ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռոբերտ Քոչարյանը գնո՞ւմ է, թե՞ գալիս է

Ռոբերտ Քոչարյանը գնո՞ւմ է, թե՞ գալիս է
07.03.2017 | 10:02

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհարց պատասխան է տվել, որ նաև իրավիճակի գնահատական է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ:


Շարունակում եմ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային (տարածքային) քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները: Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին:

Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»:


Այսքանը: Մի քանի տողով Ռոբերտ Քոչարյանը փորձել է լուծել մի քանի խնդիր:
1. Նախ հիշեցնել, որ ինքը կա և անտարբեր չէ, թե շուրջբոլորն ինչ է կատարվում:
2. Հիշեցնել նաև, որ տարաձայնություններ ունի Սերժ Սարգսյանի հետ՝ համաձայն չէր խորհրդարանական կառավարման անցնելուն (տարօրինակ կլիներ, որ երկրորդ նախագահը դեմ լիներ նախագահական կառավարմանը) և համաձայն չէ Ընտրական օրենսգրքին: Նրա քննադատությունը միանգամայն տեղին է, եթե հաշվից դուրս է գրվում նրա պաշտոնավարման տասնամյակում տեղի ունեցած ու հենց իրեն իշխանության բերած ընտրությունների կազմակերպական ու գաղափարական պատմությունը ու Ռոբերտ Քոչարյանը համարվում է անկախ փորձագետ, որ ժամանակ առ ժամանակ իր տեսակետն է հայտնում ընթացիկ գործընթացների մասին՝ առանց քաղաքական ենթատեքստի:
3. Մեծամասնականը գերակշռում է համամասնականին, թե ոչ, ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները արդեն հասցրել են սկանդալային պատմությունների մեջ ընկնել և դեռ չընտրված խորհրդարանի համար օրակարգային դարձնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
4. Գաղափարական պայքարի բացակայությունից բողոքող երկրորդ նախագահը փաստացի փորձում է ընտրություններում անտեսել քիչ, բայց գոյություն ունեցող քաղաքական ուժերին, որ ստեղծել են ոչ նպատակային ու ոչ իրադարձային, այլ հենց գաղափարական միություն՝ ի տարբերություն մի խնդրի համար ձևավորված դաշինքների, նույնիսկ եթե այդ խնդիրը իշխանափոխությունն է:
5. Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ փորձում է իրենից սահմանազատել ՕՐՕ դաշինքը, որի ղեկավարները ևս մշտապես ժխտել են իր հետ կապը, բայց կան ժխտումներ, որ դառնում են հաստատում: Ոչ միայն Սամվել Բաբայանն է կապող օղակը, այլև ՕՐՕ-ի ֆինանսական միջոցները, որ ոչ իր խոսքով՝ վարձով ապրող Սեյրան Օհանյանին, ոչ ամբողջ կյանքում աշխատավարձով ապրած Վարդան Օսկանյանին են հասու, որ Րաֆֆի Հովհանիսյանին տարան հենց նրանց հետ դաշինքի: Չստացվեց այն, ինչ ծրագրված էր, հենց այդ պատճառով հեռացավ Վիկտոր Դալլաքյանը: Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում իր անձով հարվածի տակ դնել դաշինքին և հիանալի հասկանում է, որ ՕՐՕ-ն ոչ միայն չունի իր վերադարձի քաղաքական հենարան դառնալու շանս, այլև կարող է յոթ տոկոսը չհաղթահարել ու չի ցանկանում իր անունը պարտության հետ կապել: Նա հայտարարում է, որ ընտրությունների նկատմամբ կորցրել է հետաքրքրությունը:
6. ՈՒ ոչ միայն կորցրել է հետաքրքրությունը, այլև բացարձակապես պատասխանատվություն չի կրում «ձայների աճուրդում» պարտվածների ու հաղթածների համար: Նա հերթական անգամ ինքնահաստատվում է անկախ արբիտրի դերում, որ ապահովում է տեսակետների ազատություն:
7. Հեռանո՞ւմ է երկրորդ նախագահը քաղաքականությունից, թե՞ դիրքավորվում է: Ամենայն հավանականությամբ՝ դիրքավորվում է՝ փորձելով համոզել, որ խորապես հիասթափված է և անիմաստ է համարում վերադառնալ այնտեղ, ուր իր կարիքը չկա: ՈՒ այս դեպքում ևս նա ճիշտ է: Ռոբերտ Քոչարյանը փորձելու է անփորձ քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանից ու փորձառու, բայց քաղաքականության մեջ անհաջողակ Վարդան Օսկանյանից խաղը տեղափոխել վարչապետ Կարեն Կարապետյանի վրա, որ ոչ միայն ամենաբարձր վարկանիշ ունեցողն է, այլև 2018-ին կարող է խրամատի տարբեր կողմերում հայտնվել Սերժ Սարգսյանի հետ: Երկրորդ նախագահը հետաձգում է իր միջամտության պահը: Մինչև հիմա Սերժ Սարգսյանին հաջողվել է փակել դռները, որտեղից քաղաքականություն կարող էր վերադառնալ իր նախորդը, բայց խաղը դեռ չի ավարտվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համարե՞լ, որ խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ասաց եզրափակիչ խոսքը: Ոչ: ՕՐՕ դաշինքը պիտի ձգտի գոնե այն պլատֆորմը ստեղծել, որ հաջորդ ընտրություններում հաջողության կբերի, իսկ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը հիանալի զբաղմունք ունի՝ Արցախում սահմանադրական փոփոխություններով ուժեղ նախագահական իշխանություն է հաստատվում, ինչո՞ւ չվերադառնալ հայրենիք: Որովհետև Սամվել Բաբայանը ձախողվե՞ց ու նրա փոխարեն Հայկ Խանումյա՞նը ծեծվեց, դա դեռ ոչինչ չի նշանակում: Առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու հատկապես Մոսկվան ցանկանում են Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ: Ռևանշի դաշտ է բացվում՝ Արցախի հարցով, եթե Մոսկվան թույլ տա, իսկ եթե ոչ, համենայն դեպս նախագահ ավելի զիլ է հնչում, քան նախկին նախագահ: Առավել ևս, որ Արցախի Հանրապետությունը չճանաչված պետություն է, որ կարող է վաղը, մյուս օրը ճանաչվել:

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ