Euronews-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացահայտել իր ապագա քաղաքական ծրագրերը, բայց նաև որևէ ակնարկ չի արել 2018-ից հետո քաղաքականությունը լքելու մասին: Սարգսյանը բացահատել է այն պատճառը, թե ինչու չի գլխավորում ՀՀԿ համամասնական ցուցակը:
«Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք վարչական ռեսուրս: Դա նաև նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորել իրենց քաղաքականության մեջ»,-ասել է նա:
Հակված չեմ կարծելու, թե իր պատասխանի մեջ Սերժ Սարգսյանը լրիվ անկեղծ է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նա ասել է այն «ճշնարտությունը», որը հաճո է եվրոպացիների ականջին:
Եթե խնդիրը վարչական ռեսուրսի օգտագործման կանխումն է, ապա նույն տրամաբանությամբ ՀՀԿ ցուցակը չէր գլխավորի ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև ցուցակի առաջատար տեղերում չէին հայտնվի ևս երկու նախարարներ: Էլ չասած այն մասին, որ ՀՀԿ քարոզչության գլխավոր դեմքը լինելու է Կարեն Կարապետյանը, և, որքան իրազեկ եմ, վարչապետն ու երեք նախարարներն ընտրարշավը համատեղելու են իրենց պարտականությունների կատարման հետ: Բացի այդ, ՀՀԿ-ն, միևնույն է, ասոցացվում է Սերժ Սարգսյանի անձի հետ, ու նախագահի ասածն անխոցելի կլիներ, եթե նույն հարցազրույցում նա խոսեր քաղաքականությունից կամ առնվազն ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին: ՀՀԿ ցուցակն իսկապես երիտասարդացած է, բայց հիմնականում` ֆորմալ առումով, որովհետև քվեներ բերելու են վարչապետի հմայքն
ու ռեյտինգայինների փողերը:
Մյուս կողմից, այդ ո՞ր օրվանից է ընդդիմության կարծիքն այդքան արԺեքավոր դարձել Հայաստանի իշխանությունների համար:
Ըստ իս, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակում չէ մեկ այլ պատճառով. նա ցանկացել է «արբիտրի» կարգավիճակում մնալ ներկուսակցական խմբավորումների պայքարում: Դա կմեծացնի Սարգսյանի մանևրելու հնարավորությունը` իշխանության վերարտադրության կամ փոխանցման բարդ գործընթացում:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ