Աստված երկար կյանք տա Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց ակնհայտ է, որ երեկվա ընտրությունները վերջինն են առաջին նախագահի քաղաքական կենսագրությունում: Տեր-Պետրոսյանն իր «հրաժեշտի խաղն» անցկացրեց արժանապատիվ` անկախ ընտրությունների արդյունքներից, գերադասեց խոսք ասել պատմության և ոչ թե` մի քանի մանդատի համար:
Քաղաքականությունն ավարտված է նաև Ռոբերտ Քոչարյանի համար ու շատ ավելի անփառունակ ձևով: Երկրորդ նախագահի երեկվա վարքագիծը հարիր չէ պետական գործչին. նրա բացակայությունը Հայաստանից ու չմասնակցությունն ընտրություններին, ըստ էության, փախուստ են քաղաքականությունից, ավելի ստույգ` հրաժեշտ քաղաքականությանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հեռացումը քաղաքականությունից կանխորշվում էր դեռևս սահմանադրական փոփոխություններով, որոնցով փակվեց նախկին նախագահների վերադարձի ճանապարհը: Երեկ այդ ամենն ընդամենը միս ու արյուն ստացավ, քաղաքական հաստատում ունեցավ ընտրությունների արդյունքներով:
Երեք նախագահների «եռանկյունին» փլուզված է: Փլուզված է զարգացման տրամաբանության, ժամանակի ուժով, Սերժ Սարգսյանի ջանքերով:
Հանրապետության երեք նախագահներից ասպարեզում մնացել է միայն Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման ավարտին մնում է մեկ տարի: Արդյո՞ք նա կհետևի առաջին երկու նախագահների օրինակին ու կհեռանա, թե՞ Սարգսյանը կստեղծի նոր համակարգ, որը վերջապես ձերբազատված կինի նախկին նախագահների որևէ ազդեցությունից, նրանց թիրախը դառնալու ռիսկերից:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ