Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’էսպերոնան և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը: ԱԺ նախագահն ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես ուրախ են ընդունելու ֆրանսիացի բարեկամներին: «Մեզ համար փետրվարի 20-ը հիշարժան օր է. 29 տարի առաջ այս օրը մենք ազատության դրոշ ենք բարձրացրել և առաջին քայլը կատարել դեպի ժողովրդավարություն: Այդ ողջ ընթացում մեր ֆրանսիացի բարեկամները եղել են մեր կողքին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ժորժ Կոլոմբիեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն եղել են որոշ ընտրատեղամասերում և գոհ են հանրաքվեի ընթացքից: Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին՝ Ժորժ Կոլոմբիեն հետաքրքրվել է ակնկալվող արդյունքներով: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեներին մասնակցելու փորձ ունի և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ակնկալվում է մասնակցության բարձր աստիճան: Խորհրդարանի նախագահը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նախաձեռնությունից մինչև հանրաքվե և մանրամասն անդրադարձել Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: