Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Նոր ընդդիմությունը` հնի թշնամական միջավայրում

Նոր ընդդիմությունը` հնի թշնամական միջավայրում
06.04.2017 | 15:11

Հայաստանի քաղաքական ճգնաժամի հիմքերը դրվել են դեռ 1995-96-ին, երբ իշխանության և ընդդիմության դերակատարները 88-ի շարժման առանցքային դեմքերն էին: Երբեմնի զինակիցներից յուրաքանչյուրը համարում էր, որ իրեն է պատկանում 88-ի իդեալները կյանքի կոչելու «լեգիտիմ» իրավունքը:

Անթաքույց անձնավորված, անտագոնիստական պայքարը հանգեցրեց ռեսուրսային տրամաբանության. հասարակության քվեն էական չէր, հաղթում էր իշխանությունը, որովհետև ռեսուրսներ շատ ուներ: Խաղի այս կանոնն ընդունվել էր նաև ընդդիմության կողմից, ինչի ականատեսը եղանք 2003, 2008-ի նախագահական ընտրություններում:

«Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը միայն խորացրեցին անտագոնիզմը` քաղաքական պայքարում ուժեղացնելով ռեսուրսային բաղադրիչը:


Դեռ 2003-ին ակնհայտ դարձավ, որ իշխանության փոփոխության կամ դրա բարեփոխման խնդիր կարող է լուծել միայն որակապես նոր ընդդիմությունը, որն ավելի կրեատիվ կլինի ու չի տրվի ռեսուրսային պայքարի գայթակղությանը: Ընդդիմության դեմքերը տարիների ընթացքում փոխվեցին. Ստեփան Դեմիրճյանին փոխարինեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նոր որակ չձևավորվեց, որովհետև, ըստ էության, նույնն էին մնացել ընդդիմության կառուցվածքային և գործողությունների մեթոդաբանությունը, էլ չենք խոսում ասելիքի բովանդակության մասին, որը, մեծ հաշվով, հանգում էր «մենք ավելի լավ կանենք»-ի տրամաբանությանը:


Խորհրդարանական վերջին ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն ընդդիմության փոփոխությունն է: Խոսքը, իհարկե, անձերի մասին չէ, որովհետև քաղաքականության մեջ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը նոր մարդիկ չեն: Խոսքն այն կրեատիվի մասին է, որ մենք տեսանք դաշինքի կայացման, ցուցակի հրապարակային կազմման, ոչ ստանդարտ ընտրարշավի, հստակ, բայց ոչ հեղափոխական շեշտադրումների պարագայում: Մեկնարկը լավն է, սակայն այն չի երաշխավորում հաջողություն, եթե «Ելքը», առաջին հերթին, չհաղթի հին, տապալված ընդդիմության բեկորներին, չկոտրի նրանց կարծրատիպերը: Իհարկե, լավ կլիներ, եթե նոր խորհրդարանի դասավորությունն այնպիսին լիներ, որ միանգամից հնարավոր լիներ ազդել իշխանության որակի վրա: Սակայն դա ուտոպիստական մոտեցում է, մանավանդ, ներհամակարգային բարդ տրանսֆորմացիաների ֆոնին:


Ըմբռնումով պետք է մոտենալ Լևոն Տեր-Պետրոսյանի «հրաժեշտի մուննաթին», որով արհեստականորեն նույնացվում էր ՀՀԿ-ի և «Ելքի» պատասխանատվության չափը: Դա ավելի շատ` սեփական քաղաքական պատասխանատվությունը քողարկելու տերպետրոսյանայան ստանդարտ բանաձև է:
Հումորով պետք է վերաբերել Արմեն Մարտիրոսյանի փոքրոգությանը, որով «Ելքի» անունը կապվում է Միքայել Մինասյանի հետ, որովհետև նույն ՕՐՕ-ն, Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի դեմքերով, Հայաստանի վերջին տասը տարիների իշխանությունների հայելային արտացոլումն է:


Չպետք է տրվել Հայրիկյանի ու մյուսների` մանդատնրը վայր դնելու կամ բոյկոտի անկումնային տրամադրություններին, որոնք դարձել են տարբեր ժամանակների ընդդիմությունների գերեզմանափորը:


Արդյունավետությունը մասնակցային ժողովրդավարության մեջ է, որը ենթադրում է քաղաքական բոլոր լեգալ ինստիտուտների արդյունավետ ու բազմահարթակ օգտագործում: ՈՒ նաև պետք է գերիշխի այն բանական մոտեցումը, որ քաղաքական գործընթացը չի սկսվում և չի ավարտվում ընտրական ցիկլով: Այն ընդամենը քննություն է, որի ընթացքում ընտրողը գնահատում է քաղաքական ուժի հնգամյա հետևողական աշխատանքը կամ արհամարհում է ծույլի ու «գլուխ պահողի» խորամանկությունը:
Միայն քաղաքական այս աքսիոմներին հետևելն ընդդմադիրափոխությունը դուրս կբերի ինքնանպատակության փակ շղթայից` մի օր հանգեցնելով նաև իշխանության կամ դրա որակի փոփոխության:


Ի դեպ, երեկ խորհրդանշական մի իրադարձություն` Անահիտ Բախշյանի մտադրությունը` քաղաքապետական ընտրություններին մասնակցել «Ելքի» ցուցակով, հուշում է, որ սկսվել է առնվազն ԱԴԿ-ի և ՀԱԿ-ի, գուցե նաև «Ժառանգության» էլեկտորատների վերակողմնորոշումը «Ելքի» ուղղությամբ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ