«Ով ում վրա է կրակել- չի կրակել, կորոշի հետաքննության մարմինը, և համոզված եմ, որ ցանկացած օրինախախտ օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ջրառատի միջադեպին։
Նա պնդում է՝ պետք է պարզել՝ ՀՀԿ-ականներն են կրակե՞լ, թե՞ ոչ։
«Օրինակ՝ երեկ Ալավերդիում էլ մեր ՀՀԿ-ի կողմնակցին կենցաղային վեճի ժամանակ դանակահարել են, ի՞նչ, ես հիմա ասեմ, որ դա եղել է քաղաքակա՞ն։ Պետք չէ ամեն ինչը կապել քաղաքականության հետ, եթե այդպես են անում, ուրեմն ՀՀԿ-ն պետք է կանգնի հայտարարի, որ ընդդիմությո՞ւնն է արել, քաղաքական ենթատե՞քստ է եղել»,- նշեց նա։
ՀՀԿ խոսնակը շետեց՝ քաղաքական բոլոր իր գործընկերներին կոչ է անում ոստիկանության, իրավապահ մարմինների ֆունկցիան չվերցնել իրենց վրա։
«Հետաքննությունը կպարզի` կենցաղայի՞ն վեճ է, թե՞ քաղաքական, հանցագործությունը քաղաքական և կուսակցական պատկանելություն չունի, բերեք զերծ մնանք, հեռու մնանք քաղաքական գնահատականներից, կա իրավապահ մարմին, եթե կտեսնենք, որ իրավապահ մարմինները համապատասխան գնահատական չեն տալիս և իրենց գործառույթները չեն կատարում, այն ժամանակ, միգուցե, կարիքը կլինի քաղաքական գնահատականներ տալու, բայց ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրի իրավապահ մարմինները շատ հստակ, պարզ ամեն ինչ կքննեն ու ամեն ինչ կլինի հրապարակային»,- նշեց ՀՀԿ խոսնակը։
Էդուարդ Շարմազանովը բոլոր կողմերին զսպվածության կոչ արեց. «Դատապարտում եմ ցանկացած օրինախախտում իմ երկրում և կրկնում եմ՝ օրինախախտումները կուսակցական ու քաղաքական պատկանելություն չեն ունենում՝ անկախ նրանից՝ ով ում բարեկամն է, ով է, ինչ է, քննությունը կպարզի, կորոշի, իսկ քաղաքական դերակատարներին խնդրում եմ, որ ուրիշի հաշվին իրենց ռեյտինգը չփորձեն բարձրացնել։ ՀՀԿ-ին հարյուր տարի պետք չի քաղաքական որևէ խնդիր, առաջինը մենք ենք դեմ, էդ ի՞նչ պիտի անեն որ, միտինգ են անում, թող գնան անեն, ո՞վ է գնում, դրանց միտինգին 50 հոգուց ավել մարդ չկա, ի՞նչն է ՀՀԿ-ին անհանգստացնում, ի՞նչ պրոբլեմ ունենք, որ պիտի գնանք, գուցե միջանձնային խնդի՞ր է եղել, պետք չի ամեն ինչ քաղաքականացնել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։