Եթե իրավիճակի լիցքաթափմանը չօգնեց անգամ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա հորդոր-նախատինքը, ապա Արարատի մարզում իրավիճակն իսկապես լուրջ է` անվերահսկելիության մեծ պոտենցիալով:
Ըստ ամենայնի, մի կողմից` ՀՀԿ-ն ներկայացրել է աններդաշնակ ռեյտինգային ցուցակ, որում ընդգրկվածներն ավելի շատ աշխատում են միմյանց դեմ, քան` կուսակցության օգտին, մյուս կողմից` արդյունավետ հակաքայլ չի գտնվել Հովիկ Աբրահամյանի ռեսուրսին:
Համենայն դեպս, երեկ այս մարզում տեղի է ունեցել հերթական միջադեպը, որն արդեն ոչ թե ներհանրապետական գզվռտոց է, այլ` ՀՀԿ-ԲՀԿ բախում:
Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասել է, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է:
Այս պատմության մեջ ուշագրավ է երեք հանգամանք:
Նախ, ըստ էության, ներկլանային գզվռտոցին տրվում է ակնհայտ քաղաքական երանգավորում, ինչը, բնականաբար, ազդելու է ընտրությունների միջազգային գնահատման վրա:
Երկրորդը` իրար քաշքշել են ոչ թե «ինչ-որ ջահելներ», այլ դանակահարվել է պատգամավորության թեկնածու, ինչը կարող է ստվերել ընտրական ողջ կամպանիայի լեգիտիմությունը:
Եվ երրորդը` այնքան մեծ է անվստահությունն ընտրական գործընթացի, իրավապահ համակարգի հանդեպ, որ ԱԺ թվաքանակով երկրորդ խմբակցության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է, հնչեցնում է լուրջ մեղադրանք` մինչև իրավապահներն առաջ կքաշեն ինչ-որ վարկածներ:
Այստեղ խնդիրը ոչ Նաիրա Զոհրաբյանն է, ոչ էլ` նրա խոսքի օբյեկտիվությունը, այլ այն քրեական միջավայրը, որն ուղեկցում է այս ընտրությունները, որոնք ավանսով «օրինակելի» են հռչակվել, ընդ որում, ոչ միայն հայաստանյան ամբիոններից:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ