Ասում են` քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Ճիշտ այն օրը, երբ Երևանում ստեղծվում էր «Հայաստանի ներդրողների ակումբը», և ձևակերպվում էր Կարեն Կարապետյանի քաղաքական հայտը, Սերժ Սարգսյանը, զինվորական համազգեստով, աշխատանքային այց կատարեց Արցախ: Տարբեր ենթադրություններ կարող ենք անել: Օրինակ, այն, որ նախագահի ու վարչապետի քայլերը համաձայնեցված են, ու յուրաքանչյուրը զբաղված է իր օրակարգով: Այլ խոսքով` Կարեն Կարապետյանը Երևանում «առաջընթաց» է կերտում, իսկ Սարգսյանը դրա «անվտանգությունն» ապահովում է Արցախում: Սակայն իրավունք ունենեք նաև հակառակը պնդելու և ասելու, որ նախագահը չի ցանկացել մասնակցել վարչապետի քաղաքական բենեֆիսին, լեգիտիմացնել նրա հավակնությունները և կատարել է քայլ, որպեսզի բոլորին, այդ թվում` պոտենցիալ ներդրողներին ցույց տա, որ հենց ինքն է Հայաստանի իրական իշխանության կրողը: Համենայն դեպս, Սարգսյանը ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի զինվորների, նրանց ծնողների առջև և ուղիղ տեքստով ասել է, որ 2018-ին թոշակի գնալու մտադրություն չունի: Իհարկե, նա չի էլ պնդել, որ շարունակելու է ղեկավարել երկիրը` ստանձնելով վարչապետի պաշտոնը: «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա, այդ պահի դասավորությունից ելնելով, ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,-ասել է նա: Ակնհայտ է, որ, օրինակ, ՀՀԿ նախագահի պաշտոնում դժվար է օգտակար լինել «անվտանգության ապահովման հարցում»։ Կնշանակի` Սերժ Սարգսյանն ակնարկում է պետական ինչ-որ կարգավիճակի մասին, սակայն այս դեպքում էլ նկատենք, որ «մի կաթսայում երկու գլուխ չի եփվում»: Մնում է ենթադրել, որ իշխանության համար իրական պայքարը ծավալվելու է հենց խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ այս պահին նախագահն ու վարչապետը մարտավարական ընդհանրություն ունեն և մտածում են ապրիլի 2-ի հաղթանակի մասին: Ըստ ամենայնի, նրանք մտածում են, որ իշխանության հարցը պետք է քննարկել, երբ հաղթահարված կլինեն ընդդիմության և հասարակության դիմադրությունը: Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն երեկվա ելույթում խիստ քննադատության է ենթարկել ընդդիմության պոպուլիզմը: «Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է նա:
Առհասարակ, զարմանալի է, որ նախընտրական թեմատիկան Սարգսյանը զարգացրել է Արցախի զորամասերից մեկում, սակայն նա խնդիրը դիտարկել է անվտանգության համատեքստում: Օրինակ, խոսելով պատերազմի հավանականության մասին, ասել է. «Աչքս չեմ թարթելու՝ հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:
Սերժ Սարգսյանը մտածված է համակցել ընտրարշավի ու անվտանգության թեմաները, իր հրապարակային և պոտենցիալ ըննդիմախոսներին հասկացնելով, որ համաշխարհային ազդեցիկ կենտրոններում իր անձի հետ են կապում Հայաստանի անվտանգության և կայունության հարցը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ