Վազգենից հետո եկածները ծառայեցին միայն փողին, հարստությանն ու ճոխությանը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Այն ժամանակվա նախարարներն այսօրվանը չեն. շատ դժվար կյանք էր: Անընդհատ անքնություն, տեղ էր ման գալիս, որ հասցներ մի 5 րոպե աչքը կպցներ: Անընդհատ վեճերի մեջ, սեփական կյանքը ռիսկի ենթարկելով ծառայում էր արդարությանը: Փորձում էր իր իմացած արդարությունն առաջ տանել: Դժբախտաբար, իրենցից հետո եկածները ծառայեցին միայն փողին, հարստությանը, ճոխությանն ու որ հազար տարի էլ ապրեն` Վազգենի կես օրը չեն ապրի»,- ասաց Արամ Սարգսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսվո՞ւմ է հոկտեմբերի 27-ի բացահայտում: «Չէի ուզենա Վազգենի ծննդյան օրը խոսել հոկտեմբերի 27-ից: Ինձ համար այսօր ուրախության օր է: Հոկտեմբերի 27-ին ես նույնիսկ տուն էլ չեմ գնում, որովհետև չգիտեմ` ինչ ասել տնեցիներին: Չէի ուզենա նաև Վազգենի ծննդյան օրը վերածել քաղաքական ակցիայի ու դրանով դիվիդենդներ հավաքել, խոսել ծրագրերից, բայց ես Վազգենի հարազատ եղբայրն եմ ու այդ խնդիրը մեր ընտանիքի յուրաքանչյուր մարդունն է: Միանշանակ է այս բանը և նաև մենք այս առումով նոր բան ենք առաջարկել, առաջարկությունը եկել է Էդմոն Մարուքյանից, որը միջազգային պրակտիկա է ու կոչվում է ճշմարտության հանձնաժողով: Այն պետք է հետաքննի ոչ միայն հոկտեմբերի 27-ը, այլև մարտի 1-ը, այլև Խորխոռունու սպանությունը, Արծրուն Մարգարյանի սպանությունը, լիքը նման բաներ կան այդ տարիներին տեղի ունեցած, որոնք մինչև վերջ այդպես էլ չբացահայտվեցին»,- ամփոփեց Արամ Սարգսյանը: