ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Շավարշ Քոչարյան. Բաքուն է պատասխանատու բոլոր զոհերի համար՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից

Շավարշ Քոչարյան. Բաքուն է պատասխանատու բոլոր զոհերի համար՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից
06.07.2017 | 18:30

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը»,- հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ:


«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելությունից»,- շեշտել է փոխնախարարը:


Շփման գծում վերջին զարգացումներին Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին էլ Քոչարյանը հակադարձել է. «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԻՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները: Մյուս կողմից` Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բանկչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է: Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է»:

Դիտվել է՝ 4734

Մեկնաբանություններ