Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքը մտադիր է կոալիցիա կազմել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ՝ այսպիսով հասնելով իշխանափոխության: «Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, որովհետև զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երկրի ճակատագիր»,- այսօր հայտարարեց նա՝ ամփոփելով ընտրական քարոզչությունը: «Այս ճակատագրական պահին իրավունք չունենք բզկտված, տրոհված հանդես գալու մեր երկրի, մեր ժողովրդի առջև»,- հավելեց Օհանյանը:
ՕՐՕ դաշինքի պատվիրած հարցումների արդյունքներով՝ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է, ուստի իշխանափոխության հարցում Սեյրան Օհանյանը առաջին հերթին հենց Գագիկ Ծառուկյանի հետ պիտի համաձայնության գա:
«Այս իրադրության գնահատմամբ խելամիտ վարվելու միակ տարբերակը փոփոխություններն են, այսինքն՝ իշխանությունը պետք է փոխվի: Դրա համար մենք պատրաստակամ ենք այն ուժերի հետ, ովքեր որ փոփոխության կողմնակից են, ովքեր որ այս իշխանություններին ուզում են ասել, որ՝ հերիք է դուք ղեկավարեք, պետք է այլ թարմ ուժեր գան ղեկավարելու»,- նշեց Օհանյանը: «Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, գիտեք, որ ես մի քանի անգամ նաև նախկինում հանդիպել եմ և մեր մոտ բարիդրացիական հարաբերություններ են, և այդ հարաբերություններն էլ մշտապես պահպանվելու են»,- ասաց նա: