ՕՐՕ դաշինքն ընտրողների հետ հանդիպումներ է անցկացրել Կոտայքի մարզում:
Հրազդանում հանրահավաքի իր ելույթում Սեյրան Օհանյանը քննադատեց իշխանություններին:
Դիմելով հրապարակ եկած հարյուրավոր մարդկանց՝ նա բերեց Վրաստանի օրինակը. «Ես ուզում եմ մեզ համեմատել հարևան Վրաստանի հետ: Չափազանց կոռումպացված, կիսագողական անձնակազմով, կառավարման թույլ ղեկավարման, տնտեսական զարգացման ոչ մի պլան չունեցող երկիր էր: Սաակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, և այդ կտրուկ և կոշտ բարեփոխումները իրենց արդյունքը տվեցին: Գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, պետական համակարգը առաջատար չափանիշներով սկսեց ղեկավարվել: Եվ տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով, տնտեսությունը սկսեց զարգանալ: Մենք մեր հարևան Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում, որովհետև մեզ էլ են պետք կտրուկ և կոշտ բարեփոխումներ: Դրանից հետո Վրաստանում արդար ընտրություններ եղան: Արդար ընտրությունների արդյունքում փոխվեց իշխանությունը, Սաակաշվիլին իր տեղը զիջեց, եկան նոր ուժեր, որոնք նորից ապահովում են երկրի զարգացումը: Հայաստանի Հանրապետությանը նույնպես կտրուկ և կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ: Բայց միայն միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ նոր որակի տնտեսական համագործակցությամբ: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք ավելի նոր որակի: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կարգ ու կանոն հաստատելու և արդարություն ամրապնդելու Հայաստանում: Մենք այսօր միասին պատրաստ ենք իրական քայլերով, իրական արդյունքներով ջախջախենք այն հուսալքության, խուսախաբության մթնոլորտը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում»,- դիմելով հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց՝ ասաց Սեյրան Օհանյանը:
Հանրահավաքից հետո նա այցելեց Հրազդանում «Ելք» դաշինքից առաջադրված թեկնածու, իր մարտական ընկեր Սասուն Միքայելյանի շտաբ, բայց նա շտաբում չէր:
Սասուն Միքայելյանին և «Ելք» դաշինքը նա մրցակից չի համարում, ասաց, որ հանդիպումներ է ունեցել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Օհանյանը չբացառեց հետընտրական կոալիցիոն համագործակցությունը այս դաշինքի հետ: