ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ազգ-բանակ». կոնցեպցիա՞, թե՞ իշխանության նոր բրենդ

«Ազգ-բանակ». կոնցեպցիա՞, թե՞ իշխանության նոր բրենդ
21.04.2017 | 23:24

«Ազգ-բանակ» կոնցեպցիան հայկական ծագում չունի: Այն պատմության տարբեր ժամանակահատվածներում կիրառվել է մի քանի երկրներում: Հայաստանում այդ գաղափարը շրջանառու դարձավ, երբ պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Իհարկե, գաղափարը մեկնարկում մի փոքր արժրզրկվեց` նույնանալով «1000 դրամի» նախաձեռնության հետ: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե պետությունը, գեղեցիկ փաթեթավորմամբ, նոր հարկային բեռ է դնում հասարակության վրա: Երեկ «Ազգ-բանակ» կոնցեպցիան առաջին անգամ հանրությանը ներկայացվեց ռացիոնալ առաջարկություններով, որոնք միտված են զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային պայմանների լուծմանը, ժամկետային ծառայության նոր ինստիտուտի ներդրմանը (հուսանք` սա քայլ է պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհին), սպայակազմի ձևավորման այլընտրանքային մեխանիզմների ստեռծմանը (անհրաժեշտ է խուսափել սովետական զինվորական ամբիոնների տխուր նախադեպից):

Ինքնին հասկանալի է, որ խոսքը հավակնոտ նախաձեռնությունների մասին է, և հարկ է վերլուծել այն միջավայրը, ժամանակը, որոնցում դրանք ծնվել են:
Արդյո՞ք «Ազգ-բանակ» կոնցեպցիայի ծնունդը պայմանավորված է քառօրյա պատերազմով, դրա հետևանքներով, կառավարման արատավոր փիլիսոփայությունը վերանայելու անհրաժեշտությամբ, թե՞ գործ ունենք իշխանության գաղափարական վակուումը վերացնելու պարտադրանքի հետ, որը Սերժ Սարգսյանի թիմին անհրաժեշտ է համակարգային տրանսֆորմացիայի քաղաքական լեգիտիմությունն ապահովելու, հանրության հետ երկխոսության օրակարգի պատրանք ստեղծելու համար: Եթե «Ազգ-բանակն» ընդամենը քաղաքական բրենդ է, որը կոնկրետ ժամանակահատվածում ծառայելու է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի քաղաքական շահերին, ապա մենք կտեսնենք կիսատ-պռատ մեկ-երկու ձեռնարկ, հայրենասիրական պաթոս` առանց բովանդակության և ռազմավարական հետևանքի: Եթե Վիգեն Սարգսյանի գաղափարը երկարաժամկետ է` ռազմավարական բաղկացուցիչով, ապա չենք կարող սահմանափակվել միայն բանակային ռեֆորմով, որովհետև ակնհայտ է, որ նույն «Ազգ-բանակ» կոնցեպցիան չի կարող կյանքի կոչվել կոռումպացված համակարգի, անարդյունավետ կառավարման, տնտեսության մոնոպոլացման, քրեական բարքերի առկայության պայմաններում: Արմատապես պետք է փոխվեն մեր պատկերացումները կառավարման, տնտեսության կառուցվածքի, իշխանություն-բիզնես հարաբերությունների հարցերում: Այլ խոսքով` մեզ նոր որակի պետություն է պետք, որին այսօրվա համակարգը չի ձգում: Խնդիրն` իշխանափոխության կամ սոսկ իշխանափոխության մասին չէ, մանավանդ, վերջին ընտրությունները, ըստ էության, բացահայտեցին կենսունակ այլընտրանքի բացակայությունը: Խոսքը նոր, կրեատիվ գաղափարների մասին է, որոնք պետք է ասոցացվեն նոր որակի գործիչների, պրոֆեսիոնալիզմի հետ:

Օրինակ, հիմա ՊՆ-ն բարեփոխվում է. արևմտյան մտածողություն, արժեհամակարգ ունեցող նախարարն իր թիմը համալրում է ՀՀԿ ինտելեկտուալ թևի ներկայացուցիչներով: Սակայն եթե ամեն բան սահմանափակվի միայն ՊՆ-ով, խախտվելու է իշխանության համակարգի ներդաշնակությունը, որովհետև լոկալ ռեֆորմները չեն աշխատում, չունեն էֆեկտ: Մյուս կողմից` իշխանության համակարգը, եթե իհարկե բարեփոխվելու ցանկություն ունի, պետք է «բացվի», որովհետև կրեատիվիզմի ու կադրերի պակաս ունի:
Մյուս կարևոր հարցն այն է, որ մենք չենք ապրում տոտալիտար երկրում և գաղափարախոսությունը` թեկուզև գրավիչ, չի կարող պարտադրվել, լինել նախագահի հրամանագիր, խորհրդարանի օրենք, ՊՆ նախարարի հրաման: «Ազգ-բանակ» կոնցեպցիան կհաջողի, եթե միս ու արյուն ստանա հանրային, մասնագիտական քննարկումների, կոնսենսուսի արդյունքում: Միայն այդ դեպքում բանակը հնարավորություն է ստանում ոչ պարտադիր կերպով ինտեգրվելու մեր կյանքին և բնակչին ինտեգրելու պետության պաշտպանությանը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ