Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը՝ Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե եղել է քննարկում, թե ով պիտի լինի վարչապետ 2018-ին, Գալուստ Սահակյանը նշեց, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որ ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը:
«Հիմա այսօր հարցնում են, ով պիտի լինի, ես ասում եմ հետևյալը՝ այսօր քաղաքական դաշտում, որն ունի քաղաքան մեծ թիմ և որը մասնակցել է նոր անկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, մեկ անձ է մնացել՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ երկրի ղեկավարումը պիտի գնա Սերժ Սարգսյանին»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ուրիշ որևէ մեկն այդքան մեծ քաղաքական թիմ չունի:
«Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը»,- նշեց նա: Գալուստ Սահակյանը նաև նկատեց, որ պետք է հասկանալ երկրի տերը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, և ընդգծեց, որ ինքը երբևէ չի սխալվել իր եզրահանգումների մեջ: «Այն, ինչի մասին ես խոսում եմ, բացարձակ ճշմարտություն է: Դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ և դա այդպես չլինի: Դա բավականին լուրջ կշիռ ունի»,- ասաց նա: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ հասարակության շրջանում ունեցած վարկանիշին՝ Սահակյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը չի ցանկանալու, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությունն առաջ տանի: Մենք ամեն ինչ արեցինք, որ ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ընդունվի որպես նոր ոգու տեր վարչապետ ու կարողանա այդ գործերն առաջ տանի»: