Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պարբերաբար պնդում է, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Կոլերովը և՛ անկեղծ է, և՛ ոչ: Նայած, թե ինչ ենք հասկանում «խառնվել» արտահայտության տակ: Եթե ոմանք նկատի ունեն, որ Մոսկվայում անվանապես «հաստատվում» են Հայաստանի խորհրդարանի կամ կառավարության կազմերը, ապա Կոլերովը միանգամայն ճիշտ է: Մյուս կողմից, Ռուսաստանը կայսրություն է ու չի կարող անտարբեր հետևել, թե ինչ է կատարվում մի երկրում, որն անմիջականորեն գտնվում է իր շահերի և ազդեցության տիրույթում: Ռուսներն ուզում են, որ Հայաստանում լինի կառավարման այնպիսի համակարգ, որը կանխատեսելի լինի իրենց համար, և առնվազն հարվածի տակ չդրվեն Մոսկվայի շահերը:
Պատահական չէ, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման այսօր քննարկվել է Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանում առաջին խորհրդարանական ընտրությունները բարեհաջող կանցնեն: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ նրանց ներկայիս հանդիպումն անցկացվում է երկրի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստության ֆոնին: «Այդ ամենը կապված է նաև սահմանադրական բարեփոխման հետ: Գործընթացը, ըստ երևույթին, հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի իր զարգացման այս փուլը»,- ասել է ՌԴ նախագահը:
Կասկածից վեր է, որ պաշտոնական այս տեղեկատվությունը Հայաստանում քննարկվելու է էպոտաժային հարթության մեջ: Հանրապետականները մատուցելու են, որ «շեֆը» ստացավ Պուտինի «դաբրոն»` «խեղճացնելով» ընդդիմախոսներին,
ընդդիմության մի մասն անիծելու է իր չար բախտը, որ «ռուսական դաբրոյի» տերն ինքը չէ: Եվ վերջապես, քաղաքական ուժերի երրորդ խումբը խոսելու է Հայաստանի ինքնիշխանության անվերադարձ կորստի մասին: Զավեշտալին այն է, որ բոլորը ճիշտ են և միաժամանակ` մակերեսային ու պրիմիտիվ:
Ռուսական գործոնը մի ժամանակ ոգևորում էր հասարակությանը, հիմա արժանանում է վերջինիս կատարյալ անտարբերությանը: Մարդկանց համար մեկ է` ինչ կասի Պուտինը. նրանք սպասում են, թե ինչքան են «մուծվելու» ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ