Առավելագույնը, որ ինտրիգ կարող են առաջացնել հայաստանյան ընտրություններում, միջադեպերն են, որոնք, մեծ հաշվով, որևէ աղերս չունեն քաղաքականության հետ: Երևանի ընտրությունների քարոզարշավի երրորդ օրվա ամենահիշատակվող իրադարձությունը, թերևս, նման մի միջադեպն է, երբ «քուչի տղերքից» մեկը որոշել է, որ ընդդիմությունն իր «տարածքում» քարոզչություն անելու իրավունք չունի: Համոզված չեմ, որ այս միջադեպն ուղղորդված, «Հանրապետականի» շտաբում «պլանավորված-գծված» սադրանք է: Ավելի շատ տպավորություն է, որ մեկը փորձել է ինքնահաստատվել` մեր բարքերին ու մենթալիտետին հանգույն: Այլ կարծիքի է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որ պնդում է, թե այդ «Մերսեդեսն» իրենց հետապնդել է Աջափնյակով մեկ: Ընդդիմադիր գործիչը ոչ միայն ոստիկանություն է դիմել, այլև, ըստ էության, ՀՀԿ-ին մեղադրել է իր քարոզարշավը խոչընդոտելու մեջ: «Մեր թիմի ներկայացուցիչների վկայությամբ` սույն անձը ընտրություններում եղել է Գալուստ Սահակյանի որդու` ՀՀԿ-ական Արման Սահակյանի վստահված անձը, և, փաստորեն, դիտավորյալ կերպով փորձում էր միջադեպ հրահրել մեր քարոզարշավին»,-կարդում ենք ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ:
ՀՀԿ-ն, իր հերթին, սկսել է հեգնել կամ ծաղրել մրցակիցներին, սակայն դա անում են ոչ թե Տարոն Մարգարյանը կամ քաղաքական դեմքերը, այլ նրա թիմակիցները: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Դավիթ Օհանյանը և մասնավորապես ասել է. «Ընտրությունների գնալիս մենք ոչ մեկի ծրագրերը չենք քննադատել: Բայց հեծանիվ քշելով և բարձրախոսով բակերում գոռալով՝ ընտրություն չեն անում և քաղաք չեն կառավարում: Ես վստահ եմ, որ դուք համեմատություն անելով թեկնածուների միջև, ձեր ձայնը տալու եք հանուն Երևանի և մեր սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանի»: Քաղաքապետը նույնպես անդրադարձել է ընդդիմությանը, սակայն հեռակա բանավեճի թեմա դարձնելով նրա նախընտրական խոստումները: Տարոն Մարգարյանը նշել է, որ այս պահին անիրատեսական է համարում Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստումը, քանի որ այժմ ավելի առաջնային խնդիրներ կան: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ թեկնածուն անդրադարձել է տրանսպորտի և բազմաբնակարան շենքերի խնդիրներին:
Ի դեպ, Մալաթիայում Մարգարյանի հանդիպմանը ներկա է եղել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սա մեսիջ է, որ մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ-ն մոբիլիզացնելու է իր ողջ ներուժը` հրապարակային ու ստվերային: Քաղաքապետի մյուս թեկնածու Զարուհի Փոստանջյանը երեկ հանդիպումներ չի ունեցել, բայց երեկոյան մասնակցել է Ազատության հրապարակում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի ոգեկոչման հավաքին:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ