Երևանի ավագանու ընտրարշավը պաշտոնապես մեկնարկելու է ապրիլի 21-ին, բայց ընտրությունների մասնակիցներն արդեն գրանցված են և, ըստ էության, քարոզարշավը մեկնարկել է: Ուրախացնում է այն հանգամանքը, որ հանդիպում ենք քարոզարշավի ոչ ստանդարտ դրսևորումների, որոնք մեզ ծանոթ են ընտրությունների արևմտյան պրակտիկայից: Ասենք, Նիկոլ Փաշինյանը փորձում է անձամբ կատարել Երևանի օրհներգը. գեղարվեստական առումով` դա նրա մոտ չի ստացվում, սակայն, տվյալ պարագայում, կարևորվում է տաբուներ կոտրելը, անմիջականություն դրսևորելը:
Երբ Զարուհի Փոստանջյանն իր ընտրական կամպանիայի մեկնարկը տալիս է Էրեբունի թանգարան-արգելոցից, ապա խորհրդանշում է իր արմատականությունը, քաղաքական համակարգից իր սահմանազատումը, իր կուսակցության տարբերությունը նաև «Ելք» դաշինքից, որին տողատակերով Զարուհին քննադատում է ոչ պակաս, քան քաղաքապետին ու նրա կուսակցությունը: Մյուս կողմից` «Երկիր ծիրանիի» շատ կարգախոսներ, որոնք ենթադրում են սփյուռքահայերի մասնակցությունը մեր քաղաքական կյանքին, համարժեք չեն ընտրական օրակարգին, մունիցիպալ ընտրությունների ոգուն: Ակնհայտ է, որ Զարուհին չի հավատում քաղաքապետ դառնալու հեռանկարին ու այս ընտրարշավն օգտագործում է` իր նորաստեղծ կուսակցության էլեկտորալ միջուկը հստակեցնելու համար: Չեմ կարծում, թե «Երկիր ծիրանիից» մենք կլսենք լուծումներ, որոնք վերաբերում են քաղաքային հիմնահարցերին ու տնտեսությանը, սակայն կոռուպցիայի թեման Զարուհի Փոստանջյանի կողմից լոկալացվելու է. երեկ նա արդեն խոսում էր քաղաքային միջոցների յուրացման ու Տարոն Մարգարյանի հարստացման կապի մասին:
«Ելք» դաշինքն իր ընդդիմադիր առաջնորդությունն ամրագրելու խնդիր ունի և առնվազն Նիկոլ Փաշինյանի մակարդակով փորձում է համադրել քաղաքական օրակարգը մայրաքաղաքային համատեքստի հետ: Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ միացումները, կոնկրետ խնդիրների արծարծումով, նպատակ ունեն բացահայտել քաղաքային այսօրվա կառավարման անարդյունավետությունը: Մյուս կողմից` առայժմ «Ելքը» չի առաջարկում այլընտրանքային լուծումներ` մնալով բողոքական էլեկտորատի շրջանակներում: Արժեքային այլընտրանք, «Ելքը», իհարկե, առաջարկում է` իր քարոզարշավի մեկնարկը դրամահավաքով սկսելով: Ընդդիմադիր դաշինքում ակնհայտորեն հասկացնում են, որ, ի տարբերություն փող բաժանող իշխանությունների, իրենք նույնիսկ ֆինանսական հարցերում ապավինում են հասարակության աջակցությանը: «Ելքն» ակնհայտորն թիրախավորում է ՀՀԿ-ին` լիդերների բանավեճի առաջարկի միջոցով փորձելով քաղաքականացնել ընտրարշավը:
ՀՀԿ-ն, բնականաբար, տրամագծորեն հակառակ մարտավարության կրողն է: «Երևանի ավագանու ընտրությունները, թեպետ քաղաքական են իրենց ձևով, բայց մաքսիմալ ապաքաղաքական են իրենց բովանդակությամբ»,-ասել է Տարոն Մարգարյանը: Խորհրդարանական վերջին ընտրությունները ևս մեկ անգամ բացահայտեցին, որ ՀՀԿ-ն փորձում է արտաքին դրական ֆոն ապահովել` ֆինանսական ու վարչական ռեսուրսներով իր հաղթանակը լեգիտիմացնելու համար:
Մեկնարկող քարոզարշավի մասնակիցների օրակարգը միանգամայն տարբեր է, բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ պարտվողներ չեն լինելու: ՀՀԿ-ն պահպանելու է իշխանությունը Երևանում, «Ելքն» ամրապնդելու է նոր ընդդիմության առանցքը լինելու կարգավիճակը, իսկ «Երկիր ծիրանին» իր քաղաքական բեմելը նշանավորելու է ավագանու մի քանի մանդատով:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ