Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Դավիթ Հարությունյան. Չեմ պլանավորում իմ աշխատանքը ԱԺ- ում

Դավիթ Հարությունյան. Չեմ պլանավորում իմ աշխատանքը ԱԺ- ում
17.02.2017 | 19:28

ՀՀԿ ԳՄ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգրկված չէ իշխող քաղաքական ուժի համապետական ցուցակում, թեև նախորդ խորհրդարանական ընտրություններին նա իշխող կուսակցության ցուցակում 13-րդն էր, 7 տարի ղեկավարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։ «Ազգային ժողով անցնելը թե ոչ, այս հարցը քննարկվել է նաև կուսակցության ղեկավարի հետ: Չեմ պլանավորում իմ աշխատանքը Ազգային ժողովում»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Հարությունյանը: Հարցին՝ կմնա՞ գործադիրում նաև ընտրություններից հետո, արձագանքեց. «Ընտրություններից հետո՝ կախված նրանից, թե որ կուսակցությունը հաղթի»: ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, նրա խոսքով՝ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի: Անդրադառնալով իրեն Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու մասին լուրերին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Դա պրակտիկորեն անհնար է: Ավելին՝ ես նման ցանկություն չունեմ»:

Պատասխանելով հարցին, թե ինչու կառավարության անդամների մեծամասնության անունները նույնպես համապետական ցուցակում չկան՝ նա ասաց, թե որոշում է եղել կառավարության միայն երեք անդամների ընդգրկել կուսակցության ցուցակում:
ՀՀԿ-ն կառավարության կազմից առաջադրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որ գլխավորում է ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։ Համապետական ցուցակում չկա նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունը։


Հարությունյանն ասաց, թե ապրիլի 2-ից հետո պարզ կդառնա՝ մրցունա՞կ է, թե՞ ոչ ՀՀԿ-ի ցուցակը: Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու նոր որակի խորհրդարան ունենալու խոստումներից հետո իշխող կուսակցության ցուցակում հայտնվել են թեկնածուներ, որոնք խորհրդարանում 5 տարվա ընթացքում ելույթներ գրեթե չեն ունեցել, հարցեր չեն տվել, կամ ներքաշվել են սկանդալային տարբեր միջադեպերում։ ՀՀԿ ցուցակում են ընդգրկված, օրինակ, պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, Արտակ Սարգսյանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունները: «Ցավոք սրտի, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները: Բայց միաժամանակ, ավելի լավ լուծում, ինչպես գիտեք, այս պահին մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունն է: Չերչիլի խոսքն է, եթե չեմ սխալվում, ասաց՝ ամենավատ կառավարման ձևն է, չհաշված մյուս բոլորը: Այնպես որ, ժողովուրդը պետք է ընտրի: Եթե ժողովուրդը ընտրի, ես կարծում եմ, հենց ձեզ համար արդեն ավելի կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, այլ ոչ թե ձեր անձնական կարծիքը այս կամ այն թեկնածուի վերաբերյալ: Եվ բոլոր փորձերը աղավաղելու՝ սա այսպիսին է, մականունավոր է և այլն… Ժողովուրդն է տալու այդ հարցերի պատասխանը»:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ