոխարեն ֆինանսական սուղ միջոցները ծախսել արդյունավետ, հզորացնել, ծաղկեցնել հայրենիքը, Արցախը, որ ի վերջո երաշխավորվի ազգային ու պետական անվտանգությունը, և երկիրը վերջապես դուրս գա 28-ամյա խրամատային ամենօրյա պատերազմական վիճակից:


Ահա այսպես, Աբրահամ Ծատուրյանի յուրաքանչյուր հոդված տոգորված է պետական, ազգային, հասարակական ազնիվ, հայրենասիրական մտածողությամբ:
Թող քո հոգու լույսը միշտ պայծառ շողա և ներշնչի քեզ ապրելու և ստեղծագործելու կորով, սիրելի՛ հայրիկ:
Հայրենակիցներ, ճանաչեք, բարի, խոհուն, պայծառ աչքերով նայեք հոգու լույսով ապրող, ստեղծագործող, կյանքի դժվարությունները տոկունությամբ, կամքի մեծ ուժով հաղթահարող հայորդիներին, հայ դուստրերին` այդ պարագայում ավելի պայծառ կշողա նրանց հոգու լույսը:


Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ