«Ելքի» պահվածքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ հերթական կլոունադա` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Իհարկե, յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի այս կամ այն օրենքի նախագծի քվեարկությունից առաջ վերցնել ընդմիջում, բայց առնվազն տարօրինակ ու զավեշտալի է, երբ 10 անգամ վերցնում են ընդմիջում ու 200 րոպե ընդմիջման ընթացքում որևէ քաղաքական հայտարարություն չի արվում՝ կողմ ես, դեմ ես, կամ ինչու ես կողմ կամ դեմ։ Իրենք ոչ մի բանի չքվեարկեցին ու սա ընդամենը «Ելքիի կապրիզն էր՝ ինադու քաղաքական կոալիցիայի, իսկ մենք տեսանք՝ ինչն ինադու է, այն ձախողվում է»։ Նա ցավում է, որ ընդդիմության մի հատվածը Ազգային ժողովի լուրջ, կառուցողական քննարկումը վերածել է իր քաղաքական կապրիզների։
«Սա ընդունելի չէ, իրենք իրենց իրավունքից են օգտվում, մենք էլ, ըստ երևույթին, կօգտվենք մեր իրավունքից, ընդմիջումները նրա համար չեն նախատեսված, որ աննպատակ, ինչ-որ մեկի ինադու ընդմիջում անել ու սպասել, թե քաղաքական մեծամասնությունից կարող է մեկ-երկու հոգի չկա, որ օրենքը չանցնի, դա պրիմիտիվ քաղաքական մտածելակերպ է, դա իրենց խնդիրն է, իրենք իրավունք ունեին վերցնել,մենք էլ իրավունք ունենք ԱԺ կանոնակարգ-օրենքը փոփոխության ենթարկել»,- ընդգծեց նա։