Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Վարչապետի համար ընտրությունները դեռ շարունակվում են

Վարչապետի համար ընտրությունները դեռ շարունակվում են
26.05.2017 | 11:04

Որքան էլ շատերի համար անսպասելի էր, բայց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը փաստացի ուրվագծեցին խորհրդարանական ներկապնակի իրական կոնֆիգուրացիան։ Մի բան է՝ ֆորմալ առումով լինել իշխանություն կամ ընդդիմություն, այլ բան է իրականում խորհրդարանում ունեցած իրավիճակը, քանի որ հենց այդ իրավիճակով է շատ բան առաջիկա տարիներին պայմանավորված լինելու։ Այդ կոնֆիգուրացիան է որոշելու, թե խորհրդարանը, լինելով երկրի ամենագլխավոր կառավարման մարմինը, որի ձեռքում են իշխանության ձևավորման լուրջ լծակներ, իրականում ինչ գործառույթ կարող է կատարել և ինչ գործիք կարող է դառնալ որոշումներ ընդունող մարդկանց ու իշխանությանը մոտ կանգնած խմբերի համար։ Եվ այդ գործիքն օգտագործելով էլ կարելի է ամրապնդել դիրքերը կամ լծակներ ձեռք բերել։


Այս առումով հատկանշական է, որ խորհրդարանում առաջին իսկ քննարկումներն ու գործընթացները, մանավանդ քվեարկությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը կամ միայնակ, կամ վարչապետի հետ գործող քաղաքական տանդեմով այսօր անհրաժեշտության դեպքում կարող է ոչ թե 60-65 ձայնի տիրապետել և վերահսկել, այլ նույնիսկ 80-85 ձայնի։ Վերլուծաբանները նման եզրակացության հանգեցին այն պահից, երբ տեսան, թե ինչպես է խորհրդարանական քննարկումներում և քվեարկություններում հանդես գալիս Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը։ Ըստ էության միանգամից պարզվեց, որ այդ ուժը նույնիսկ որպես «այլընտրանք» չի հանդես գալիս, այլ այս պահի դրությամբ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը հանդես է գալիս որպես իշխանական կոալիցիային կողքից օժանդակող ուժ, ինչին պահը չկորցրեց և ուշադրություն հրավիրեց խորհրդարանական մյուս ընդդիմադիր համարվող ուժը՝ «Ելք» դաշինքը։ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ իշխանության հետ է համագործակցում, քան ընդդիմության։ Մյուս ղեկավարներից մեկը՝ Արամ Սարգսյանը, ընդհանրապես կարծիք հայտնեց, որ նրանք դեռ պետք է ապացուցեն, որ ընդդիմադիր են: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, «Ծառուկյան» դաշինքն ու անձամբ նրա ղեկավարը առայժմ փորձեր էլ չեն անում ցույց տալու, թե իրենք ընդդիմություն են։ Դրա վառ դրսևորումը իշխանական կոալիցիայի կողմից առաջարկված ԱԺ նախագահի թեկնածուին կողմ քվեարկելն էր: Եվ դա այն պարագայում, երբ իրենց «գործընկեր» ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ելքը», ընդդիմադիր թեկնածու էր առաջադրել:

Այսինքն՝ նրանք իրենց բավականին լոյալ են պահում ցանկացած իշխանական դրսևորման նկատմամբ. ազատ քվեարկության ռեժիմն էլ, ինչպես շատ վաղուց կանխատեսվում էր, իրականում պարզապես վատ քողարկվող հնարք է:
Այսպիսով՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է գրեթե ամբողջ խորհրդարանը։ Այս պարագայում հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքի պահվածքը շատ լավ առիթ է «Ելք» դաշինքի համար, որ վերջինս իրեն ասոցացնի միակ ընդդիմության հետ ոչ միայն խորհրդարանում, այլև լայն իմաստով երկրի ընդդիմադիր դաշտում։ Քաղաքական, տեխնոլոգիական տեսակետներից «Ելքն» աշխատում է քննարկումներ բացել, ցույց տալ, որ ինքը հակառակ տեսակետներ ունի, շատ դեպքերում ընդդիմանում է անգամ երկրորդական հարցերում։ Եվ դա հիմնականում իր ընդդիմադիր կեցվածքը և կարգավիճակը ֆիքսելու համար է։ Ամեն դեպքում, թեև խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, բացի հանրապետականների և դաշնակցականների ձայներից, վերահսկում է նաև «Ծառուկյան» դաշինքի գերակշիռ մասի ձայները, պետք է արձանագրել, որ «Ելքը» թեև այժմ առանձնապես մեծ անհանգստություն չի պատճառում իշխանությանը, իշխանության վերահսկվող ռեսուրսները լրիվ բավարար են, որ առանց «Ելքի» էլ բոլոր հարցերը լուծվեն։


Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ «Ելք» դաշինքը նույնպես կարող է բավականին խոցելի լինել, որովհետև այն, այնուամենայնիվ, 3 տարբեր քաղաքական ուժերից կազմավորված դաշինք է, որոնք ձևավորման տարբեր ճանապարհներ են անցել, տարբեր կենսագրություն ու, ինչպես քաղաքական շրջանակներում են պնդում, տարբեր աստիճանի վերահսկելիություն ունեն իշխանության ճյուղերի կողմից։ Հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ այդ դաշինքի առաջնորդները միմյանց նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարիդրացիական էին տրամադրված, սա ավելի շուտ նախընտրական, պահի ազդեցությամբ ստեղծված մարտավարական դաշինք է, և նրանց միջև հակասությունները, չնայած փորձում են քողարկել, բավականին շատ են, և եթե անհրաժեշտություն լինի, ճեղքեր կարելի է գտնել ու մասնատել քաղաքական այդ միավորումը։ Սա նույնպես բերում է այն եզրակացության, որ խորհրդարանը գրեթե ամբողջովին վերահսկողության ներքո է։ Իսկ դա շատ կարևոր է, քանի որ այդ ամենը դիտարկվում է 2018-ից հետո ձևավորվելիք իշխանության կոնֆիգուրացիայի տիրույթում։


Այն, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, երևաց նաև ԱԺ-ի ղեկավար մարմնի ընտրության ընթացքում: Այնտեղ առանձնապես անակնկալներ, ինչպես և սպասվում էր, չեղան, ամեն ինչ փոխհամաձայնեցված էր. «Ծառուկյան» դաշինքը՝ իշխանության թեկնածուների համար, իշխանությունը՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների օգտին։ Միակ ոչ սցենարային քվեարկությունը, թերևս, Արմեն Աշոտյանի հետ էր կապված։ Այս քվեարկությունը ցույց տվեց, որ թեև իշխանությունը վերահսկում է խորհրդարանը, սակայն իշխանության՝ ՀՀԿ-ի ներսում ընթանում է շատ ավելի լուրջ պայքար, քան ոմանք սպասում էին։ Աշոտյանի քվեարկության արդյունքում բոլորին հասկանալի դարձավ, որ ՀՀԿ զգալի մասը դեմ էր քվեարկել իրենց կուսակցության փոխնախագահին։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում խմորումները շարունակվում են, և դրանք շարունակվելու են մինչև 2018-ի ապրիլը, մինչև պարզվի, թե ով է լինելու երկրի դեֆակտո թիվ մեկ պաշտոնյան։ Ինչ խոսք, քանի որ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը, ով էլ լինի երկրի դեյուրե ղեկավարը, նա իշխանության իր մասնաբաժինը միշտ ունենալու է։ Այժմ արդեն հիմնական ինտրիգը կտեղափոխվի նորացվող կառավարության ձևավորման դաշտ:
ՈՒշագրավ էր, որ Սերժ Սարգսյանն առանց ձգձգելու, ինչպես ինքը նշեց տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար, վարչապետի պաշտոնում անմիջապես վերանշանակեց Կարեն Կարապետյանին։ Սա նշանակում է, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են վարչապետի հետ դեռևս 2016-ի սեպտեմբերից սկսած, առայժմ պահպանվում են։ Մնացածը կախված է մյուս կողմի արդյունքներից։ Առաջիկայում ձևավորվելու է նոր կառավարությունը։ Եվ քանի դեռ այս կառավարությունը ժամանակավոր է, դժվար թե շատ փոփոխություններ լինեն դրա կազմում։ Գուցե լինեն որոշակի շտկումներ, որոնք բխում են նոր սահմանադրության դրույթներից կամ օպերատիվ անհրաժեշտությունից։


Կառավարությունը բնույթով գուցե ժամանակավոր է, սակայն Կարեն Կարապետյանի համար այն չի կարող ժամանակավոր լինել։ Այս մեկ տարին նրա համար բավական լուրջ նշանակություն ունի, քանի որ 2018-ի ապրիլի շեմին, երբ նստեն որոշեն, թե ով լինելու հանրապետության թիվ մեկ պաշտոնյան, առաջին հերթին դիտարկելու են կառավարության գործունեության արդյունքները։ Անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանն այս ընթացքում քաղաքական բնույթի ելույթներ ունենալու է, թե ոչ, կմասնակցի ներիշխանական ինտրիգներին, էլիտայի ծնունդ-կնունքներին, թե ոչ, եթե նա չկարողանա իր գլխավոր խնդիրը լուծել՝ բեկում մտցնել տնտեսության մեջ, ապա նրա հնարավորությունները զրոյական կդառնան։ Այդ պատճառով գործող վարչապետն այս պահի դրությամբ կարծես թե կենտրոնացել է ոչ թե քաղաքական գնահատականների կամ ելույթների, և առավել ևս այն բանի վրա, թե ինչ են նրա՝ որպես քաղաքական գործչի ընդունակությունների մասին խոսում քաղաքական և լրատվական դաշտում, այլ տնտեսական բարեփոխումների վրա՝ հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը և հնարավոր հաղթաթուղթը։ Այնպես որ՝ առաջիկայում նշանակվելիք կառավարությունը նրա համար իր էությամբ ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական կառավարություն է։ Եվ ընդհանրապես առանձնահատուկ իրավիճակ է, քանի որ Կարեն Կարապետյանը շատ կարճ ժամանակահատվածում երեք անգամ նշանակվում է վարչապետ և կառավարության ծրագիր ներկայացնում՝ 2016-ին, 2017-ին և 2018-ին, եթե, իհարկե, ամեն ինչ նրա համար նորմալ ընթանա։


Այնպես որ՝ բավական էքստրեմալ իրավիճակ է ստեղծվել գործող վարչապետի համար։ Նրա համար չի կարող լինել ժամանակավոր կաբինետ, կա իրավիճակային կառավարություն, որը պետք է լուծի կոնկրետ խնդիրներ մինչև 2018 թվականը։ Եվ եթե 2018-ին քաղաքական որոշում կայացվի, ու հաստատվի, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի պաշտոնավարումը, ապա իրավիճակային կառավարությունը կվերածվի ստրատեգիական կառավարության։ Այնպես որ` վարչապետի համար ընտրությունները դեռ շարունակվում են:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ