Երեկ Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ հերթական ահաբեկչական գործողությունը՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ տեղի ունեցածը յուրաքանչյուրի համար ընդունվում է որպես անձնական կորուստ։ Սակայն դա, ըստ Դ. Բաբայանի, որևէ ձևով չի փոխում ռազմաքաղաքական իրավիճակը և հավասարակշռվածությունը հայկական տարածաշրջանում։
«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կասեցնել ցանկացած փորձ. այդպես եղել է, կա և կլինի։ Բայց այս գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք գործ ունենք աննորմալ, ահաբեկչական պետության հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ արտաքին գործոններն ազդեցություն թողնում են Ադրբեջանի քաղաքականության վրա. «Առաջին հերթին Թուրքիայի հորդորն է։ Բացի այդ, այս պատկերը միշտ լինում է այն դեպքերում, երբ համանախագահները կամ նոր պետք է գան, կամ նրանց այցելությունից անմիջապես հետո։ Համանախագահներն իրենց այցն ավարտեցին Երևանում և Ստեփանակերտում, և եկող շաբաթ պետք է լինեն Բաքվում։ Բնական է, որ այս այցելությունը պետք է լինի յուրահատուկ, որովհետև առաջին անգամ հասցեական կոշտ հայտարարություն են հրապարակել եռանախագահները»։ Եվ հիմա, Դ. Բաբայանի խոսքով, այս ամենից հետո համանախագահները պետք է շարունակեն նույն ոճը, հակառակ դեպքում տարօրինակ բան է ստացվում. «Կամ հայտարարությունն է եղել տարօրինակ, ինչպես Ադրբեջանը դա ուզում է ցույց տալ, կամ եղել է պարզապես թյուրիմացություն։ Որպեսզի դա չդիտարկվի թյուրիմացություն, ինչպես այն փորձում են ներկայացնել Ադրբեջանը և Թուրքիան, ուրեմն նման հայտարարությունները պիտի կրեն պարբերական բնույթ։ Ով խախտում է իրականացնում, պետք է ստանա հասցեական քննադատություն և գնահատական»։
Ինչ վերաբերում է լուրերին, թե երեկվա կրակոցների հետևանքով 3 զոհից բացի նաև վիրավորներ կան, Դավիթ Բաբայանը հորդորեց հետևել բացառապես Պաշտպանության բանակի տարածած տեղեկություններին։ «Մենք երբևէ որևէ տեղեկատվություն չենք թաքցրել, և եթե վիրավորների մասին տեղեկատվություն չի տարածվում, ուրեմն որևէ այլ աղբյուր որպես հիմք մի վերցրեք»։