Աստիճանաբար ամբողջանում է պատկերը, թե Զարուհի Փոստանջյանն ինչու որևէ ձևաչափով չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, ակտիվ նախաձեռնեց կուսակցության ստեղծում` հընթացս երևանցիներին զրկելով «սև-սպիտակ» բանաձևով ընտրություն կատարելու հնարավորությունից: Երեկ շրջանառվեց տեղեկություն, որ Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը ֆինանսավորվում է ռուսաստանցի հայ մեծահարուստ, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանի կողմից:
Ուշագրավ է, որ Զարուհին չի հերքում ֆինանսավորման փաստը կամ ավելի շուտ հերքում է` իրականությունը լղոզելու նպատակով:
Այս պատմության մեջ երկու անցանկալի, եթե կուզեք` նույնիսկ մտահոգիչ հանգամանք կա: Առաջինն այն է, որ մեր կուսակցությունները, որ վաղուց դարձել էին հայկական քրեաօլիգարխիայի և իշխանությունների «կլիենտները», հիմա նման կարգավիճակ են ձեռք բերում օտար` թեկուզև հայկական ծագմամբ, կապիտալի մոտ, վարկաբեկելով ոչ միայն քաղաքականությունը, այլև մեր քաղաքական մտքի թեկուզ սահմանափակ սուվերենությունը:
Մյուս հանգամանքն այն է, որ Ռուբեն Գրիգորյանը, մեծ հաշվով, խնդիրներ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Երբ անցած ամիս վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից երեք տասնյակից ավելի գործարարների, այդ թվում, «Տաշիր Գրուպի» սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասնակցությամբ հայտարարեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ստեղծելու մասին, Ռուբեն Գրիգորյանը բաց նամակով հակադարձեց, թե «հսկայական ռուսական սփյուռքը մի քանի տասնյակ հայերը չեն»:
«Ռուցոգ Ինվեստի» նախագահը նաև սուր քննադատության ենթարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով, թե նրա ֆենոմենը կայանում է նրանում, որ գեղեցկատես արտաքինի ներքո մարդկանց աչքերին թոզ է փչում՝ մոլորեցնելով իր իսկ ժողովրդին: Ստացվում է` «Երկիր ծիրանին», դասական առումով, ընդդիմադիր կուսակցություն չէ, կամ, ավելի ճիշտ, պրոյեկտ է, որ ստեղծվել է Կարեն Կարապետյանին թիրախավորելու համար: Ի դեպ, իրադարձությունների որոշակի ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ Կարեն Կարապետյանի վարչապետական ձախողմամբ մի օր շահագրգիռ լինի անգամ Սերժ Սարգսյանը: Այս տրամաբանությամբ, արդեն 2018-ին, Փոստանջյանն ու նրա «սիրված» նախագահը կարող են դաշնակիցներ լինել:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ Հայաստան են գալիս ոչ թե ռուսաստանցի հայ գործարարների խոստացված ներդրումները, այլ` նրանց հակասությունները:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ