ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թրամփը փակում է գրասենյակը՝ վերջ օգնությանը

Թրամփը փակում է գրասենյակը՝ վերջ օգնությանը
26.04.2017 | 09:09

Նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը «Ամերիկան ամեն ինչից առաջ» ներառում է զարգացող երկրներին օգնության արմատական կրճատում և պետդեպարտամենտի միացում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներքին բյուջետային փաստաթղթերին՝ գրում են Բրայանտ Հարիսը, Ռոբի Գրեյմերը և Էմիլի Տեմկինը Foreign Policy-ում: Վարչակազմի մարտին արած առաջարկությունը բյուջեի հարցում խոստանում էր զարգացող երկրների օգնությունը մեկ երրորդով կրճատել, բայց մանրամասներ չկային: Foreign Policy-ի տրամադրության տակ է հայտնվել պետդեպարտամենտի 15- էջանոց փաստաթուղթը, որի համաձայն ծախսերի վերանայումը «ներառում է միջոցներ հանել զարգացման նպատակով օգնությունից և վերահասցեագրել այն ծրագրերին, որ սերտ կապված են ազգային անվտանգության նպատակներին»:

Փաստաթղթի համաձայն՝ Թրամփի վարչակազմը մտադիր է արտասահմանյան ուղղակի օգնության կրճատման ծրագրերը սկսել 2018-ի հարկային տարում: Որոշ կրճատումներ, թվում է, ուղղված են այն երկրներին, որոնք դիտարկվում էին ռազմավարական կարևորություն ունեցող: Օրինակ՝ օգնությունը ՈՒկրաինային, որ ուղղված էր քաղաքական ու տնտեսական բարեփոխումների խրախուսմանը, կրճատվում է 68,8 %-ով: «Երկար տարիներ ՈՒկրաինայում ԱՄՆ քաղաքականության գլխավոր թեմաներից, նպատակներից ու ուղղություններից մեկը եղել է եվրոպական ինստիտուտների հետ այդ երկրի մերձեցման խրախուսումը,- մեկնաբանել է ՈՒիլյամ Թեյլորը՝ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ ՈՒկրաինայում ԱՄՆ դեսպանը, հիմա Խաղաղության ԱՄՆ ինստիտուտի նախագահը:- Մեր շահերից բխում է, որ նրանք ռուսական ինստիտուտների հետ չմերձենան»:

ԱՄՆ-ի ՄԶԳ-ի տնօրենի պաշտոնակատար ՈՒեյդ ՈՒորենը իր աշխատակիցներին պատմել է, որ նախագահի աշխատակազմի պաշտոնյաները մտածում են իրենց գործակալությունը միացնել պետդեպարտամենտին: Դա կարող է կատարվել գործադիր իշխանության ռացիոնալացման վերանայման շրջանակներում, որի հրամանագիրը նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մարտի 13-ին՝: Պետդեպարտամենտը և ՄԶԳ-ն հրաժարվել են մեկնաբանել հնարավոր միացումը և հաղորդել են, որ Սպիտակ տունը գարնան վերջին կհրապարակի ավելի մանրամասն բյուջե: ՄԶԳ-ի ներկայացոցիչը հայտարարել է. «Մենք մտադիր ենք լավագույնս ծախսել ԱՄՆ հարկատուների գումարները՝ լուծարելով ծրագրերը և նախապատվությունը տալով ռեսուրսներին, որ առավելագույնս են առաջ մղում ԱՄՆ-ի շահերը»: ՄԶԳ-ում սպասում են, որ բյուջետային առաջարկը անհրաժեշտ կդարձնի գործակալության դաշտային 35 առաքելություններից 30-ի լուծարումը, 65 %-ով կկրճատի տարածաշրջանային գրասենյակները: Հիմա ՄԶԳ-ն աշխատում է 100 երկրներում:


Առաքելությունների կրճատումից բացի՝ հարվածի տակ են համաշխարհային առողջապահական ծրագրերը՝ կրճատումներ են սպասվում 41 երկրներում: Պետդեպարտամենտի բյուջեն վկայում է, որ առողջապահակա ծրագրերը 25 %-ով կրճատվելու են: Ծրագրվում է Պարենային անվտանգության գործակալությանը զրկել բյուջետային միջոցների 68 %-ից: Վարչակազմը խոստումը կատարել է կրճատելով նաև փոխօգնությունը, որ հատկացվում է խոցելի երկրներին՝ պայքարելու գլոբալ տաքացման հետևանքների դեմ: Բյուջեն արմատական կրճատում է նախատեսում (94,5 %) Օվկիանոսների և միջազգային բնապահպանական ու գիտական հարցերով գրասենյակի ծախսերի մեջ՝ 1 միլիարդ դոլար, որ ԱՄՆ-ն վճարում է Կանաչ կլիմայի հիմնադրամին՝ ածխաջրածնի արտանետումների կրճատման համար: Կրճատումները վկայում են վարչակարգի ձգտումը՝ զարգացման համար օգնությունը կապել անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ազգային շահերի հետ: Բյուջեն զրոյացնում է զարգացման նպատակով օգնությունը 77 երկրների և տարածաշրջանային գրասենյակների և վերահասցեագրում է այդ միջոցները տնտեսական աջակցության հիմնադրամին, որ կապված է կոնկրետ քաղաքական կամ ռազմավարական նպատակների: Ազգային անվտանգության հարցերով թե հանրապետական, թե դեմոկրատ փորձագետները կարծում են, որ կրճատումները կոնկրետ ռիսկեր են պարունակում անվտանգության ոլորտում ԱՄՆ շահերի համար: Փետրվարին պաշտոնաթող 121 գեներալներ ու ծովակալներ բաց նամակ են ուղարկել Սպիտակ տուն և Կոնգրես՝ նախազգուշացնելով արտասահմանյան օգնության և դիվանագիտության ծախսերի կրճատումներից: Նամակի հեղինակները անհանգստանում են, որ «արտասահմանյան օգնության կրճատումը ռիսկային է և կհանգեցնի ԱՄՆ-ի ազդեցության կորստին այլ երկրներում ու տարածաշրջաններում»:.
Բրայանտ ՀԱՐԻՍ, Ռոբի ԳՐԵՅՄԵՐ, Էմիլի ՏԵՄԿԻՆ, Foreign Policy


Հ.Գ. Սա էլ Դոնալդ Թրամփի «Մեծ Ամերիկան»: ԱՄՆ-ը թափ է տալիս փեշերը ու ցած է նետում իր հաշվին ապրող կազմակերպություններին ու երկրներին: Ճիշտ այնքան, որքան ԱՄՆ-ը կրճատելու է իր ծախսերը մի հոդվածով, ավելացնելու է այլ հոդվածների, որոնք կոչված են ապահովել ԱՄՆ-ի քաղաքացիների շահերը: Այս կրճատումներով ԱՄՆ-ի նախագահը դառնում է ամենապոպուլիստ նախագահը ԱՄՆ-ի վերջին տասնամյակների պատմության մեջ, որ տուրք է տալիս իր քաղաքացիների օրվա պահանջներին, բայց ավելի է մեծացնում իր երկրի վաղվա ծախսերը: Իրականում այդ բոլոր փողերը փայլուն աշխատում են ԱՄՆ-ի համար ամբողջ աշխարհում՝ միաժամանակ կատարելով թե իրենց բուն գործը, թե հույժ դիվանագիտական գործ՝ տեղեկատվության հավաքագրում, որը ԱՄՆ-ը չի կարողանալու ապահովել իր հատուկ ծառայությունների միջոցներով: Այն, ինչ անում է մարդը, ոչ մի տեխնիկա չի ապահովի: Փաստացի՝ միգրանտների մասին հրամանագրից հետո ԱՄՆ-ում հասունանում է նոր ու դանդաղ՝ դիվանագիտական սկանդալ, որ խոստանում է ավելի վտանգավոր լինել: Գուցե չեն սխալվում նրանք, որ կանխատեսում են ԱՄՆ 45-րդ նախագահի իմպիչմենտը:
Հավելեմ, որ եթե փոփոխություններն արվեն, 2018-ից Հայաստանին տրամադրվող աջակցությունը կկրճատվի 77,3 %-ով, Ադրբեջանինը՝ 100 %-ով, Բելառուսինը՝ 100 %-ով, Վրաստանինը՝ 41,1 %-ով, Մոլդովայինը՝ 47,4 %-ով, ՈՒկրաինայինը՝ 68,8 %-ով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ