Ինչպես և ակնկալվում էր, խորհրդարանական ընտրությունները հետընտրական որևէ զարգացում չունեցան։ Սա երևի թե առաջին ընտրական գործընթացն էր (ներառյալ սահմանադրական հանրաքվեները), երբ ընտրական պրոցեսն ամփոփվեց առանց լուրջ զանգվածային և իրավական բողոքների։
Սա, իհարկե, սպասելի էր։ Այս իրավիճակն ամրագրեց այն տխուր իրողությունը, որ հասարակության մի զանգվածի և ֆինանսական օլիգարխիայի ձեռքում կենտրոնացած քաղաքական ուժերի միջև կա որոշակի համաձայնություն։ Եվ պարզ է, որ այդ պայմաններում հասարակության այն հատվածը, որը գնացել էր գործարքի, չի բողոքի։ Ընդ որում, հանցավոր գործարքի, քանի որ ընտրակաշառքը նույնպես կաշառքի դրսևորում է։
Բազմիցս քննարկվել է, թե ստեղծված այս իրավիճակում ով է մեղավոր՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ հասարակությունը, և շատերի համար հայկական տխուր դեգրադացիոն մթնոլորտը լուրջ ուսումնասիրությունների առիթ է դառնալու։
Դեգրադացիոն այս վիճակը, հասարակություն-իշխանություն հարաբերությունները միանգամից իրենց ազդեցությունն են թողնում ընտրական մյուս պրոցեսի՝ Երևանի ավագանու ընտրությունների վրա, որն ապրիլի 2-ի համապետական ընտրությունների օրգանական շարունակությունն է։ Իհարկե, շատերին զարմացրեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարում հայտ են ներկայացրել այսքան փոքր թվով քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելքը» և Զարուհի Փոստանջյանի՝ ընդամենը օրերս գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Այս փաստն ինքնին տարբեր վերլուծությունների առիթ է տալիս։
Պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի անտարբերությունն ու պասիվությունը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ բխում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և այնպիսի խնդիրներից, որ քաղաքական առումով իր առջև դրել էր Սերժ Սարգսյանը, այն է՝ այնպես զտել քաղաքական դաշտը և այնպիսի իրավիճակի հասցնել, որ փոքր և միջին կուսակցությունները կա՛մ ինքնալուծարվեն, կա՛մ միավորվեն այլ կուսակցությունների հետ, իսկ իրենց կենսունակ լինելը ցույց տված դաշինքներն էլ դառնան մեկ կուսակցություն։ Այսպիսով, ի կատար է ածվում ՀՀ նախագահի քաղաքական գլխավոր նպատակներից մեկը՝ խոշորացումներ անել ՀՀ քաղաքական դաշտում և, ըստ էության, հնարավորինս նվազեցնել գլխավոր դերակատարների քանակը։ Բազմիցս նշվել է, որ, որպես քաղաքական զարգացումների իդեալ, հայաստանյան իշխանությունները տեսնում են ամերիկյան մոդելը, որտեղ հիմնական դերակատարները երկուսն են։ Հայաստանում էլ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդամենը չորս ուժի հաջողվեց մուտք գործել Ազգային ժողով։ Ապրիլի 2-ի ընտրություններից հետո շատ քաղաքական ուժերի մեջ խնդիր է առաջացել՝ ի՞նչ պետք է անեն ապագայում. պետք է մնա՞ն քաղաքական դաշտում, վերածվեն քաղաքական ակումբների՞, թե՞ ինքնալուծարվեն և փորձեն այլ ձևաչափերում հանդես գալ։
Բնական է, որ քաղաքական կուսակցության գլխավոր նպատակն ընտրություններին մասնակցելն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանում մնացել է ընդամենը մեկ համապետական ընտրություն՝ խորհրդարանական ընտրությունը, և, դրանից բացի, կան միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, զարմանալի է, որ շատ քաղաքական ուժեր հայտ չներկայացրին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին։ Եվ եթե ԱԺ ընտրությունների քվեարկություններում անհաջողության մատնվածների դեպքում դա ինչ-որ չափով հասկանալի է, քանի որ հսկայական ռեսուրսներ էին ներդրված, անհաջողությունը մեծ հիասթափություն էր առաջացրել նրանց մեջ, ու արդեն չեն հավատում նրանց ուժերին, ապա տարօրինակ է ԱԺ ընտրություններում անցողիկ տոկոսներ հավաքած քաղաքական ուժերի չմասնակցությունը։ Առաջին հերթին դա վերաբերում է խորհրդարանական ընտրություններում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքին։ Ի դեպ, «Ծառուկյան» դաշինք ասելով՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա Գագիկ Ծառուկյանն է, որն այս միավորումում անձամբ ինքն է որոշում ցանկացած հարց ու նպատակահարմարություն։
Եվ այսպես՝ ինչո՞վ է պայմանավորված անտարբերությունը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ։
Շատերը, երևի թե իրավացիորեն, նշում են, որ «Ծառուկյան» դաշինքը Երևանում շատ ավելի քիչ ձայներ ունի, քան մարզերում։ Նախորդ ընտրություններն ինչ-որ չափով ցույց են տալիս այս քաղաքական միավորման իրական հնարավորությունները մայրաքաղաքում։ Ասել է թե՝ կանխորոշվում է դաշինքի երկրորդ տեղը։ Սակայն իրականում այստեղ փոքր-ինչ այլ դրդապատճառներ կան։ Բանն այն է, որ, փորձագետների կարծիքով, Գագիկ Ծառուկյանի անակնկալ վերադարձը քաղաքական դաշտ պայմանավորված էր ոչ այնքան ընդդիմադիր ձայները կլանելու հանգամանքով, որքան հենց Գագիկ Ծառուկյանի՝ 2018 թվականից հետո իր ճակատագրի, օլիգարխիկ հնարավորությունների և ազդեցության հետ կապված անհանգստությամբ։ Ծառուկյանի հեռանկարները դեռևս մշուշոտ են։ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն չի բացում իր խաղաքարտերը, և Գագիկ Ծառուկյանի մեջ, բնականաբար, կան անհանգստություններ։ Պարզ է, որ գործող նախագահի օրոք նա երբևէ խնդիր չի ունեցել, նույնիսկ 2015 թ. առճակատումից հետո որևէ հարց չի առաջացել նրա բիզնեսի անվտանգության հետ կապված։ Ծառուկյանը փորձում է խուսափել ֆորս մաժորներից և երաշխիքներ հավաքել, եթե հանկարծ 2018-ից հետո իշխանական բոլոր լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում չլինեն։ Եվ նա կարողացավ այդ դերը փայլուն կատարել՝ ձեռք բերելով խորհրդարանի մեկ երրորդը և քաղաքական դաշտում պահպանելով իր ազդեցությունը, ինչը հետագայում նա կարող է շարունակել կապիտալիզացնել։ Նույն սցենարը նա խաղարկել էր 2007-ին, երբ իշխանությունից հեռանում էր Ռոբերտ Քոչարյանը՝ լծակները հանձնելով Սերժ Սարգսյանին։ Այն ժամանակ էլ նա մտավ քաղաքական դաշտ և պահպանեց առաջատար օլիգարխներից մեկի կարգավիճակը։ Այս առումով 2017-ին Ծառուկյանն իր նվազագույն և առավելագույն ծրագրերն իրականացրեց՝ իհարկե առաջնորդվելով Բաղրամյան 26-ի սահմանած խաղի կանոններով, չդիմելով հետընտրական զարգացումների, ընդունելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս պարագայում վերջինիս համար անիմաստ է մտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ, քանի որ որևէ հարց չի լուծում։ Մաքսիմում` իր թիմի որոշ անդամների համար ապահովագրի տեղեր Երևանի ավագանու կազմում, մի կառույց, որն իրականում ձևական բնույթ է կրում և որևէ լուրջ հարց չի լուծում։ Գլոբալ առումով հենց սա էլ դարձել է «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելու պատճառը։
Ստեղծված իրադրությունը բավականին նպաստավոր է հանրապետական կուսակցության համար։ Քաղաքական ուժերի գերակշիռ մասը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, դրանք նաև այն կուսակցություններն են, որոնք ընտրական հանձնաժողովներում մարդիկ ունեն, և ՀՀԿ-ն շատ հարցեր կարող է լուծել՝ ուղղակի ներազդելով, այլ կերպ ասած, կաշառելով հանձնաժողովի անդամներին և շատ գումար չծախսելով ընտրողների վրա։
ԱԺ ընտրություններում իր նվազագույն խնդիրը լուծել է նաև դաշնակցությունը։ Թեև բարձրաձայնում են, թե իրենց հավաքած տոկոսները շատ քիչ էին իրենց համար, սակայն երևի թե այնքան էլ անկեղծ չեն, քանի որ կար մի շրջան, երբ նրանք մտահոգված էին անգամ անցողիկ շեմն ապահովելու հարցով։ Եվ եթե չլիներ իշխանական ֆինանսական և վարչական ռեսուրսների աջակցությունը, գուցե նաև ընկնեին «Հայկական վերածնունդ» կուսակցության օրը։ ՀՅԴ-ն համարում է, որ այս պահին իր գլխավոր քաղաքական խնդիրը լուծել է, և այլևս մանրանալու կարիք չկա։
Հիմա կա այն, ինչ կա։
Իշխանությանը ձեռնտու է, որ ընդդիմադիր պիտակի տակ շատ մասնակիցներ լինեն Երևանի ավագանու ընտրություններում, որպեսզի ձայներ փախցնեն «Ելքից»։ Հավանաբար դա էր պատճառը, որ «Երկիր ծիրանին» պետական գրանցում ստացավ ԿԸՀ հայտ ներկայացնելուց ընդամենը 1-2 օր առաջ։ Այս իրավիճակում «Ծառուկյան» դաշինքի հետ քաշվելը կարող է դիտարկվել որպես նվեր ընդդիմություն կոչվածին՝ «Ելքին» և «Երկիր ծիրանիին»։
Առաջին հայացքից թվում է, թե «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածը կարող է ձայնը տալ «Ելքին», սակայն, մյուս կողմից, իրականում այս դաշինքը լավություն է անում ՀՀԿ-ին, քանի որ վերջինիս է մատուցում էլեկտորատի այն զանգվածը, որը, որպես կանոն, գործարքի է գնում քաղաքական ուժերի հետ։ ՈՒ բացի այդ, հաշվի առնելով ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի սերտ համագործակցությունը, փոխկապակցվածությունը, կարելի է ասել, որ «Ծառուկյան» դաշինքի էլիտան Երևանի ավագանու ընտրություններում ավելի շուտ կաշխատի ՀՀԿ-ի օգտին։
Այնպես որ, հաշվարկի տեսակետից թվում է, թե ընտրապայքարը վերածվելու է սև-սպիտակի, իշխանություն-ընդդիմություն պայքարի, և խորհրդարանական ընտրությունների ընթացքում Երևանում 15 տոկոս ստացած «Ելքի» ձայները կկրկնապատկվեն, սակայն ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողների ցանկը նույնպես ավելանում է` ի հաշիվ «Ծառուկյան» դաշինքի ազատ ընտրողների։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ