Երևանի քաղաքապետի ընտրություները ՀՀԿ-ին ոչ միայն բավարարում է, այլև՝ կուսակցության համար տպավորիչ արդյունք է։ «Քաղաքական լկտիություն կլիներ, եթե ասեի, որ արդյունքները մեզ չեն բավարարում, սպասելի էր, այնպես չէ, որ այս արդյունքը մեզ համար սենսացիոն էր, մենք կանխատեում էինք 70 տոկոսից մի քիչ ավելի, մի քիչ պակաս»՝ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նույնիսկ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» կասկած չեն ունեցել, որ Տարոն Մարգարյանը հաջողություն է գրանցելու։ «Սա շատ պարտավորեցնող է, մենք ձեռքներս քշտած պետք է աշխատենք, Տարոն Մարգարյանը պետք է իր քաղաքական թիմով անի ամեն ինչ, որպեսզի 71 տոկոս ստացած ձայնից որևիցե մեկը չփոշմանի, որ ձայն է տվել, ավելին, այն մնացած 30 տոկոսն էլ տեսնեն այս հինգ տարիների ընթացքում այն դրական փոփոխությունը, որը քաղաքային տնտեսությունը կարձանագրի Տարոն Մարգարյանի գլխավորությամբ»,- ասաց Է. Շարմազանովը։ Նա շնորհավորեց իրենց մրցակիցներին, հատկապես, «Երկիր ծիրանիին»։ ««Երկիր ծիրանիի» համար սա քաղաքական դեբյուտ էր և 7 տոկոսից ավելի ստանալը, կարծում եմ, բավականին լուրջ ձայներ էր, և ես Նիկոլին էլ եմ ուզում շնորհավորել, Էդմոն Մարուքյանին, սա առանց որևէ սարկազմի եմ ասում, գուցե իրենց սպասելիքները շատ էին, բայց պետք է քաղաքականության մեջ իրատես լինել»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
ՀՀԿ մամուլի խոսնակը չէր վարվի այնպես, ինչպես վարվել է «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ մուտք գործելով Ավանում ՀՀԿ նախընտրական շտաբ։ «Եթե ես լինեի թեկնածու, ես նույնկերպ չէի վարվի «Երկիր ծիրանիի», «Ելքի» կամ այլ գրասենյակներում, բայց դա տիկին Փոստանջյանի խնդիրն է, ես չեմ ուզում իմ ժամանակը ծախսել գնահատականներ տալու համար»,- ասել է Շարմազանովը։ Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանի արարքը ոչ հաճելի ու ոչ քաղաքական արարք էր։ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համացանցից է տեղեկացել, որ Փոստանջյանի աղջիկը առողջական խնդիրներ է ունեցել։ «Օգտվելով առիթից ես առանց պաթոսի, առանց ձևականության ուզում եմ առողջություն մաղթել, որովհետև անկախ նրանից՝ մենք քաղաքական օպոնենտնե՞ր ենք, թե չէ, մեր ազգի երեխաների առողջությունը բոլորիս խնդիրն է, առողջություն եմ մաղթում, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ ես իմ տղային հետս չէի տանի քաղաքական այլ միջոցառումների, աղջկաս՝ առավել ևս»,- նշեց նա։ ՀՀԿ խոսնակի խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպի ժամանակ իրավապահներն իրենց պահել են կոռեկտ։ «Իրավապահները պահել են իրենց բավականաչափ կոռեկտ, եթե որևէ ժողովրդավարական երկրում նման բան լիներ, իրավապահներն այդքան չէին էլ հանդուրժի»,- ասաց նա։