Մեր ԶԼՄ-ներին հետևող մարդիկ չեն կարող կռահել, որ երեք շաբաթ հետո Երևանում ընտրություններ են` իրենց քաղաքական նշանակությամբ երկրորդը խորհրդարանականից հետո: Քաղաքական ուժերի «ծուլությունը» լրիվ ներդաշնակ է հանրային անտարբերությանն ու ապատիային:
Մարդիկ հոգնած են, ու այդ վիճակը բազմաշերտ է` պայմանավորված թե՛ խորհրդարանական վերջին ընտրություններով, թե՛ ընտրությունների նկատմամբ անվստահությամբ` առհասարակ: Մայիսի 14-ին մենք ականատեսն ենք լինելու մեր պատմության ամենաապաքաղաքական ու անձնավորված ընտրություններից մեկին: Իրավիճակի զավեշտն այն է, որ նույնիսկ սոցիոլոգները ներկայացնում են անձերի անհատական վարկանիշները, թերևս գիտակցաբար անտեսելով այն հանգամանքը, որ քվեաթերթիկներում լինելու են ոչ թե մարդկանց, այլ երկու կուսակցությունների և մեկ դաշինքի անուններ: Եթե նախօրեին Ահարոն Ադիբեկյանն ընդամենը խոսել էր միտումների մասին, ապա երեկ Gallup-ը ներկայացրեց քաղաքապետի թեկնածուների կոնկրետ վարկանիշներ: Ըստ այդմ` Տարոն Մարգարյանին պատրաստ են ձայն տալ հարցվածների 61.2, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը: Ադիբեկյանի ասածն ու այս թվերը համընկնում են, և այնքան էլ էական չէ` գործ ունենք իրակա՞ն, թե՞ «կոոպերատիվ» Gallup-ի հետ, որովհետև կարևորը նույնիսկ ոչ թե ռեալ վարկանիշներն են, այլ իշխանության որոշումը, ցանկությունը, որոնք, տվյալ պարագայում, արտահայտվում են հայտնի կամ անհայտ սոցիոլոգների շուրթերով: Իշխանությունների ցանկությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ընտրության արդյունք, որովհետև տեսանելի չեն քաղաքական կամ հանրային դիմադրության օջախներ:
Մի կողմից` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի ավագանու այս ընտրություններում պարտվողներ, ըստ էության, չեն լինելու, մյուս կողմից` քաղաքական ուժերը, անկախ իրենց ձգտումների անկեղծությունից, առայժմ անկարող են համակարգի դեմ:
Ձևավորված համատեքստը լրացուցիչ ինքնավստահություն է հաղորդում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով շեշտված հարգալից տոնայնությամբ է խոսում իր մրցակիցների մասին: Իսկ նրա թիմակիցները հանրային ֆոն են ստեղծում, թե իրենց թեկնածուն այընտրանք չունի: «Մրցակցությունն ինձ համար բացառվում է, ով ում հետ է մրցում, տարիներ շարունակ տեսականորեն քննադատող, խոսողներ եկել են, մրցեն մի մարդու հետ, որն անընդհատ աշխատում է, աշխատողը սխալներ ունենում է, իսկ քննադատողները, որոնք ոչ մի բանի առջև պատասխանատու չեն, ոչ մի բան չեն անում, իրենց իրավունք են վերապահում ցուցմունքներ տալ, դրա համար եմ այս թիմում ու մինչև վերջ մնալու եմ այս թիմում, հավատում եմ այս թիմին»,- երեկ Արաբկիր վարչական շրջանում եզրահանգել է ճարտարապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը: Տարոն Մարգարյանը երեկ անդրադարձել է հին շենքերի պահպանության խնդրին, ասելով, թե լուծումը տեսնում է «Հին Երևան» ծրագրով:
Ի դեպ, ՀՀԿ-ի ինքնավստահության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցության համար ցուցակներ կազմած 114 սկանդալային տնօրեններից երեքը ավագանու համամասնական ցուցակում են:
Հակառակ տեսակետն ունի Նիկոլ Փաշինյանը, ով երեկ իր հիմնակսն մրցակցի Ավան թաղամասում նույնիսկ շենքի կտուրն էր բարձրացել, որպեսզի ընտրողներին համոզի, թե «ելք կա»: «Ելքի» քաղաքապետի թեկնածուն խոստացել է, հաղթանակի դեպքում, 500 հազար ծառ տնկել և Երևանում 5 լողավազան-լճակ ստեղծել:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ օրն իր քարոզարշավը սկսել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկայից, որը շարունակվել է հագուստի տոնավաճառում և հարակից փողոցներում ու շուկաներում: Փոստանջյանն ասել է, որ շախ ու մատ են անելու իշխանություններին, գրավելու են քաղաքապետարանը և սկսելու են համակարգային փոփոխություններ իրականացնել. «Ազատագրելու ենք քաղաքապետարանը կոռուպցիայից, կեղտից, ապօրինություններից և անարդարությունից»:
Չգիտեմ` մայիսի 14-ին «ծիրանագույն հեղափոխությունը» կստացվի, թե ոչ, բայց շուտով բացվում է ծիրանի «սեզոնը», իսկ դա արդեն հրաշալի է:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ