«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Վիգեն Սարգսյան. Զինծառայության մասին նոր օրենքի ընդունումը չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ

Վիգեն Սարգսյան. Զինծառայության մասին նոր օրենքի ընդունումը չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ
16.11.2017 | 14:32

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է խորհրդարանում ընդունված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին Facebook-ի իր էջում. «Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են` բոլորիս համար:
ՈՒրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար:


Ինչպես օրինագծերի մշակման փուլում, պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ:
Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների և հարյուրավոր անհատների սկզբունքային և հետևողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում և քաղաքացիական հասարակությունում: Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը:


ՈՒզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել: Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորելու իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը: Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման և իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում:


ՈՒսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՜ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՜ բանակ-հասարակություն կապը և թե՜, որն իմ և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»։

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ