Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 200 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում՝ ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից արձակել է 15 արկ, որից 9-ը՝ ականանետերից, 6-ը՝ նռնականետերից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: