«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Գալուստ Սահակյանն իր հեռացումով օգնում է Սերժ Սարգսյանին

Գալուստ Սահակյանն իր հեռացումով օգնում է Սերժ Սարգսյանին
12.04.2017 | 10:14

Գալուստ Սահակյանը չի թաքցնում, որ նոր խորհրդարանում շարքային պատգամավոր է լինելու` չհավակնելով ԱԺ նախագահի կամ խորհրդարանական մեծամասնության ղեկավարի կարգավիճակներին: Նրա վերջին հարցազրույցներն ընդգծված ամփոփիչ բնույթ ունեն և դրանով ավելի անկեղծ ու բազմաբովանդակ են: Սահակյանը հաստատ մեր խորհրդարանի ամենավատ խոսնակը չի եղել, բայց նաև չի թողել պետական այն հետագիծը, որը հատուկ վերլուծության նյութ դառնա:

«Ազատությանը» տված երեկվա հարցազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է մեր քաղաքականության ամենաինտրիգային հարցին` այն ենթադրյալ կարգավիճակին, որն ունենալու է Սերժ Սարգսյանը, երբ 2018-ի ապրիլին հրաժեշտ տա նախագահի պսշտոնին: «Ճիշտն ասած՝ դա որևէ մեկը չի կարող ասել, չեմ կարող ասել նաև ես: Դա 2018 թվականին ինքը՝ Սերժ Սարգսյանը կասի: Բայց ես նաև համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կկարողանա այնպիսի մոտեցումներ ձևավորել, որ ինքը միշտ առաջին դիրքերի վրա լինի ընդհանուր քաղաքականության մեջ: Հիմա՝ վարչապետ կլինի կամ ինչ-որ մի նոր բան կարելի է մտածել՝ դա որևէ մեկը չի կարող ասել:


...Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մինչև վերջ պիտի լինի»,-ասել է նա:
Իհարկե, դժվար է պնդել, որ Գալուստ Սահակյանը ստույգ գիտի գործող նախագահի հետագա պլանները: Նույնիսկ կարելի է հակառակը պնդել, որ Սարգսյանը, եթե նույնիսկ ունի որոշում, անգամ կուսակցական ղեկավարությունից խնամքով թաքցնում է իր պլանները: Սերժ Սարգսյանը փորձառու գործիչ է ու, թերևս, հասկացել է, որ ներհամակարգային կայունությունը, ստատուս-քվոն այս պահին հնարավոր է պահպանել անորոշության գործոնով: Օրինակ, եթե նա հայտարարի, որ 2018-ից հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը` հարվածի տակ է դնելու գործադիր իշխանությանը, որն առնվազն մեկ տարի կաշխատի «ժամանակավորի» բարդույթով: Մյուս կողմից` եթե Սարգսյանը կտրուկ բացառի իր վարչապետության հեռանկարը, հենց այսօրվանից «խաղից դուրս» է դնում իրեն` պաշտոնավարման վերջին տարում հայտնվելով «դիտորդի» կամ «անգլիական թագուհու» կարգավիճակում: Ըստ այդմ, Սարգսյանը որդեգրել է միջանկյալ մի մարտավարություն, որի շնորհիվ ապահովում է համակարգի վերահսկելիությունն ու կայունությունը:


Սակայն վերադառնանք «մաեստրոյի»` Գալուստ Սահակյանի հարցազրույցին, որը չի բացահայտում Սարգսյանի պլանները, բայց հաստատ արտահայտում է այն տրամադրությունները, որ կան, դոմինանտ են ՀՀԿ-ում: ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանին ուզում է տեսնել «միշտ առաջին դիրքերի վրա» ` հասկացնելով, որ գոնե այս պահին նրան արժանի ժառանգորդ չի տեսնում: Սահակյանի ասածի մեջ նաև էգոցենտրիզմ կա, որովհետև ցանկացած ուրիշը` «առաջին դիրքերի վրա», արմատապես փոխելու է ստատուս-քվոն իշխանության և ՀՀԿ-ի ներսում` սպառնալով նաև այն «ծերակույտի» կարգավիճակին, որի ոչ ֆորմալ առաջնորդն է ԱԺ գործող նախագահը: Բայց Գալուստ Սահակյանի վարքագծում նաև թիմային բաղադրիչ կա: Տեսեք, նա հանգիստ, առանց ամբիցիաների հրաժարվում է խորհրդարանի ղեկավարի պաշտոնից նոր ԱԺ-ում` թերևս հնարավորություն տալով, որ նոր թիմի ձևավորումը տեղի ունենա հենց այսօր, երբ դեռ գործում է կառավարման հին համակարգը, ինչը ենթադրում է նախագահի մեծ իշխանություն: Ասել կուզի, որ առաջիկա շաբաթներին Սերժ Սարգսյանը խորհրդարանական այնպիսի կոնֆիգուրացիա կարող է ձևավորել, որը երաշխավորի գործող նախագահին «միշտ առաջին դիրքերում» տեսնելու Գալուստ Սահակյանի ցանկությունը: Գուցե իր հեռացումով է Գալուստ Սահակյանն օգնում Սերժ Սարգսյանին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ