Սիրիայի հարցով Աստանայի հանդիպմանը Թուրքիան ստացավ այն, ինչ ցանկանում էր. Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ահաբեկիչները խուճապի մեջ են։ Ռուսական ինքնաթիռները հարվածել են Դեր Զորում YPG-ի դիրքերին։ Ահաբեկչական կազմակերպությունը, վախենալով գործողությունների շարունակությունից, արձագանքել է Մոսկվայի գործողություններին` գրում է Güneş-ը։ Աստանայի հանդիպմանը, որի նպատակը Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումն է, ընդունվել են կենսական կարևոր որոշումներ։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են բազմաթիվ հարցերի շուրջ, և Անկարան սեղանից վեր է կացել՝ ցանկալին ստանալով։ Առաջին հերթին քննարկվել է Իդլիբի հարցը և տարածաշրջանում «Դեմոկրատական միություն» (PYD) / YPG ահաբեկչական կազմակերպության դրությունը։ Կողմերը պայմանավորվել են այդ քաղաքում երեք երկրների դիտորդների ներկայության մասին։
YPG ահաբեկչական կազմակերպության դեմ առաջին կոնկրետ քայլը եղել է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի ուժերը, որոնք ավելի վաղ հայտնվել էին ահաբեկիչների հետ մեկ կադրում, ըստ էության արել են ժեստ՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը Թուրքիայի համար։ Ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածել են YPG ահաբեկչական կազմակերպությանը սիրիական Դեր Զոր քաղաքում։ Ռուսաստանի ավիահարվածի հետևանքով առնվազն 45 ահաբեկիչներ են զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Ռուսաստանի ավիահարվածից անմիջապես հետո YPG-ը հայտարարություն է արել։ Հայտարարությունում կազմակերպության գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն, որպես պատրվակ ներկայացնելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, ռուսներից բացատրություն է պահանջել։
«Մենք կռվում ենք ԴԱԻՇ-ի դեմ»,-ասել է YPG-ի հրամանատարը։ «Ռուսաստանն ու սիրիական ռեժիմը ռմբակոծում են YPG-ի դիրքերը։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը պարզաբանի, թե ինչու է անում դա։ Ռուսաստանն ու սիրիական ռեժիմը միաժամանակ ԴԱԻՇ-ի հե՞տ են և օգնու՞մ են դաիշցիներին»,- հարցադրում է արել նա։
Ռուսաստանի միջամտությամբ YPG կազմակերպությունը, որին աջակցում է ԱՄՆ-ը, չի կարողացել հասնել իր նպատակին՝ շարժվել դեպի Սիրիայի հարավ։ Ռուսաստանը, որը տեղակայվել է Դեր Զոր քաղաքի կենտրոնում ահաբեկիչներից առաջ, ստիպել է YPG-ին հեռանալ հյուսիս՝ այսպես կոչված գավառական տարածքներ։