ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը փակուղի է մտել

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը փակուղի է մտել
18.03.2017 | 01:10

Նախօրեին պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: «Ակօսը» հաղորդում է, որ ընտրությունների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց պարտված թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանի պաշտոնական գրությունը, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել: «Փաստորեն, թուրքական պատկան մարմինները, հայտնելով, թե չեն ընդունում նոր պատրիարքի ընտրության գործընթացում առաջին քայլը համարվող տեղապահի ընտրությունը, փորձում են միջամտել հայ համայնքի ներքին գործերին»՝ գրում է «Ակօսը»:


Պատրիարքի ընտրությունները նախապատրաստելու համար ձևավորվելիք նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեպուհ Ասլանգիլը «Ակօս»-ին տված հարցազրույցում ասել է, թե նահանգապետարանը իրավասու չէ միջամտել ընտրական գործընթացին: «Այդ գրությունը ամբողջությամբ անօրինական է: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը միայն հայկական համայնքին է պատկանում»,- ասել է Ասլանգիլը:
Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորները ևս արձագանքել են սկանդալային զարգացումներին: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանն ու Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը «Ակօս»-ին փոխանցել են իրենց վրդովմունքը` հայտնելով, որ պատրիարքի ընտրության գործընթացին պետական միջամտությունը անընդունելի և անօրինական է:
Ստեղծված խառնաշփոթը բողոքի ալիք ու բազմաթիվ հարցեր է բարձրացել հայ համայնքում: Ստամբուլահայերը տարակուսած են. եթե պետությունը չէր ընդունելու տեղապահի ընտրությունը, ինչո՞ւ ավելի շուտ չի հայտնել իր դիրքորոշման մասին:


Տեղապահի ընտրության նպատակով պատրիարքարանում հրավիրված ժողովը մեկնարկել է ժամը 15-ին, իսկ նշյալ գրությունը, «Ակօս»-ի հաղորդմամբ, նահանգապետարանից ստացվել է 13:47-ին, այսինքն՝ քվեարկությունից առաջ: Սակայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է, երբ պարզ է դարձել, որ ինքը պարտվել է: Նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ մոտ օրերս Արամ Աթեշյանը, հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը և այլ հոգևորականներ այցելելու են Ստամբուլի նահանգապետարան՝ պարզաբանելու խնդիրը, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին:


Արքեպիսկոպոս Բեքչյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը համոզված են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը Արամ Աթեշյանի հրաժարականն է: Միայն այդ պարագայում ընտրված տեղապահը կարող է ստանձնել լիազորությունները և սկսել նոր պատրիարքի ընտրության նախապատրաստման գործընթացը:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ