«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Իրականում ընտրություն է կատարվում վարչապետի թեկնածուների միջև

Իրականում ընտրություն է կատարվում վարչապետի թեկնածուների միջև
17.03.2017 | 02:12

Պաշտոնական քարոզարշավի մեկ երրորդն արդեն անցյալում է։ Եվ բնական է, որ քաղաքական, լրագրողական շրջանակները որոշակի եզրակացություններ են անում՝ գնահատելով այս կամ այն ուժի հնարավորությունները, ինչպես նաև քարոզչության արդյունավետությունը։ Ընտրարշավից առաջ էլ հասկանալի էր, որ, այնուամենայնիվ, ընտրական պայքարը երկու հարթությունում է ընթանալու. մեկում մրցելու են ընտրարշավի ֆավորիտները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը, երկրորդում՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք ոչիշխանական հարթությունում են։
Ի սկզբանե հասկանալի է՝ իրականությունն այն է, որ եթե ֆորս մաժորներ չլինեն, երկրորդ հարթակում գտնվող քաղաքական ուժերը պայքարելու են երրորդ տեղի համար։ Նախընտրական քարոզարշավի անցած օրերը ցույց տվեցին, որ նշված կանխատեսումները բավականին մոտ են ճշմարտությանը, և մինչ օրս հրապարակված սոցիոլոգիական հարցումներն էլ, համենայն դեպս, հենց դա էլ նախանշում են։ Բավականին հետաքրքիր իրավիճակ է արձանագրվում ըստ սոցիոլոգիական հարցումների։ Փաստացի եթե վերցնում ենք կուսակցությունների վարկանիշը, չհաշված ռեյտինգայինների գործոնը, որոշակի (միջինը 3-5 տոկոս) առավելություն ունի «Ծառուկյան» դաշինքը։ Սակայն երբ համեմատության մեջ են դրվում այդ ուժերի առաջնորդները, հանրապետական կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդը՝ փոփոխությունների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը, որը նույնիսկ ՀՀԿ համամասնական ցուցակում չկա, բայց որի վրա հիմնված է ՀՀԿ ամբողջ քարոզարշավը, զգալիորեն առաջ է։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը և նրան վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացող մարդկանց քանակը մոտ 4 անգամ ավելի է ՀՀԿ-ի վարկանիշից։


Այժմ արդեն կարելի է որոշակի եզրակացություններ անել քաղաքական ուժերի մարտավարության շուրջ։ Մասնավորապես, հանրապետականների առաջին խնդիրը եղել է քարոզարշավը տանել այնպիսի ուղղությամբ, այնպիսի գործիքներ օգտագործել, որպեսզի քարոզարշավի ընթացքում ավելի շատ խոսք լինի ապագայի, «Հանրապետականի» փոփոխությունների, հանրապետականների փոխվելու և երկիրը փոխելու մտադրության մասին։ ՀՀԿ-ն, փաստորեն, ուղերձ է հղում հանրությանը, որ գիծ է քաշում անցյալի և ներկայի միջև։ Փորձ է արվում լավատեսական տրամադրություններ ստեղծել և հնարավորին չափ խոսել անցյալի մասին՝ ստվերում թողնելով նախորդ տարիների հաշվետվության թեման։ Այդ նպատակով օգտագործվում են լավատեսական երաժշտական հոլովակներ, էկրաններից կորել են բոլոր այն օդիոզ դեմքերը, որոնք մինչև վերջերս ասոցացվում էին ՀՀԿ-ի հետ, և քարոզարշավային հիմնական բեռը վարչապետի ու ժամանակ առ ժամանակ երևացող երիտասարդ, համեմատաբար նոր գործիչների վրա է։ «Հանրապետականին» կարծես թե հաջողվում է իր առաջին խնդիրը լուծել։ Հանրությունն ավելի շատ քննարկում, կասկածի տակ է դնում կամ հավանության է արժանացնում ապագայի ծրագրերը, գուցե թերահավատություն է ցուցաբերում, բայց ավելի շատ խոսում է ապագայի մասին։ Ո՞վ է մեղավոր ներկայի համար, որտե՞ղ է արված գործի հաշվետվությունը. նման հարցերը կարծես մոռացվել են։ Եվ ըստ էության հանրապետականներին հաջողվել է իրենց պլան Ա-ն իրականացնել, լավատեսական տրամադրություններ ստեղծել, այդ թվում նաև՝ գրագետ արշավի, PR-ի և վերջապես գլխավոր ֆեյսի՝ Կարեն Կարապետյանի ակտիվ գործունեության շնորհիվ։


Սոցիոլոգիական տվյալները հրապարակելուց հետո, երբ պարզվեց, որ վարչապետի վարկանիշը մոտ 4 անգամ գերազանցում է ՀՀԿ-ի ընդհանուր վարկանիշը, հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ականների գերխնդիրը դարձավ ընտրությունները քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության հարթակից տեղափոխել վարչապետի թեկնածուների միջև մրցակցության հարթություն։ Եվ քանի որ սոցհարցումներն ու հասարակական վերաբերմունքն էլ Կարեն Կարապետյանի նկատմամբ վկայում են, որ հանրությունը հստակ անձնավորված ընտրություն է կատարում ոչ այնքան քաղաքական ուժերի, որքան վարչապետի թեկնածուների միջև՝ աչքի տակ ունենալով իրենց վարչապետի թեկնածուի ակնհայտ առավելությունները, բնական է՝ հանրապետականները ընտրությունների մարտավարությունը պետք է փորձեն տեղավորել այդ հարթության մեջ։


Այսուհետև ոչ այնքան ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք մրցակցություն պետք է լինի, որքան պայքարը պետք է ընթանա վարչապետի թեկնածուների միջև։ ՀՀԿ-ի պարագայում հասկանալի է, որ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է. դեռևս նոյեմբերից սկսած՝ երաշխավորված է նրա վարչապետ լինելը, եթե հանրապետականները հաջողության հասնեն։ Այդ տեսակետից շատ ավելի համեստ է հանդես գալիս «Ծառուկյան» դաշինքը, որն ուղղակիորեն իր վարչապետի թեկնածուի վրա շեշտադրում չի կատարում։ Ընդամենը ենթադրվում է, որ դա Ծառուկյանն է։ Ըստ ամենայնի, «Ծառուկյան» դաշինքը հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանը ընկալվում է որպես բարերար, պատգամավոր, սպորտի կազմակերպիչ, խոշոր գործարար և այլն, բայց բոլորը հասկանում են, որ որպես վարչապետացու կարծես թե չի նայվում, ինչպես ժամանակին չէր ընկալվում որպես նախագահի թեկնածու։ Այս պարագայում ակնհայտորեն զիջում է դիրքերը գործող վարչապետին։ Վարկանիշի առումով «Ծառուկյան» դաշինքին ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, զիջող ՀՀԿ-ն պետք է գործող վարչապետի շատ բարձր ռեյտինգը ցանկացած գնով կոնվերտացնի, վերածի ՀՀԿ վարկանիշի։
Հանրապետական կուսակցության երրորդ խնդիրն այն է, որ ըստ էության հանրությանը պետք է հասցնի այն թեզը, թե բոլոր հարցումներն արվել են առանց ռեյտինգային համակարգը հաշվի առնելու։ Իսկ վարկանիշային համակարգում, հաշվի առնելով ֆինանսական, կազմակերպչական և վարչական ռեսուրսները, հանրապետականների հնարավորությունները շատ ավելի բարձր են։ Եվ ռեյտինգայինները կարող են շատ բարձր ցուցանիշներ ապահովել։

Իսկ ցանկացած թիվ, որ գալիս է վարկանիշային թեկնածուներից, ըստ էության լցնում է կուսակցության պահեստը։ Այսինքն՝ «Հանրապետականը» հանրությանը պետք է պատրաստի, որ ռեյտինգային թեկնածուների աշխատանքի արդյունքում թվերն էապես կարող են տարբերվել հօգուտ ՀՀԿ-ի։ Պետք է պատրաստի, որ ընտրություններից հետո հանրության շրջանում անակնկալներ առանձնապես չլինեն, և մարդիկ չզարմանան, թե ինչպես ամեն ինչ փոխվեց։ Թեև մինչև քարոզարշավի ավարտը առնվազն 2-3 սոցիոլոգիական հարցում կիրականացվի, առավել ևս, որ առաջին սոցհարցումներն արված էին մինչև քարոզարշավի սկիզբը։ Նշված խնդիրները ՀՀԿ-ն փորձում է փուլ առ փուլ լուծել։
«Ծառուկյան» դաշինքը, հաշվի առնելով իր ավանդական ընտրազանգվածը, որը գրեթե բոլոր առումներով էապես տարբերվում է Կարեն Կարապետյանի ընտրազանգվածից, փորձում է արշավը տանել իր ընտրողների մակարդակով՝ առանց շատ մեծ տեխնոլոգիական նորությունների, հին գործիքներով, որոնք այս պարագայում բավականին արդյունավետ են, քանի որ այդ ընտրազանգվածն իր հետ մեծ և նոր ձևաչափերով շփվելու կարիք առանձնապես չունի։ Այս դաշինքում հիմնական դերակատարը Գագիկ Ծառուկյանն է, ում ուսերին էլ ծառացած է ընտրարշավի հիմնական ծանրությունը։


Ֆորմալ առումով «Ծառուկյան» դաշինքը համարվում է ոչիշխանական, սակայն, այնուամենայնիվ, վերջին օրերին այս ուժի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ (Նաիրա Զոհրաբյան, Տիգրան ՈՒրիխանյան) գրեթե միաժամանակ սկսեցին հայտարարել, որ «Ծառուկյան» դաշինքը ապագայում ոչ մի պայմանով կոալիցիա չի կազմելու «Հանրապետականի» հետ։ Նման ելույթները պայմանավորված են նրանով, որ հանրության մեջ որոշակի տրամադրվածություններ, կասկածներ են նկատվում ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև փոխադարձ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Եվ պատահական չէ, որ փորձագետներն անընդհատ հայտարարում են, որ դեռևս առաջին օրերին երկու առաջատար կուսակցությունները բավականին զուսպ են միմյանց նկատմամբ, կոռեկտ են արտահայտվում, և նույնիսկ գործը հասավ նրան, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին պաշտպանեց ցուցարարների մոտ՝ կոչ անելով հանդիպումը չքաղաքականացնել։ Իհարկե, սա անեկդոտի վերածվեց, սակայն բավականին խոսուն փաստ է, ինչը հանրության մեջ կասկածների տեղիք է տալիս։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են չեզոքացնել նման խոսակցությունները։
Մյուս 7 քաղաքական ուժերը փորձում են գոնե ապահովագրել իրենց տեղը խորհրդարանում։ Եվ նրանց ջանքերը հիմնականում դրան են ուղղված։ Եթե նույնիսկ սոցիոլոգիական հարցումների արձանագրած թվերով առաջնորդվենք, զգացվում է, որ պայքարն անցողիկ շեմերի շուրջ է, ու կարծես թե ոչ մի ուժ դեռևս դա էլ չի ապահովագրել։ Տարբեր գնահատականներ կան, թե այս պահի դրությամբ քանի քաղաքական ուժ խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի։ Այսօրվա կանխատեսումներով օրենսդիր մարմնում կարող են ներկայացվել 4-6 ուժ։ Իհարկե, սա շատ նախնական կանխատեսում է։ Դեռևս քարոզարշավի երկու երրորդն առջևում է։ Եվ այս ընթացքը կարող է ինչ-որ սրբագրումներ անել ներկա իրավիճակում, փոխել դասավորվածությունը ինչպես առաջատարների, այնպես էլ այն ուժերի միջև, որոնք պայքարում են իրենց տեղը խորհրդարանում ունենալու համար։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ