«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
«Իմ գործը չէ, չեմ ուզում ասել, բայց ով աշխատում է Սեյրան Օհանյանի տեքստերի իմիջի հետ, թող իրենք մտածեն, բայց Facebook-ում տեսել եք բազմաթիվ մեկնաբանություններ, որ այս դարաշրջանում այդպիսի երկար տեքստերով չի կարելի խոսել. կարելի է խոսել, բայց արդյունավե՞տ է դա, թե չէ՞…»,- ասել է Արմեն Աշոտյանը: Հարցին՝ համամի՞տ է Սեյրան Օհանյանի դիտարկմանը՝ եթե Հայաստանում ընտրություններով փոփոխություն չլինի, անխուսափելի է դառնալու արյունոտ հեղափոխությունը, Աշոտյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ Հայաստանը երբեք իրեն չպետք է թույլ տա նոր Մարտի 1, կարծում եմ, այդ դասերը սերտել են բոլորը, առաջին հերթին Սեյրան Օհանյանը պետք է սերտած լիներ»: Աշոտյանը շեշտել է՝ շանտաժների լեզվով խոսելը քաղաքական մշակույթի և հասունության մասին չի խոսում:
«Ընտրության գործընթացը կապել բացառապես քաղաքական ուժի փոփոխությունների հետ ու դա դարձնել դոմինանտ, կարծում եմ, շանտաժ է»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը: