Լեռնային Ղարաբաղում ընթացող հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ Մարտակերտում ասաց Արգենտինայից ժամանած դիտորդ Բրենդա Օստինը։ «Այսօր ես եղա Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի մի շարք ընտրատեղամասերում։ Կարող եմ ասել, որ Ղարաբաղում ընթացող ընտրությունները շատ նման են հենց Արգենտինայի կամ Հարավային Ամերիկայի մյուս երկրների ընտրություններին։ Ինձ հատկապես զարմացրեց կազմակերպվածությունը։ Բոլորը գիտեին, թե ով ինչ պետք է անի»,- ասաց Օստինը։ Նա նշեց, որ ինքը ծանոթ է Սահմանադրության նոր տարբերակին. «Կարծում եմ՝ այս հանրաքվեով լիովին արտացոլվում է ժողովրդի ձայնը»։
Բրենդա Օստինն Արցախում առաջին անգամ է, նրան դուր են եկել գեղեցիկ տեսարաններն ու ժողովուրդը. «Այստեղ բոլորը շատ հյուրասեր են, և որտեղ եղանք, ես նկատեցի, որ ժողովուրդը շատ լավ գիտի իր պատմությունը, որ ուղեկցում է նրանց նաև այսօր»։ Հարցին, թե չի՞ վախենում Արցախ այցելելուց հետո հայտնվել Բաքվի սև ցուցակում, նա ասաց՝ ոչ. «Սև ցուցակն անհրաժեշտ է իրենց, կարծում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհից այցելեն այստեղ ու տեսնեն, որ ամեն ինչ լավ է ու հանդարտ։ Ես չեմ վախենում սև ցուցակից, որովհետև թուլության նշան է։ Ադրբեջանը ուժ չունենալու պատճառով է կազմում նման սև ցուցակ։ Բացի այդ, ես այստեղ չեմ եկել ասելու՝ Արցախն անկախ է, թե ոչ, չեմ եկել խոսելու քաղաքականության մասին։ Եկել եմ դիտարկելու մարդու իրավունքների պաշտպանությունը և այս առումով ամեն ինչ կարգին է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների տեսանկյունից շատ մտահոգ է ապրիլին տեղի ունեցած իրադարձություններով։ «Արգենտինայի համար ամենակարևորը այստեղի բնակչության, մարդու իրավունքների պաշտպանությունն է նաև»,- ամփոփեց նա՝ նշելով, որ մեծ սիրով էլի կայցելի Արցախ։