Պաշտոնը ստանձնելուց շուրջ յոթ ամիս անց վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ պահանջել է կառավարությունից անցնել աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ ընդգծելով, որ իշխող Հանրապետականը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե: «Արտակարգ ռեժիմ» Կարեն Կարապետյանին պետք է, բայց այստեղ դեր ունեն ոչ թե ՀՀԿ հաղթանակը, այլ` խորհրդարանական ընտրությունները և դրանցով պայմանավորված նոր իրավիճակը, որում հայտնվել է գործող վարչապետը:
Նշանակումից ի վեր` մինչև խորհրդարանական ընտրությունները, Կարապետյանը պահվել է «ջերմոցային» պայմաններում. նախագահը, իշխանությունը, պետական քարոզչամեքենան նրան «խնամել» են` նոր դեմքով ընտրությունների համար բարենպաստ ֆոն ստեղծելու համար: Անգամ արտոնվել է, որ ընտրարաշավի ժանանակ Կարապետյանը քաղաքական հայտ ձևակերպի` Ռուսաստանի ծագումով հայկական կապիտալի մասնակցությամբ: Ընդհանուր գործի, հաղթանակի համար էր արվում:
Խորհրդարանական ընտրությունների ավարտն ազդարարեց «ընդհանուրի» վերջը: Հիմա տրված է իշխանության համար պայքարի մեկնարկը, ու դիմակայության սահմանն անցնում է համակարգի ներսում: Հիմա Կարապետյանը միայնակ է աշխատելու իր վարկանիշի համար, մյուսները, թվացյալ դաշնակիցներից մինչև բացահայտ ընդդիմադիրներ, պայքարելու են այդ վարկանիշի դեմ: «Բարեփոխումների խորհրդանիշ» Կարեն Կարապետյանը կարող է դառնալ «տնտեսության փլուզման» պատասխանատու` պաշտոնից զրկվելով ավելի վաղ, քան կհասնի հիմնական «ճակատամարտի» պահը: Անշուշտ, այս ամենը Կարապետյանը հասկանում է՝ հաղթանակի հրավառություն կազմակետպելու փոխարեն կառավարությունում «արտակարգ ռեժիմ» հայտարարելով:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ