ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

2018-ին նշանակված վարչապետն ամեն պահի կարող է փոխվել

2018-ին նշանակված վարչապետն ամեն պահի կարող է փոխվել
05.05.2017 | 10:57

Ի սկզբանե պարզ էր, որ կուսակցություններից ընտրված պատգամավորների նախնական ցուցակը լուրջ զտումների է ենթարկվելու։ Վերջին ամիսը պոտենցիալ պատգամավորների համար լարված սպասումների և անորոշության ժամանակաշրջան էր։
Եվ այսպես` պատգամավորական մանդատներից երկար սպասված ինքնաբացարկները հրապարակվեցին։ Իհարկե, այն զտումը, որ կատարվեց այս երկու օրերին, ամենայն հավանականությամբ, առաջին փուլն է, քանի որ գոնե իշխանության մասով (ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի) ցուցակներից դուրս են եկել մարդիկ, որոնք ընդգրկված են լինելու գործադիր իշխանության կազմում՝ նախարարներ, մարզպետներ և այլն։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կառավարություն ձևավորելու փուլում և կոնկրետ անձերի շուրջ վերջնական հստակեցումներից հետո ևս մեկ-երկու հոգի հրաժեշտ չի տա խորհրդարանին։


Ինքնաբացարկների թվի առումով ակնհայտորեն աչքի է ընկնում «Ծառուկյան» դաշինքը։ Ինչպես և նախորդ ընտրություններից հետո՝ այստեղ սկանդալային ինքնաբացարկներ կան, հրաժարումներ, որոնց մասին, ինչպես միշտ, հեղինակները տեղեկանում են միայն մամուլից։ Եթե հանրապետական և դաշնակցական ցուցակներին հրաժեշտ տվածներին փոխհատուցում է կատարվում այլ պաշտոններով, ապա «Ծառուկյան» դաշինքի դեպքում դժվար թե այդ փոխհատուցումը լինի և եթե անգամ լինի էլ, ապա պատգամավորական մանդատին համարժեք չի լինի։ Ֆորմալ առումով ընդդիմադիր կարգավիճակում հայտնված «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտնած մարդկանց եթե անգամ իշխանությունը ցանկանա գործի տեղավորել, հասկանալի է, որ բաժին կհասնեն լավագույն դեպքում երրորդական-չորրորդական էշելոնի պաշտոններ։
Սակայն այս իրավիճակը միայն առաջին հայացքից է տարօրինակ թվում։ Քանի որ, փորձագիտական շրջանակների կարծիքով, ամենայն հավանականությամբ, այդ բոլոր քաղաքական ուժերի ցուցակները համակարգվում են, վերջնական տեսք են ստանում մեկ վայրում՝ Բաղրամյան 26-ում։ Ամեն ինչ համաձայնեցվելու է կոնկրետ սցենարի համատեքստում։ Ի վերջո, այդ կազմը հաստատում է նախագահը կամ գուցե՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան իշխանական տանդեմը։


Սա բնական է, քանի որ եթե ճշմարտությանը մոտ են հնչող պնդումները, թե հանրապետականի և դաշնակցության համամասնական ու ռեյտինգային ցուցակները կազմվում էին ամենայն մանրակրկտությամբ և նույն տեղում, իսկ «Ծառուկյան» դաշինքի ցուցակն այդ նույն վայրում առնվազն համաձայնեցվում էր, ապա տրամաբանական է, որ վերջնական արդյունքներն էլ պետք է խմբագրվեն նույն վայրում։ Եվ ամենայն հավանականությամբ հենց դա էլ այս օրերին տեղի է ունենում։ Պատահական չէ, որ մամուլում ինֆորմացիա տարածվեց, թե Սերժ Սարգսյանն ապագա խորհրդարանում կարող է ունենալ 85-90 պատգամավոր, որոնք անձնապես կապված են իր հետ։ Ասել է՝ ինքն է նրանց ընտրել, իրեն են նրանք պարտական մանդատ ունենալու համար և ուրեմն իրեն են ուղղակիորեն ենթարկվելու ապագայում։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հենց ինքն է ղեկավարում ամբողջ գործընթացը, որովհետև իր համար շատ կարևոր է, որ ապագա խորհրդարանը նոր կառավարման սահմանադրական համակարգի պայմաններում լինի առավել քան լոյալ, լոյալ անձամբ իրեն, քանի որ նոր իշխանական լծակների վերաբաշխման և խորհրդարանական համակարգի պայմաններում Սերժ Սարգսյանը պետք է 100 տոկոսով վստահ լինի այդ խորհրդարանի վրա, ընդ որում՝ ցանկացած փաստացի զարգացման սցենարում։ ՈՒշադրությունն Ազգային ժողովի նկատմամբ անհրաժեշտ է, քանի որ այս մարմինն է 2018-ին տեխնիկական առումով որոշելու, թե ով է ստանձնելու վարչապետի պաշտոնը։ Այս խորհրդարանի ձեռքում է ամեն ինչ, և այն, անհրաժեշտության դեպքում ինչ-ինչ ներքին կամ արտաքին քաղաքական գործոններից ելնելով կամ էլ ֆորսմաժորային պայմաններում, կարող է ցանկացած պահի վարչապետ փոխել և նորին նշանակել։ Իսկ սցենարներն այս պահին բազմապիսի են։


Եթե գործող նախագահը, այնուամենայնիվ, որոշում է, որ 2018-ի ապրիլից հետո ինքն է լինելու ապագա վարչապետը (բնականաբար, եթե քաղաքական իրավիճակը թույլ տա), ապա ընթացող վերադասավորումները և պատգամավորական ցուցակների հրապարակման ձգձգումներն ինքնին հասկանալի են։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը պահում է սահմանադրական բարեփոխումներից առաջ տված իր խոստումը՝ թե ինքը ո՛չ վարչապետ է լինելու, ո՛չ էլ ԱԺ նախագահ, առավել ևս պետք է վստահ լինի, որ ձևավորվելիք խորհրդարանը լոյալ է լինելու անձամբ իրեն։ Նախագահը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը դառնալու է, այսպես ասած, կուսակցության «գլխավոր քարտուղար»՝ նստելով Մելիք-Ադամյան 2-ում և ղեկավարելով կուսակցությունը, կուսակցություն, որը քաղաքական կայուն մեծամասնություն ունի խորհրդարանում և կառավարություն է ձևավորել, պետք է վստահ լինի, որ այդ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ հարկ եղած դեպքում կկատարի իր հրահանգները։ Ընդ որում, այդ հրահանգները պետք է կատարեն ոչ միայն խորհրդարանում, այլև կուսակցությունում։ Այդ է պատճառը, որ այսպիսի մանրակրկտությամբ են կազմվում ամեն տեսակի ցուցակները։


Լոյալ խորհրդարան ունենալու տիրույթի մեջ են տեղավորվում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական ցուցակի շուրջ տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները։ Անկախ դրա պատճառներից՝ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական խմբակցությունը կա՛մ միատարր չի լինելու և վերահսկվելու է դրսից Ծառուկյանից նեղացած պատգամավորների միջոցով, կա՛մ, ինչը հավանական է, դաշինքի խմբակցության կազմից դուրս կգան մի շարք անձինք, որոնք կստանան, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակ։ Այսինքն՝ ի վերջո իշխանությունը կարող է ստանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանի ընդդիմադիր հատվածում պատկառելի ներկայություն ունեցող քաղաքական ուժ այլևս չի լինի, և փաստացի կստացվի այսպես կոչված մոզայիկ ընդդիմադիր կառուցվածք ունեցող խորհրդարանական հատված։
Այս նույն սցենարը հաշվի է առնվում նաև այն հեռանկարում, երբ Սերժ Սարգսյանը փաստացի իշխանությունում ունենա այլ պաշտոն, ինչպես ինքն էր նշում, անվտանգության համակարգի հետ կապված։ Սերժ Սարգսյանը պետք է վստահ լինի, որ խորհրդարանն իր կազմով կարող է որոշումներ ընդունել, անհրաժեշտության դեպքում նաև խափանել։ Խոսքը վերաբերում է նաև «Ծառուկյան» դաշինքին, որն ըստ անհրաժեշտության կարող է աջակցել կառավարությանը, և հակառակը՝ դառնա ընդդիմություն կառավարությանն ու փորձի հանրապետական որոշ թևերի հետ տապալել կառավարությունն ու փոփոխություններ մտցնել։


Այս նույն լոյալությունը պետք կլինի նաև հետևյալ տարբերակում, ինչը ներկայում քիչ է դիտարկվում։ Այս պահին, իհարկե, խոսակցությունների հիմնական թեման 2018-ին վարչապետի թեկնածուի հարցն է. քննարկվում է, որ այդ պաշտոնում լինելու է Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանը։ Թերևս դիտարկվում է նաև Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Այնպիսի տպավորություն է, որ եթե 2018-ին նշանակվում է վարչապետ, ապա նա նշանակվում է 5 տարի ժամկետով և անձեռնմխելի է։ Սակայն այդ վարչապետը ցանկացած պահի կարող է փոխվել։ Մասնավորապես, 2018-ին վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել, օրինակ, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանն այլ դասավորություն ստեղծի և իրեն այլ աթոռի տեսնի, բայց ինչ-որ ժամանակ անց ՀՀԿ նախագահին լոյալ նույն խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել գործող կառավարությանն ու փոխել վարչապետին։


Վարչապետը թեև հանրապետության թիվ մեկ պաշտոնյան է լինելու, սակայն այդ պաշտոնյան, ըստ էության, բավականին խոցելի է և կառավարելի խորհրդարանական մեծամասնության տեսակետից։ Ցանկացած պահի կարող է փոփոխություն տեղի ունենալ, և վարչապետ դառնա, օրինակ, ժամանակավորապես ստվեր գնացած այսօրվա նախագահը կամ այլ գործիչ։


Այսօր բոլորը խոսում են 2018 թ. վարչապետի հնարավոր թեկնածուի մասին, սակայն իրականությունն այն է, որ այդ նույն վարչապետի պաշտոնը, ի տարբերություն այսօրվա նախագահի կարգավիճակի, ընտրովի, բայց փոփոխական պաշտոն է։ Վարչապետը չի ընտրվում կոնկրետ ժամկետի համար, և հասկանալի է, որ երաշխավորված չէ նրա 4 կամ 5 տարվա պաշտոնավարումը։ Նա ընտրվում է այնքան ժամկետով, որքանով խորհրդարանական մեծամասնությունը կամ իշխող ուժը ցանկություն կունենա համագործակցելու նրա հետ։ 2018-ից հետո էլ վարչապետն իրականում իրավիճակային և վերահսկելի ֆիգուր է լինելու։ Իհարկե, եթե իր վարչապետության ժամանակաշրջանում չկարողանա փոխել ազդեցության հարաբերակցությունը իշխող մեծամասնության մեջ։


ՈՒստի շատ կարևոր է, որ խորհրդարանում հայտնվի պատգամավորների վերահսկելի կազմ, խոսքը ոչ միայն կայուն մեծամասնություն ունեցող ուժի կամ կոալիցիա կազմած ՀՅԴ-ի մասին է, այլև «Ծառուկյան» դաշինքի, որը մտավ քաղաքական պայքարի մեջ, ամենայն հավանականությամբ, իշխանական սցենարի շրջանակում, և չի բացառվում՝ ոչ միայն նախընտրական փուլին բնորոշ առաքելություն ուներ (կլանել ընդդիմադիր ձայները, բացառել հետընտրական զարգացումները), այլև նրան վերապահված է շատ ավելի երկար հեռանկար՝ դառնալ մանևրի գործիք, ասենք, այսօրվա գործող նախագահի ձեռքում և հինգ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նաև կառավարության փոփոխություններ։ Հիշեցնենք, որ ժամանակին այդպես եղավ Տիգրան Սարգսյանի պարագայում, երբ վերջինիս հրաժարականը նախաձեռնեց այդ օրվա ընդդիմությունը նույն ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ամենաակտիվ մասնակցությամբ։ Եվ իշխանությունը, ըստ էության, պաշտոնանկ արեց նրան՝ «կատարելով հասարակության պահանջը»։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ