Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռուսաստանի բլիթի ու մտրակի արանքում

Ռուսաստանի բլիթի ու մտրակի արանքում
08.12.2017 | 03:32

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ հայաստանյան քաղաքական և սոցցանցային տարածքում նկատվող էյֆորիան բավականին արագ բնականոն կերպով մարեց, և ամեն ինչ մտավ ավելի գործնական հուն։ Թեև պետք է նշել, որ դրան նպաստեցին նաև որոշակի զարգացումներ, որոնք բոլորին շատ արագ շեղեցին տոնական տրամադրություններից։ Նախ և առաջ, քաղաքական, փորձագիտական, լրատվական ամբողջ դաշտը և հատկապես սոցիալական ցանցը օրեր շարունակ զբաղված էին ռուսական դաշնային հեռուստաալիքներով հեռարձակված թոք շոուների քննարկումներով։ Գլխավոր հարցը, որ հնչում էր, այն էր, թե ի վերջո ո՞րն է այս համաձայնագրի շուրջ Ռուսաստանի իրական դիրքորոշումը։


Անդրադառնալով այս հարցին՝ հստակ կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը բաշխել էր առաջին հայացքից երկու տարբեր ու նույնիսկ իրարամերժ հարթակներում։ Առաջինը պաշտոնական հարթակն է։ Այն հայտնում էր, որ, ըստ էության, Ռուսաստանը Եվրամիության հետ համագործակցության տիրույթում որևէ խնդիր չի տեսնում։ Եվ դա նույնիսկ մեծ դժգոհությամբ շեշտվել է մի քանի, անգամ ոչ պաշտոնական հարթակներում, երբ հնչում էին շատ խիստ, երբեմն չափն անցնող ու վիրավորական տեսակետներ։ Դրական վերաբերմունքի մասին խոսում էին նաև պաշտոնական անձինք։ Հիշատակենք թեկուզ Հայաստան այցելած ՌԴ Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակի խոսքը, որ նշում էր, թե որևէ հակահայկական տրամադրություն ՌԴ-ում չկա ու չի կարող լինել, բացի այդ, իրենք շատ նորմալ են վերաբերվում ՀՀ-ԵՄ համաձայնագրին, քանի որ Եվրամիության հետ կապերի զարգացումը Հայաստանի իրավունքն է։ Դա բավականին լուրջ հայտարարություն էր, թեև հայ հասարակության մեջ Ռուսաստանի դեմ բացասական և բավականին զգացմունքային տրամադրությունների ֆոնին Ժելեզնյակի խոսքը մի տեսակ աննկատ մնաց։


Բայց, թերևս, ամենայուղոտ վերջաբանը փորձեց դնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը Բելառուսում հարցազրույց տալիս հատուկ անդրադարձավ Արևելյան գործընկերության հետ մի շարք երկրների՝ Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին՝ ընդգծելով, որ այդ պետությունների հետ Ռուսաստանը որևէ խնդիր չունի ու վտանգ չի տեսնում՝ ի տարբերություն հակառուսական դիրքերից հանդես եկող Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի։ Ավելին, ՌԴ արտգործնախարարը չթաքցրեց, որ Ռուսաստանը նույնպես դեմ չէր լինի ՌԴ-ի ու Եվրամիության հետ եղած, բայց այժմ սառեցված պայմանագրերը ապասառեցնելուն։
Այսպիսով, վերջնականապես հայտարարվեց Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որ եկավ վերահաստատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում փաստաթղթի ստորագրումից անմիջապես առաջ արած հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը նույնիսկ կես բառով չի ընդդիմացել Հայաստանի կողմից այդ փաստաթղթի ստորագրմանը։


Սակայն, պաշտոնականին զուգահեռ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման առնչությամբ, ինչպես հայտնի է, գործում էր նաև երկրորդ՝ ոչ պաշտոնական հարթակը՝ իր բավականին կոշտ քննադատություններով և Հայաստանի դեմ սարկազմի վերածվող արտահայտություններով։ Իհարկե, կարելի է ջայլամի քաղաքականություն վարել և չնկատելու տալ կամ ասել, թե դրանք ընդամենը մասնավոր կարծիքներ են (դա են պնդում, ի դեպ, ռուսաստանյան և որոշ հայաստանյան պաշտոնյաներ), սակայն իրականում ռուսական քաղաքական էլիտային և ռուսական քաղաքական կառուցվածքին, փոխհարաբերություններին, իշխանություն-լրատվական դաշտ կապերին ծանոթ մարդիկ շատ հստակ նշում էին, որ գրեթե անհնար է, որ հանրային և դաշնային հեռուստաընկերությունների քաղաքական-հասարակական քարոզչության հաղորդումներում արձանագրվեն կոշտ, երբեմն գռեհիկ բնույթի գնահատականներ ու համեմատություններ ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ՝ առանց Մոսկվայի հատուկ թույլտվության։ Պետք է արձանագրել, որ եթե նախկինում պաշտոնական Կրեմլն իր տեսակետներն անուղղակիորեն արտահայտելու համար ասպարեզ էր նետում այնպիսի գործիչների, ինչպիսին է, ասենք, Վլադիմիր Ժիրինովսկին, ում բոլորը ընկալում են որպես ՌԴ իշխանությունների ոչ պաշտոնական խոսնակի, ապա այժմ գործի դրվեց թոք-շոուի ձևաչափը, որտեղ, իբր, պատահական կամ ոչ պատահական հայտնված փորձագետները և այլ գործիչներ իրենց սեփական կարծիքն են հայտնում, բայց այդ կարծիքը հիմնականում համընկնում է Կրեմլի ոչ պաշտոնական ձայնի հետ։


Փաստորեն, պաշտոնապես աջակցելով Հայաստանին` ՌԴ-ն ոչ պաշտոնապես հասկացնում էր Հայաստանին, որ արտաքին քաղաքական շփումներում որոշակի ազատություն վերջինիս տրված է, քանի դեռ Ռուսաստանում վտանգ չեն տեսնում։ Բայց եթե Հայաստանը, ոգևորվելով դրանից, հանկարծ համարձակվի ավելի լայն քայլեր անել և խորացնել Եվրամիության հետ ինտեգրումն ու համապարփակ համաձայնագրից անցնել, օրինակ, 2013 թվականին այդպես էլ չստորագրված ասոցացման պայմանագրին, ապա ՀՀ-ի նկատմամբ հարձակումները դառնալու են սովորական երևույթ, նույնիսկ ավելի են թեժանալու և ոչ միայն քարոզչական դաշտում, այլև շատ ավելի լուրջ ու գործնական առումով։ Սա յուրահատուկ մեկանգամյա ցուցադրական ակցիա էր և սառը ցնցուղ։
Նախազգուշական պրոֆիլակտիկ այս միջոցառումները, հավանաբար, հատուկ էին հեռարձակվում՝ տեղեկացնելու համար, որ Ռուսաստանը բացարձակապես մտադրություն չունի հրաժարվելու Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ ունեցած հեգեմոնիայից ու նկրտումներից։


Այս սկանդալային աղմուկի ֆոնին դրան հակառակ ու զուգահեռ պաշտոնական Ռուսաստանն է՛լ ավելի հեռուն գնաց իր ռազմավարական դաշնակցին աջակցելու գործում. ՀԱՊԿ-ը հանդես եկավ Արցախի շուրջ հայանպաստ հայտարարությամբ, որն առաջարկվել էր Հայաստանի կողմից և քաղաքական տեսակետից լուրջ դիվիդենդներ է բերում մեր երկրին։ Այստեղ կարելի է նաև նկատել, որ ՌԴ արտգործնախարարությունը բավականին օպերատիվ և կոշտ արձագանքեց Կիևում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական հայտարարությանը։
Փաստորեն, Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո պաշտոնական Մոսկվան երկու կարևոր արձագանք տվեց՝ նախ՝ ՀԱՊԿ-ի հայտարարությունը, ապա նաև Կիևում ընդունված փաստաթղթի կոշտ քննադատությունը։
Ակնհայտ է, որ պաշտոնական Ռուսաստանը երկակի խաղ է խաղում՝ և՛ սիրաշահելով, և՛ մտրակը ձեռքից բաց չթողնելով։


Հատկանշական է, որ այս առիթով նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը կոչ արեց «չդեմոնացնել Պուտինին», քանի որ դեռ ոչ ոք չգիտի՝ արդյոք նրա փոխարեն չե՞ն գա ավելի անհանդուրժողականորեն տրամադրվածները, այնպիսիք, ինչպիսիք, օրինակ, վերոհիշյալ թոք-շոուներում էին։
ՈՒշագրավ է, որ աշխարհաքաղաքական այս զարգացումները Հայաստանում որոշ շրջանակներ փորձում էին օգտագործել 2018 թ. գարնանը ամենակարևոր հարցի՝ վարչապետի թեկնածուի շուրջ քաղաքական գործընթացների վրա ներազդելու տեսանկյունից։ Այս առումով Ռուսաստանի էլիտայում նկատվող փոխհարաբերությունները, կարծես, պրոյեկտվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Մասնավորապես, այնպիսի տպավորություն էր, թե Ռուսաստանում իրար հետ բավականին կոշտ մրցակցության մեջ գտնվող, մի կողմից, տնտեսական հսկաների` «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի», մյուս կողմից, որոշ ուժային կառույցների պայքարն իր արտացոլումն էր ստանում նաև հայաստանյան դաշտում։ Հայաստանում այդ կազմակերպությունների լոբբիստները, կարծես, մտել էին առաջին հայացքից չերևացող, քողարկված պայքարի մեջ, որտեղ յուրաքանչյուրը պաշտպանում էր իր ռուսաստանյան գործընկերոջ շահերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ գործը հասավ նրան, որ որոշակի ուղղվածությամբ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե իբր ռուսական HTB-ի հակահայկական հաղորդումը պատվիրված էր հենց հայաստանյան շահագրգիռ իշխանական թևից։ Տրամաբանությունն այն էր, որ եթե HTB-ն պատկանում է «Գազպրոմ» մեդիային, ապա պետք է որ այդ ամենի թիկունքում լիներ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հասկանալի է, որ սա հիմնականում լյումպենի մակարդակի վրա հաշվարկված խայծ է, բայց, այնուամենայնիվ, դա էլ գործի դրվեց։ Ամեն դեպքում, գործընթացները գնալով ավելի սուր բնույթ են կրում, և գործի դրվող միջոցներում առանձնապես սահմանափակումներ չեն լինելու։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ