«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քարոզարշավ. օր տասնչորսերորդ. ՀՀԿ-ի կոնֆետի «քաղցրությունը»

Քարոզարշավ. օր տասնչորսերորդ. ՀՀԿ-ի կոնֆետի «քաղցրությունը»
19.03.2017 | 14:18

Կոնֆետը սննդամթե՞րք է, թե՞ քարոզչական նյութ: ԿԸՀ-ն երեկ համարեց, որ ՀՀԿ նշանով կոնֆետները քարոզչական նյութ են, այլ խոսքով, եթե մենք օգտվենք դրանցից, ապա չի ենթադրվի, որ մեզ կաշառել են: Բայց մյուս կուսակցությունները թող չոգևորվեն, որովհետև նրանց կոնֆետները գուցե սննդամթերք համարվեն, այսինքն` ընտրակաշառք:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության երեկ հրապարակած միջանկյալ զեկույցն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրական գործընթացը, սակայն ընտրակաշառքի թեման ակնհայտորեն անհանգստացնում է նաև եվրոպացիներին: Արձանագրված է, որ այդ թեմայով բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ են ստացվել:


Այս ամենը չի փոխում վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգը, ով փորձում է «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ քարոզարշավին: Երեկ Կատապետյանը Տավուշի մարզում ինքնավստահ հայտարարություն է արել, պնդելով, թե Հայաստանի կառավարության առջև կես տարվա համար դրված նպատակները իրականացվել են։ Հարցին, թե որքանով է համոզված և երաշխավորում, որ ՀՀԿ-ի ընտրվելուց հետո հինգ տարիների ընթացքում կլինի վարչապետ, Կարեն Կարապետյանը նույն վստահությամբ չի պատասխանել, հարցը, ըստ էության, թողելով անպատասխան:


Երեկ Վանաձորի վետերանների հավաքատեղիում «ԵԼՔ» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը կասկածի տակ է դրել Կարեն Կարապետյանի մենեջերական հմտությունները, ասելով. «Մենք սիմպատիչնի տղա չենք ընտրում, մենք ընտրում ենք իշխանություն»:
Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումները Կոտայքի մարզում էին: Չնայած անբարենպաստ եղանակին` մարդաշատ: Հրազդանում մեծահարուստ գործարարը սովորականի պես ներկայացել է «փրկչի» կերպարով: «Ժողովուրդն ինձ ասում է՝ Ծառուկյան, փրկի: Ծառուկյանը պատրաստ ա»,-ասել է նա:


Գագիկ Ծառուկյանը հաճելի անակնկալ է մատուցել հարազատ Աբովյանում` ընտրողներին ներկայանալով ԵԽԽՎ գործընկեր եվրոպացի պատգամավորների հետ: Հաճելի այն իմաստով, որ «Ծառուկյան» դաշինքին սատարող օտարերկրյա պատգամավորները գնալու են Հայաստան-Թուրքիա սահման և փորձելու են բարձրացնել սահմանը բացելու հարցը: Անկեղծ խոստովանեմ, որ այս տեղեկատվությունը քարոզարշավի ռացիոնալ դրվագներից մեկն է:
Վերջապես ընդդիմադիր «մկրտություն» ստացան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» առաջնորդները, որոնց ոտքերի տակ գառ մորթվեց` Վարդենիսի ճանապարհին: Իսկ Վարդենիսում ՕՐՕ-ն խոստացել է համաներում, քաղկալանավորների ազատ արձակում: Սա այն դեպքն է, որ հաշված շաբաթների ընթացքում Սեյրան Օհանյանը տրամագծորեն փոխել է դիրքորոշումը, որովհետև, որպես պաշտպանության նախարար, երբեք չի ընդդիմացել նույն «Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալությանը:


Խեղճ կոմունիստները մարզեր գնալու փող չունեն և երեկ այցել էին Վերնիսաժ` մարդկանց խորհրդային տարիների ապահով ու կուշտ կյանքը հիշեցնելու համար:
Կոմունիստների փոխարեն` սոցիալական խոստումներ է տալիս այս ընտրություններին մասնակից լիբերալ ուժը: Արմավիրում ազատ-դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ կարող են նվազագույն աշխատավարձը բարձրացնել 110 հազար դրամի, իսկ նվազագույն կենսաթոշակը 73 հազար դրամի չափով։
Կոնգրես-ՀԱԿ դաշինքը երեկ խաղաղության ծրագիրը ներկայացնում էր Գեղարքունիքի մարզում: Սակայն այն անհասկանալի է ոչ միայն ընտրողների, այլև հարթակի համար, որովհետև տարբերվել են Արամ Մանուկյանի ու Ստեփան Դեմիրճյանի ելույթների շեշտադրումները:


Երեկ կայքերը հաղորդեցին, որ Արարատի Դեղձուտ գյուղում, դանակահարության ելքով, վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների միջև: Երեկոյան` կողմերը «կոալիցիոն համերաշխությամբ» հերքեցին տեղի ունեցածի քաղաքական շարժառիթը: Փաստորեն, մեր ժողովուրդն ընտրական փուլում «կատաղում» է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ