Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգևորականները երկու տարբեր հանդիպումներ են անցկացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայկական հիմնադրամների առաջնորդներից, ազդեցիկ հայերից, որոնց մեջ եղել է նաև հայ կին պատգամավոր Սելինա Դողանը, հավաքվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներից մեկում, միևնույն ժամանակ գաղտնի հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Այս վերջին խումբը հանդիպման վերջում արձանագրություն էր ստորագրել, որտեղ նշվել էր, որ եպիսկոպոս Մաշալյանն ու արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնության են եկել ու պատրիարքի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 28-ին, իսկ մինչ այդ փոխպատրիարքի պաշտոնում շարունակելու է մնալ արք. Արամ Աթեշյանը։
Այս հանդիպումն ու հանդիպման արձանագրությունը խիստ վրդովեցրել են դրսում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին։ Կրքերն այնքան են թեժացել, որ սկսվել է հրմշտոց ու վիրավորանքներ, որի պատճառով դեպքի վայր են կանչվել ոստիկաններ։ Հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Թորոս Ալջանը հայտարարել է, թե չի ճանաչում ընդունված արձանագրությունը, քանի որ այն հրեշավոր քայլ է, իրավական առումով` անթույլատրելի։ Հայ կին պատգամավոր Սելինա Դողանը ևս բողոքել է ընդունված արձանագրությունից՝ հայտնելով, թե այն երկու կողմի միջև հաշտության պայմանագիր է, սակայն խնդրի հիմնարար լուծում չէ և դրանով Աթեշյանը շարունակելու է ղեկավարել պատրիարքարանը։
Ստամբուլահայ հիմնադրամների համերաշխության միության փոխնախագահ Հարություն Շանլըն էլ շեշտել է, որ եթե չունեն պատրիարք, ուրեմն չի կարող լինել փոխպատրիարք և Աթեշյանը պարտավոր է անմիջապես հրաժարական տալ։ Նա արձանագրությունն անվանել է արք. Աթեշյանին փրկելու գործողություն։
Արձանագրության մեջ հիշատակվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգևոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից 15- հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։ «Փետրվարի 20-ին տեղապահն ու հանձնաժողովը պատրիարքի ընտրության հետ կապված նամակ են գրելու ու հանձնեն նահանգապետարան։ Մինչ ընտրությունները արք. Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։ Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին»,- նշվել է արձանագրության մեջ, որը ստորագրել են ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները։
Օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարականի գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք. Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով՝ նա խոչընդոտում է պատրիարքի ընտրությունները։