«Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, իրենց թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում:
«Ես՝ որպես ՀՀ նախագահ և ՀՀԿ-ի ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում և անգամ նշված կառույցներից դուրս: Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում: Հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ակնկալում են, որ Դուք պատվով կլուծեք մեր բոլորի առջև դրված բոլոր խնդիրները: Հավատում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կկարողանա ամբողջությամբ անել դա: Մեր ժողովուրդը Ձեզ վստահել է այդ առաքելությունը: Շարունակեք աշխատել էնտուզիազմով»: