ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

1921-ի Կովբյուրոյի որոշումը Մոսկվայի «կանխավճարն» է Ադրբեջանին՝ ազատագրված տարածքների այսօրվա մեր «փոխզիջման» փոխարեն

1921-ի Կովբյուրոյի որոշումը Մոսկվայի  «կանխավճարն» է Ադրբեջանին՝ ազատագրված  տարածքների այսօրվա մեր «փոխզիջման» փոխարեն
30.05.2017 | 10:32

Չբավարարվելով սեփական տարածքում հայերի ցեղասպանության «արդյունքներով», նաև այն շարունակելու նպատակով, Թուրքիան նախաձեռնեց ցեղասպանության «արտահանումը» թուրքական մյուս պետություն՝ նորաստեղծ Խորհրդային Ադրբեջան, ակնկալելով նաև այնտեղ ապրող հայերի վերջնական բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց պատմական տարածքներից։
1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի պատմական հողերի վրա ստեղծվեց Հայկական առաջին Հանրապետությունը՝ մոտ 60000 քառակուսի կմ տարածքով։ Ցավոք, Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան ամեն ինչ արեցին՝ վիժեցնելու այդ իրողությունը և անկախ Հայաստանը 1920-ին բաժանեցին իրենց միջև։ Այդ նենգ «գործարքով» Թուրքիային անցան Կարսի, Արդահանի և Սուրմալուի նահանգները։ Իսկ Ռուսաստանին անցած՝ անդամահատված և հարկադրաբար խորհրդայնացված Հայաստանը, ընդամենը 7 ամիս անց՝ 1921-ի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշմամբ, ստիպված էր նոր տարածքներ (Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը) «զիջել», այս անգամ` Ադրբեջանին, որտեղ էլ շարունակվելու էին հայերի կոտորածներն ու սպիտակ ջարդը։


Այսպիսով, հայկական պետության ստեղծումից ընդամենը երկուսուկես տարի անց նրա տարածքի մոտ կեսը Ռուսաստանն ինքնակամ, հայ ժողովրդի կամքին հակառակ, զոհաբերեց երկու թյուրքական պետություններին, դրա հետ մեկտեղ այդ տարածքների հայ բնակչությանը ևս մեկ անգամ «հանձնելով» ցեղասպանության։
ԽՍՀՄ-ի փլուզումից երկու տարի առաջ, Միության գործող Սահմանադրության համաձայն, Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ Հայաստանի հետ վերամիավորման միտումով։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները, հայերին պատժելու նպատակով, 1988-ին նախ Սումգայիթում, ապա Բաքվում նախաձեռնեցին հայերի աննախադեպ, ակնհայտ կոտորածներ ու սպանդ` ասես շարունակելով Թուրքիայում «կիսատ» մնացած ցեղասպանությունը (կենդանի այրեցին շատ շատերին, չխնայելով անգամ նորածին երեխաներին, հղի կանանց ու ծերերին)։


Օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, Ադրբեջանի իշխանությունը 1991-ին սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ Ղարաբաղի անզեն ժողովրդի նկատմամբ։ Չնայած մարդկային մեծ զոհերին, Ղարաբաղի ժողովուրդը ծնկի բերեց Ադրբեջանին։
Միայն Ռուսաստանի «անշահախնդիր» միջամտությամբ կասեցվեց հայ երկրապահների հաղթարշավը, ինչը փրկեց Ադրբեջանին է՛լ ավելի մեծ և խայտառակ պարտությունից։ Թեև մեզ «չհաջողվեց» հաղթանակած կողմին արժանի պայմանագրի (կապիտուլյացիայի պակտի) կնքումը, սակայն Մոսկվային հաջողվեց իրեն «շնորհել» հակամարտության անմիջական միջնորդի կարգավիճակ, ինչն ապահովեց նրան շարունակելու և մշտապես իր ձեռքում պահելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ճակատագիրը, դրանով իսկ թելադրել իրեն շահեկան (մեզ համար՝ ոչ ցանկալի) ուղիով տանելու բանակցությունները, որոնք, թերևս, հետագայում մեր պարտվողականության հիմնական պատճառը դարձան։ Այդ իրավիճակի գլխավոր պատճառը այն է, որ մեր բարձրաստիճան այրերը դեռևս խուսափում են առերես հակադրվելուց, հաղթահարելուց և ճեղքելուց Մոսկվայի արգելքը բանակցություններում՝ անկաշկանդ, առանց վախի, ի լուր աշխարհի բարձրաձայնելու նրա իսկ կողմից Ղարաբաղի և Նախիջևանի հանձնումն Ադրբեջանին, և 70 տարի այնտեղ հայերի խոշտանգումների, սպիտակ ջարդի, և վերջապես Սումգայիթում, Բաքվում ու Ղարաբաղում՝ ցեղասպանություն իրագործելու մասին, որոնք էլ հենց դարձան Ղարաբաղի հայերի պոռթկման անմիջական և հիմնական պատճառը, ծնելով «ղարաբաղյան հակամարտությունը»։
Թերևս դժվար չէ կռահել, թե ինչու են այդ հակամարտությունը ծնած, հույժ կարևոր և ծանրակշիռ պատճառի արծարծումը կանխամտածված շրջանցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (հատկապես ՌԴ-ն), ղարաբաղյան բանակցությունները դարձնելով անարդար, անիմաստ ու ձևական։ Եվ զարմանալի չէ, որ հակամարտությունը կարգավորող այդ խումբը մինչ օրս չի արձանագրել որևէ լուրջ և շոշափելի արդյունք։


ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծումը պետք է սկսեր այդ հակամարտությունը ծնած իրական, պատմական ծանրակշիռ պատճառների խոր վերլուծությամբ բացահայտված փաստերի վերծանմամբ ու գնահատմամբ։
Մինչդեռ Մոսկվան շահագրգիռ չէ այդ ամենում, քանի որ մեղքի իր մեծ բաժինն ունի մեր տարածաշրջանում, հատկապես Ղարաբաղում այսօր ստեղծված խիստ պայթյունավտանգ իրավիճակի համար, պայմանավորված դեռևս 1921-ին Կովբյուրոյի ձեռամբ այնտեղ տեղադրված «ականներով», որոնք պարբերաբար պայթում են «անհրաժեշտ» պահին։
Հայտնի է, որ Խորհրդային Միության կազմավորման հենց սկզբից բոլշևիկյան իշխանությունները կանխամտածված, հեռահար նպատակով, բավականին բարդ և խելամտորեն խճճած, սակայն հետագայում ազգամիջյան և միջպետական պոտենցիալ մեծ վեճեր պարունակող խորամանկ քայլերի շնորհիվ կախման մեջ գցեցին միութենական բոլոր երկրները, որոնց հետագա անկախացումը Մոսկվայից, անկասկած, հանգեցնելու էր պատերազմի։


Մոսկվան մեղքի իր ոչ փոքր բաժինն ունի նաև Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության հարցում։ Ինչևէ, միանշանակ է, որ ՌԴ-ն, իր ռազմավարական շահերից ելնելով, երբեք թույլ չի տա ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումն այնքան ժամանակ, քանի դեռ համատեղ չի «սանձել» Հայաստանին ու Ադրբեջանին։ Ցավոք, Հայաստանն իր «անկախության» օրվանից այդպես էլ ոչ միայն չկարողացավ թոթափել ռուսական «լուծը», այլև ավելին՝ Մոսկվայի ձեռամբ շղթայվեց ամուր կապանքներով: Իր սադրիչ քայլերով Մոսկվան ժամանակ առ ժամանակ ավելի է սրում առանց այն էլ հեղհեղուկ իրավիճակը, նորանոր կրքեր բորբոքելով հակամարտող կողմերի միջև, ինչն էլ, ի դեպ, հանգեցրեց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային։
Բանակցություններում ստեղծված այսօրվա «պատային» վիճակը (ստատուս քվոն) զգոնության և ժամանակի կորուստ էր մեզ համար։ Ցավոք, Ադրբեջանն այդ իրողությունն օգտագործեց ընդլայնելու այն երկրների և միջազգային ատյանների շրջանակը, որոնք Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարը որակում են որպես ագրեսիա։ Աններելի է, որ նման պիտակի ենք արժանանում՝ արցախյան հաղթական պատերազմի ավարտից 23 տարի անց, երբ դեռ ճանաչված չէ Լեռնային Ղարաբաղը, և մինչ օրս չի գրանցվել բանակցային, դիվանագիտական լուրջ և արժանի որևէ հաղթանակ։


Առավել քան համոզված եմ՝ մեր իշխանությունները կարող էին բանակցություններում հանդես գալ անկաշկանդ, անհերքելի հակափաստարկներով, ընդդեմ մեզ ներկայացված անհիմն, կեղծ ու մտացածին պահանջների, օգտագործելով և հիմք ընդունելով 20-րդ դարում Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ծանրակշիռ, հույժ կարևոր նշանակության պատմագրական փաստերը։
Գուցե դիվանագիտական նման քայլերի բացթողումներն են պատճառը, որ այսօր կանգնած ենք շատ մեծ և լուրջ վտանգի առաջ։ Տագնապով պետք է նշել, որ համանախագահող երկրների ղեկավարները չգտնելով ¥նույնն է՝ չցանկանալով ի ցույց դնել) հարցի լուծման բանալին, իրենց շահերից ելնելով կարող են այն լուծել մեզ համար բացարձակ անընդունելի և բավականին վտանգավոր տարբերակով՝ ազատագրված տարածքների պարտադիր վերադարձման, և այն էլ՝ առանց Ղարաբաղի անկախության վերջնական ճանաչման (մեկ փաթեթով), ինչը մեր կողմից կընկալվի որպես մեծ երկրների բացահայտ սադրանք և հրահրում ղարաբաղյան պատերազմի վերսկսման։


Այդ նոր, սարսափելի և ողբերգական հակամարտությունից խուսափելու նպատակով մենք այսօր, թեկուզ և բավականին ուշացումով, ի լուր աշխարհի քաղաքակիրթ ազգերի և նրանց երկրների ղեկավարների, պարտավոր ենք համայն հայության անունից հանդես գալու դիմում-հայտարարությամբ՝ նրանց դատին ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման, 23 տարի շարունակվող, սակայն այդպես էլ ոչ մի լուրջ արդյունք չարձանագրած, հեռանկար չունեցող և հակամարտող կողմերի միջև ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակ ստեղծած բանակցությունների իրական պատկերը։
Նույն նամակով պետք է դիմենք հակամարտությունը կարգավորող երկրների համանախագահներին՝ պահանջելով, որ բանակցություններում անվերապահորեն հաշվի առնվեն ղարաբաղյան հակամարտությունը ծնած հիմնական և ծանրակշիռ պատմական գործոններն ու իրադարձությունները, նրանց բուն պատճառները, որոնց անմիջապես և սերտորեն կապված են Արևմտյան Հայաստանում (Թուրքիա) իրագործված hայերի ցեղասպանության, այնուհետև՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ շարունակված ոճրագործությունները, սպիտակ ջարդը և վերջապես ցեղասպանությունը՝ Սումգայիթում, Բաքվում, Ղարաբաղում և այլուր։


Այսպիսով, եթե եռանախագահները
ա) hաշվի չառնեն ղարաբաղյան հակամարտությունը ծնած բուն պատճառները, դրանց «ակունքները», և ըստ այդմ՝
բ) Մադրիդյան փաստաթղթում, «ազգերի ինքնորոշման» սկզբունքին (առանձին, հատուկ վերցրած՝ Ղարաբաղի համար), չտրվի ընդգծված գերակա և առաջնահերթ կարգավիճակ բանակցություններում, որպես խնդրի միակ ճիշտ և արդարացի լուծման բանալի, կնշանակի հանդուրժել հետագա ցեղասպանությունները և դրանք կանխելու փորձ չանել:
Անհրաժեշտ է նաև նույն նամակով դիմել Ռուսաստանին, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի, չեղյալ հայտարարելու 1921-ի Կովբյուրոյի որոշումը՝ Ղարաբաղի և Նախիջևանի «նվիրումը» Ադրբեջանին, որով ոտնահարվել են մարդու իրավունքների միջազգային բոլոր տարրական չափանիշները։ Այդ «նվիրած» տարածքների միայն մի մասն ազատագրելու արդյունքում, ցավոք, մենք կորցրինք տասնյակ հազարավոր հայորդիների։
Եվ այսօր շատ վրդովեցուցիչ է, որ դեռևս գերության մեջ գտնվող մեր տարածքները պահանջելու փոխարեն մեր որոշ չինովնիկներ ակնարկում են. «Պատրաստ ենք վերադարձնելու ազատագրված տարածքները, եթե...»։
Այսինքն, մենք պատրաստ ենք նորից նվիրելու՝ արյան գնով ազատագրած մեր տարածքները, որոնց համար վաղը նորից արյուն ենք թափելու։ Արդյո՞ք անհեթեթություն չէ այս ամենը։
Գրեթե չեմ կասկածում՝ հիշյալ տարածքների զավթման հանգամանքները, այսօր նրանց գերության մեջ գտնվելու փաստի արծարծումը բանակցություններում կարող են վճռորոշ գործոն (հաղթաթուղթ) լինել մեզ համար: Ընդհուպ` կարող են փոխել բանակցությունների ձևաչափը և ուղղվածությունը։


Իհարկե, այդքան միամիտ չեմ, որ հավատամ, թե վաղը կվերադարձնեն մեր տարածքները: Սակայն չի նշանակում, թե չպետք է փորձենք ստեղծել ցանկալի նախադրյալները։
Փորձեմ լինել շատ հակիրճ՝ «փոխզիջման» մասին բանակցություններն անիմաստ են։
Ժամանակն է, որ մեծ երկրներին այլևս թույլ չտանք հանուն իրենց սեփական շահերի (կասպյան նավթի մեծ պաշարների) ամեն անգամ մեր ժողովրդին` իր պատմական տարածքներով, դնեն մարդկության զոհասեղանին։
Եզրահանգումը մեկն է՝ մենք «փոխզիջման» տարածքներ չունենք։


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ. Գ. Եթե ՀՀ իշխանությունները փորձեն հանձնել ազատագրված տարածքները (թեկուզ նրանց մի մասը), քանի դեռ չի չեղարկվել Կովբյուրոյի՝ մեր ազգի նկատմամբ նենգ, խարդախ և սադրիչ որոշումը, ապա համայն հայությունն «արյան կանչով», ամենուրեք «ոտքի կկանգնի» և զորավիգ կլինի Ղարաբաղի ժողովրդին՝ պաշտպանելու սեփական անկախությունն ու պատմական տարածքների ամբողջականությունը։
Իսկ եթե գերտերությունները մերժեն մեր պահանջը և շարունակեն սպառազինել Ադրբեջանին, օգնեն նրան՝ հայերի դեմ նոր պատերազմ սանձազերծելու, ապա հնարավոր է, որ Հայաստանի հետ մեկտեղ կորցնեն նաև Ադրբեջանը և այն հզոր «սեպը» (Հայաստանը), որն ամուր «մխրճված» է «Մեծ Թուրանի» իրականացման ճանապարհին, մինչև Չինական պարիսպ։ Ի դեպ, այդ «սեպը» միշտ եղել է Ռուսաստանի միակ հուսալի հենարանը հարավում։

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ