ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանը դիմեց զինված արկածախնդրության` խախտելով 1994-ի հրադադարը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նման վարքագիծն անթույլատրելի և դատապարտելի է՝ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում: «ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է դեկտեմբերյան այդ դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի հանդեպ: ՈՒստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են»,- ասել է Շարմազանովը։
ՀՀ պատվիրակությունը, Շարմազանովի խոսքով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
«Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու և միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման և ամրապնդման գործում»,- իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: