Թովմաս Պողոսյանին հանդիպելս առիթ ծառայեց, որ ինձ աշուղ ՈՍԿԵՀՈՒՐԸ նվիրի երգերի իր «Վարդարան» ժողովածուն։ Թովմասի տեղի տվող հայացքն ասում էր` ցանկալի է քո խոսքը։ Ես էլ ուղղակի ասացի. «Աստված ժամանակ որ տա, ու գրքի մեջ ես էլ աստվածահաճ բանը գտնեմ, կգրեմ»։ Փառք Աստծո, ինձ օր տվեց, բացի, ծանոթացա ժողովածուին, աստվածահաճը գտա և գրիչ վերցրի։ Խոստովանեմ, ժողովածուի մեջ գտա ավելին, քան ակնկալում էի։ Աստծո տված կյանքով գիտեմ, երբ բանը Աստծուց չէ, չարից է։ Սնկի պես հայտնվող գրքերը, ցավոք, մեծ մասամբ չարից են։ Գրողներ կան, ավելի ճիշտ` գրիչ բռնողներ կան, այն էլ գրողների միության անդամ կոչվածներ, պարզապես սատանայի գործակալներ են։ Ի դեպ, աշխարհում այսօր դիվային ուժի ազդեցությունը նկատելի է կյանքի բոլոր բնագավառներում, սկսած վերև-բարձրից վերջացրած ներքև-փեշով։ Ոմանք թյուրիմացաբար խառնում են Աստծո և Սատանայի գործերը։ Տնից, դռնից հեռու, ասենք, մահացել է մի երիտասարդ կամ էլ երեխա, ամենայն համոզմունքով ասում են. «Աստված տվել էր, Աստված էլ առավ»։
Սա, այս մտածողությունը մեղք է, որ մարդը գործում է անգիտությամբ։ Իրականում մարմինների Ստեղծողը և հոգիների Աստվածը, տիեզերքի տերն ու Արարիչը միայն կյանք պարգևող է և ոչ բնավ մահ բերող։ Մահը մարդու գործած մեղքի վարձքն է, հիվանդությունը` մահվան նախանշանը։ Մարդու հիվանդությունը լինելու է ըստ տվյալ անձի բնավորության, ըստ նրա ապրած կյանքի։
Այս ու այսպես խոսեցի, որովհետև նպատակահարմար գտա, իսկ պահի ոգևորումը, անշուշտ, աշուղ Ոսկեհուրի «Վարդարանից» էր։ Ստեղծագործական առումով, «Վարդարանի» հեղինակը ճիշտ ճանապարհի վրա է, նրա միտքը կյանքի ու կենդանության հոգին ունի. «Արարիչը օրհնել է աշուղի գիր-գրիչը/ Երգ է տվել, որ ցավ բուժի»։ Խոսքը, անշուշտ, վերաբերելու է աղոթք հիշեցնող, Աստվածաշնչի հետ աղերս ունեցող երգին։
Երգաշխարհի մեծերը Ոսկեհուրին ուղեկից են. նա ոչ միայն հետևում է նրանց, ոչ միայն վերցնում է մարաթոնյան ջահը, այլև պատվով ու պատշաճությամբ կատարում իր բաժին վազքը։ Տեսանելի է նաև վերաբերմունքը. «Ափսոս, Շահեն, հազար ափսոս, ուխտդ մնաց անկատար»։ Այնուհետև. «Ոսկեհուրի սիրտն է քեզ պես վիրավոր, /Քանի դեռ կա մեր խնդիրը դարավոր»։
Գրեթե ամեն մարդ աղոթքի մի սուրբ անկյուն ունի իր սրտում։ Հայի աղոթքը, օրինակ, սերտորեն կապված է կարոտի հետ։ Հայի կարոտն էլ աղոթք է, աղոթքի կերպ։ Մենք` հայերս, քանի դեռ ճամփորդական ցուպ ունենք մեր ձեռքին, քանի դեռ թափառ կյանքով ապրում ենք, հայրենական տան կարոտը մեզ այրելու է։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր իրենց հասցեն չեն փոխում, իսկ նրանք, ովքեր մեկընդմիշտ լքում են իրենց ծննդավայրը, ողբալի են։
Ա՜խ, Ոսկեհո՛ւր, ունեմ խորունկ
արնոտ վերք,
Հոգիս ունի հի՜ն դարավոր թախծոտ երգ,
Ցորեն արտս մնաց անտեր, առանց հերկ,
Սիրտս` կարոտ հողին, ջրին իմ խորոտ։
Սրտի մեջ ու նաև մտքի կենտրոնում, աչքի առաջ, Հայաստանն է, նրանից սկսվում և դեպի նա գնում է. «Իմ մայր հոտն ես, Հայաստան, /Սրտիս դողն ես, Հայաստա՛ն, /Ոսկեհուրի երգի տողն ես, /Իմ աննման Հայաստա՛ն»։ «Իմ ալևոր, իմ վիրավոր, իմ փառավոր սուրբ տաճար»։
Ոսկեհուրի երգած ազգն առանց Աստծո չէ։ Մեծերին էլ նա Աստծո դաշտում տեսնելու էր։ Նրա գիրը թեև աշուղական արվեստին հատուկ կանոններով է, հատուկ ձևի մեջ, սակայն բովանդակության առումով անկաշկանդ է, առատաբուխ, սահմաններ չճանաչող։ Սայաթ-Նովայի անմահությունը, օրինակ, տեսնում է Աստծո շնորհը կրելու մեջ, աստվածճանաչության մեջ. «Շող մարգարիտ, Տիրոջ պարգև երգերդ, ծով շարան-շարան, /Սիրահար եմ փիր-աննման գիր-դավթարիդ, Սայաթ-Նովա»։ Աչք-ականջիս, սրտիս հաճո եղավ Ոսկեհուրի խոնարհ խոստովանությունը. «Երանի թե Ոսկեհուրը քո մեկ խազից խազ ունենար, /Հոգով, սրտով էն քո սիրած յարի նազից նազ ունենար»։
Հայոց մեծերին անդրադառնալիս, Աստծուն և Աստծո ստեղծագործություն բնությունը գովերգելիս, սիրուց խոսելիս, իր իսկ հոգին պեղելիս հայրենիքը ներկա է։ Ոսկեհուրի հայրենիքը միայն սեր չէ, այլև ցավ է, որ նույն սիրուց բխում է։ Ճշգրիտ է նրա դիտարկումը, այն է` Հայաստան-նավին սրտացավ, գիտակ ու գիտուն, խղճով ու հոգով շիտակ, հայոց հողում ի սկզբանե արմատներ գցած, ասել է` հայի գենը կրող նավավար հարկավոր է, ավելին` անհրաժեշտ է. «Երկար ուղուդ պետք է խղճով, հմուտ, արդար նավավար»։ Կյանքից եկող շոշափելի, իրականությանը համապատասխանող ճշմարիտ վկայություն է. «Հիվանդ մարմնիդ համար պետք չէ մեղադրել էլ այլոց»։ Հիրավի, հայի ազգանուն կրող, սակայն քրիստոնեից բնությունից հեռացած նյութապաշտը շատ ավելի ավերածություններ պատճառելու է համայն հայության հայրենիք Հայաստանին, քան, ասենք, ծագումով այլազգին, այլազգի ղեկավարը։
Ճշմարտությունը ճշմարտություն, Ոսկեհուրին, սակայն, իրեն ու մեզ անհուսության գիրկը գցելու չէ, բնականաբար, քաջալերելու է. «Փառք Աստծո, ունենք անկախ հայրենիք, /Որդիներս` նոր Դրո ու Անդրանիկ, /Մեկտեղ վանենք ամեն փորձանք ու չարիք, /Առյուծասիրտ քաջ-քաջերով բյուրավոր»։ Ահա և իր անելիքը. «Ոսկեհուրը ձեզ միանա գիր-գրչով»։
Աննման ձոներգեր ունի նվիրված աշուղներ Սայաթ-Նովային, Ջիվանուն, Սազայիին, Լեյլուն, Հեզիկին, Երազին, Աստղանույշին, գուսան Հավասուն, երգարվեստի ու երգի նվիրյալ գործիչ Թովմաս Պողոսյանին։ Ամեն մեկին տալիս է ճշգրիտ ու ճշմարտացի բնութագիր, երբեմն յուրովի ներկայացնում նրանց ծագումը, ծնունդն ու կենսագրական մանրամասները։ Նկատելի է Ոսկեհուրի խոնարհությունը, խոնարհության այն կերպը, որի հիմքում ընկած է բարձրանալու աստվածային շնորհը. «Օրհնիր սանիդ, օգնիր, վարպետ անվանի»,- այսպես նա դիմում է Ջիվանուն, որն այլևս մարմին չէ, նրա խոսքն է, որ մեր մեջ մարմին է առել և պտղաբերում է։ Ոսկեհուրը, ինչ ասել կուզե, խոսում է անմահ Ջիվանու անմահ հոգու հետ։ Արժե հիշատակել աշուղ Սազայիի առջև ունեցած խոնարհումը։ «Ես մի ճրագ, դու` արեգակ, Սազայի»։ Ի դեպ, Ոսկեհուրին հաջողվում է ծաղկաքաղ անել, ծաղկեփնջել աշուղների հարաշունչ արտահայտությունները, օդում շրջող թևավոր խոսքերը հողի վրա դնել` դարձնելով նոր երգ ու երաժշտություն։ Այս առումով նա հիշեցնում է ծաղկից ծաղիկ անցնող ժրաջան մեղվի, որը նեկտար հավաքելով պատրաստում է քաղցրահամ մեղր։
Ինքն իրեն և ամեն մարդու համարելով Աստծո կամքի ու հրամանի համաձայն ծնված, ահազանգում է` երկրային կյանքն անցնելու է աննկատ, ակնթարթորեն։ ՈՒրեմն, ժամանակը, որ Աստծունն է, հենց այնպես, պարապ տեղը չանցկացնել։
Զգացումներ կան, տիեզերքից եկող մտքեր կան, որ այցելում են թե՛ մեկին, թե՛ մյուսին, արձագանքը, անշուշտ, ըստ տվյալ անձի տաղանդի լինելու է։ Օրինակ, Պետրոս Դուրյանը, Վահան Տերյանը, Չարենցը, Համո Սահյանը... միևնույն զգացումներն ունեցել են։ Մարդը` որպես մարմին, անցողական է, զգացումը, միտքը տիեզերքինն են, հավիտենական։ Ոսկեհուրն էլ զարմանքով հարցնում է. «Ի՞նչ հրով է սիրտս վառվում»։ «Ինչպե՞ս ասեմ տանջանքներս... Ի՞նչ անեմ ես»։ Այնուհետև. «Շնո՞րհ է ինձ, թե պատիժ է, ես չգիտեմ, Տեր Աստված»։
ՈՒրախ եմ նշելու. աստվածաշնչյան հոգին ներկա է Հուրիի գրեթե բոլոր գործերում։ Հուրի եմ ասում, որովհետև նյութը հրի, հուր-կրակի շնորհիվ է զտվում, մաքուր ոսկու տեսք ընդունում։ Կրակն ու նյութը թեև միասնաբար գործում և ոսկի են ծնում, սակայն, այնուհետև, կրակը կրակ է մնում, ոսկին` ոսկի։
Հուրին, որպես անուն, իմ կարծիքով, առավել անհատական է և հնչեղ։ Սա հպանցիկորեն։ Կարևորը հոգուց ու ոգուց եկողն է, կարևորը հոգու և ոգու հաղթանակն է նաև եղած-անցածի հանդեպ։ Կարևորը հույսի, հավատի աչքով նայել, տեսնելն է։ Կարևորը չեղած, չկատարվածը եղած, կատարված տեսնելն է. «Օտարին չի մնա պապիս հողնուջուրը»։ Աստված ամենուր է, ամեն բան տեսնում է և ամենի հանդեպ արդար է. «Բարի մարդուն Տերը կտա խաղաղ կյանք, /Իր աղոթքով հոգուն կտա սփոփանք, /Չարի գործին, չար ուժերին` փակ-կապանք, /Վերից կգա ավետիս-լուր, իմացիր»։ Երկրային կյանքի արտահայտման ձևը նույնպես գտել է. «Քո վայրկյանը գանձ է, /Իզուր շաղ մի տուր... /Տուր քո հացից` չի անցնի զուր, իմացիր»։ Սրանք հավատի խոսքեր են, որ հնչելու են երգ-երաժշտությամբ։
Ոսկեհուրի բոլոր գործերը գրված են բարին տեսնելու մղումով, երբեմն էլ նա տեսնում է այն, ինչ տեսնել կուզե իրականում, իրականության մեջ։ Վահան Տերյանի մտքով ու բառերով ասած, երբեմն էլ իր սերն է սիրում Հուրին։ Բայց բոլոր պարագաներում, լինի այսպես, լինի այնպես, լինի այստեղ, լինի այնտեղ, նախընտրածը սերն է` առանց վերապահումների. «Որտեղ որ կա սիրո հուրը, /Էնտեղ ասենք մենք` երանի»։ Խորհում, երբեմն երկմտում է` ճշմարիտ սեր կա՞ այս աշխարհ-երկրայինում։ Հարցնում և պատասխանում էլ է. «Աշուղ Ոսկեհուր, դեռ սերդ չկա աշխարհ-երկրային, /Լույսի եթերում մշտավառ ջահ է, վեհ է, երկնային»։
Այսքանն էլ բավական է վկայելու, որ «Վարդարան» հուլունքաշարի հեղինակը հյուսել է աղոթք հիշեցնող, հավատը զորացնող երգաշար` երաժշտությամբ հանդերձ, երաժշտություն, որ գրել են գործին ունակ տասնյակ ու տասնյակ անձինք։ Ժողովածուն ինքնին հոգևոր դաշտ է, որի մշակը հոգևոր մայր է, հոգևոր քույր է, հոգևոր աղջիկ, հոգևոր կին-հայուհի։
Ոսկեհուրի թե՛ կրակ և թե՛ ոսկի լինելն առաջինը նկատել է Թովմաս Պողոսյանը` տաղանդավոր աղջկա առջև կանաչ ճանապարհ բացելով։ Ոսկեհուրի մեջ տեսել է նա Աստծո շնորհը կրողին, ժրաջան ստեղծագործողին, պատվական անձին։ Երգաշխարհի ու երգարվեստի երևելի Թովմասը, որը ոչ միայն կոլեկտիվ, այլև ազգ պահող է, նպաստել է նաև այս ժողովածուի լույս աշխարհ գալուն։ Գրքի առաջաբանում Թովմասը գրում է ազատ ու անկաշկանդ, գրում է վստահաբար, գրում է հարգանքով ու հավատով. «Աշուղ Ոսկեհուրը սիրել գիտի, նվիրվել գիտի, նվիրական արժեքները հոգու կնքված ծրարի մեջ պահել գիտի, ազգային արժեքների առջև ակնածանքով խոնարհվել գիտի։ ...Նա սիրասուն մայր է, հոգատար քույր ու հայրենիքի նվիրյալ զինվոր»։
Սիրով միանում եմ Թովմաս եղբոր տված գնահատանքին, միաժամանակ գրավոր ներկայացնելով իմ քաջալերանքն ու եղբայրական վերաբերմունքը Ոսկեհուրի անձի, գործի ու քաղաքացիական նկարագրի հանդեպ։
Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ