«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քարոզարշավ. օր վերջին. ժողովուրդը պրծավ դատարկ խոստումներից

Քարոզարշավ. օր վերջին. ժողովուրդը պրծավ դատարկ խոստումներից
31.03.2017 | 20:16

Հինգ տարին մեկ անգամ նման բան լինում է, որ տարիներով ժողովրդի երես չտեսածները գյուղից գյուղ են անցնում, դռնից դուռ ընկնում, բարեգործ ու եսիմ ինչ դառնում` հասարակության քվեին տեր դառնալու համար: Ինչ խոստում ու հեքիաթ ասես` չլսեցինք, իրական ու անիրական խոստումների հեղեղը թափվեց գլխներիս: Մի տեսակ դիսկոմֆորտի զգացում կա ու նաև` թաքնված ուրախություն, որ վաղվանից վիրտուալ կյանքը կչքանա` մեզ բաժին թողելով մեր` թեկուզև չարքաշ առօրյան:

Եթե հավատանք սոցիոլոգներին, ժողովուրդը չի հավատացել կամ չի ուզում հավատալ բոլոր խոստում տվողներին: Այսօր իր ուսումնասիրություններն է ներկայացրել իսկական Gallup-ը (պարզվում է` մինչև հիմա լսել ենք կոոպերատիվ Gallup-ի տվյալները): Այդ հետազոտության համաձայն՝ հայաստանցիների 30 տոկոսը իրենց ձայնը կտան Հանրապետականին, 29 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9 տոկոսը՝ «Ելքին», 7 տոկոսը՝ Դաշնակցությանը և 5 տոկոսը՝ «Հայկական վերածնունդին»:


Օրինակ, ՕՐՕ-ն այս ու այլ թվերի չի հավատում: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ՕՐՕ դաշինքի համար յոթ տոկոսն այլևս խնդիր չէ։ Իսկ ընդհանրապես, դաշինքը մտադիր է հասնել իշխանափոխության` կոալիցիա կազմելով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ:
Վարդան Օսկանյանն էլ առաջին նախագահից է վիրավորված ու Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է «պարտվողական թույլ մոտեցում» ցուցաբերելու մեջ: Ըստ նրա` ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանը պայմանավորվել է, և միայն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իշխանություններին: «Իշխանություններն այնքան ապաշնորհ են դարձել, որ, եթե նույնիսկ տարածք ուզենան տան, չեն կարողանա, սխալ տարածք կտան»,- ասել է Օսկանյանը:


ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը Տեր-Պետրոսյանին ավելի լուրջ մեղադրանք է հասցեագրել. «Ինձ մոտ տպավորություն է, որ այս ընտրությունների քարոզարշավին պաշտոնական Բաքուն իր շուրթերից պրոպագանդա է իրականացնում այստեղ։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը կործանարար առաջարկ է` նկատի ունենալով, թե ով է մեր հարևանը։ Սուտ են ասում` չկա փոխզիջում Ադրբեջանի կողմից։ Ամենաբարձր փոխզիջումը Ադրբեջանի կողմից Արցախի բարձր ինքնավարությունն է իր կազմում։ Իսկ այս առումով Տեր-Պետրոսյանը երբեք հաշվի չի առել ժողովրդի կարծիքը»,-ասել է նա: ՀՅԴ ղեկավար գործիչը խիստ քննադատության է ենթարկել նաև ռեյտինգային ընտրակարգը:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքում քննադատությունից չեն նեղվում և մարտական են տրամադրված: Լևոն Զուրաբյանն ասել է, որ եթե ընտրությունները աղճատված չլինեին, ապա Կոնգրես-ՀԺԿ դաշինքը առաջին տեղում կլիներ: ՀԱԿ փոխնագահը հումորով անդրադարձել է ներդրումների թեմային: «1000 ու մի գիշերի մոտիվներով Շահրազադեի հեքիաթների մակարդակն է։ Ժամանակն է` մենք էլ մեր քարտերը բացենք։ Այն օրը Սթիվ Վոզնյակը, Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, որոնք իմ շատ մտերիմ ընկերներն են, մեր հաղթանակի դեպքում խոստանում են սիլիկոնե վալեն տեղափոխեն ՀՀ, և այդ ներդրումները կազմելու են 100 մլրդ դոլար»,-ասուլիսում ասել է նա:
ԱԴԿ վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը նույնպես` ներդրումներին չի հավատում և իրատեսական է համարում բացառապես իրենց տնտեսական ծրագիրը:
Սոցիոլոգիական հարցումներն այսօրվա ասուլիսում «կեղծ և պատվիրված» է որակել ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` վստահություն հայտնելով, որ իր կուսակցությունն առաջին եռյակում է լինելու:


Հանրապետական վերնախավը, հազարավոր կուսակցականներ հավաքվել են Մարզահամերգայինում` ամփոփելու իրենց քարոզարշավը: Սերժ Սարգսյանի ելույթը դարձյալ կառուցված է եղել ԼՂ, անվտանգության խնդիրների, պատետազմի վտանգի առանցքի շուրջ: Հայաստանի նախագահը պատահական չի համարել այն, որ ընտրությունների օրը համընկել է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի հետ: «Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս: Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ, զրահատեխնիկա և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում: Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Այս միջոցառման բնույթից ելնելով, ես հիմա ձեզ պետք է կոչ անեի՝ ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, բայց ես այդպես չեմ անի: Ես կասեմ՝ ընտրեք ում ուզում եք: Բայց ընտրելիս հիշեք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վարկյաններն է հաշվում: Հիշեք, սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է: Հիշեք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»,- հայտարարել է Սարգսյանը:
Նրա այս կոչը, սակայն, կարծես այնքան էլ չի բավարարել Հանրապետականի քարոզարշավի ողջ բեռն իր ուսերին վերցրած վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախագահի ելույթից հետո Կարապետյանն, այնուամենայնիվ, կոչ է արել ընտրել հենց Հանրապետականին:
Սակայն սոցցանցերում քննարկում են ոչ թե վարչապետի կամ նախագահի ելույթը, այլ քարկոծում են Ձախ Հարութին` Հանրապետականի քարոզչական ֆինիշը համերգով «քաղցրացնելու» համար:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ